HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանն ու օտարերկրյա բժիշկները դատարանում չէին. նիստը հետաձգվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր նորից դատարան չէին բերել: «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է Գրիգորյանը, դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ Գրիգորյանին չեն ներկայացնում՝ առողջական վիճակից ելնելով:

Նշենք, որ Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական գործի քննությունը մեկնարկել է մայիսին, սակայն առ այսօր նշանակված նիստերից միայն երեքին է Գրիգորյանը ներկայացվել: Առաջին դատական նիստին Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, հետագայում նշանակված մի քանի նիստերի նա չներկայացավ, որից հետո դատախազ Վահե Դոլմազյանը նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրեց՝ առողջական վիճակը պարզելու համար: Դրան հաջորդած երկու դատական նիստի  Գրիգորյանը բերվեց դատարան: Վերջին նիստին, երբ քննարկվում էր նրա առողջական վիճակի հարցը, դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր խոսքում եզրակացրեց, որ եթե Գրիգորյանը ներկայացվել է, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ ի վիճակի է բերվելու դատարան: Դրանից հետո նշանակված նիստերին այլևս Գրիգորյանը չի բերվել:

Նշենք, որ դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել, որին պետք է ներգրավվեն նաև օտարերկրյա մասնագետներ: Նախորդ դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը պահանջել էր այսօր ապահովել վերջիններիս մասնակցությունը, որպեսզի նրանց նախազգուշացվի կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին: Օտարերկրյա փորձագետները, սակայն, դատարան չէին եկել: Դատախազ Վահե Դոլմազյանն այսօր դատարանին միջնորդեց ապահովել նաև փորձաքննության մասնակցող Հայաստանի փորձագետներին՝ նրանց ևս պատասխանատվության մասին զգուշացնելու համար:

Այսօր դատարանը գրություն էր ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետից, որում նշված էր, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է, որ Հրանտ Կարապետյանն իր անունից Վարչական, Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարաններում հանդես գա:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից: Նրան տեսակցել կարող է անձն, ով համարվում է նրա օրինական ներկայացուցիչը:

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ ինչու է Գրիգորյանը ցանկանում դիմել դատարան:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ դրամ վատնելու, շորթման, 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter