HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական սահմանին գտնվող եզդիաբնակ գյուղը 26 տարի անց հնարավոր է ջուր ունենա

Եթե ամռան այս շոգ օրերին այցելեք Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղ, սեփական փորձով կտեսնեք, որ ջուրը ոսկուց թանկ է:

Հայ-թուրքական սահմանին գտնվող Թլիկը 1993 թվականից խմելու ջուր չունի, այն գնում են Թալինից գյուղ եկող ջրատար մեքենայից՝ 40 լիտրն արժե 350 դրամ, իսկ կենցաղի եւ անասունների համար թլիկցիները ջուրը վերցնում են Ախուրյան գետից պոմպի միջոցով, բայց դրա համար էլ վճարում են: Գինը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով եւ անասունների գլխաքանակով:

Գյուղապետ Սլավիկ Սալոյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Թլիկը խմելու ջուր կունենա: Նրա տեղեկացմամբ՝ գյուղում արդեն ուսումնասիրվել է փորվելիք հորի տեղանքը, համայնքապետարանն էլ իրենից կախված բոլոր քայլերն արել է, հիմա հերթը հորատման աշխատանքներ կատարող կազմակերպությանն է: Խորքային հորից դուրս եկող ջուրը, ըստ Սալոյանի, գյուղացիները խողովակներով կհասցնեն իրենց տները: Թլիկում ներկայում 18 տուն կա, բնակչության թիվը 100-ի էլ չի հասնում:

Հիշեցնենք, որ նախկինում ծրագիր կար վերաբացել դեռ 1980-ականներին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում փորված խորքային հորը, որը տեղացիներին անհայտ պատճառներով չի գործել, սակայն հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այն գործարկել հնարավոր չէ:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ասում է, որ իր օրակարգի թիվ մեկ հարցը Թլիկի ջուրն է՝ թե՛ խմելու, թե՛ ոռոգման:

«Թլիկի ջրի հարցն ինձ հուզող ամենացավոտ խնդիրներից մեկն է: Տարիներ շարունակ տարբեր միջոցներով, ձեւաչափերով փորձում եմ հնարավորություններն օգտագործել ու այդ հարցը բարձրացնել, հիմա ինձ ավելի լայն հնարավորություններ են ընձեռված, իմ օրակարգի թիվ մեկ խնդիրն է, որ պետք է լուծում ստանա»,- ասում է Բաքոյանն ու ավելացնում, որ որպես պատգամավոր առաջինը հենց Թլիկ էր այցելել, որտեղ հանգամանալից ծանոթացել էր խնդրին ու դրա լուծման հնարավոր տարբերակներին:

Պատգամավորի փոխանցմամբ՝ Թլիկի ջրի հարցով դիմել է իրավասու բոլոր մարմիններին՝ շրջակա միջավայրի նախարարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, Արագածոտնի մարզպետարանին, Ազգային ժողովում է բարձրացրել հարցը, ու ասում է՝ իշխանությունները պատրաստակամ են կարճ ժամանակում լուծել հարցը:

Ռ. Բաքոյանի տեղեկացմամբ՝ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Թլիկի ընդերքում ջուր կա, ու մոտ ապագայում նախատեսված է իրականացնել հորատման աշխատանքներ, կատարողը «Բեկոր» ՍՊԸ-ն է: «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ եզդիաբնակ գյուղում հրատապ լուծում պահանջող երկրորդ հարցը ոռոգման ջուրն է, որը եւս լուծման ճանապարհին է:

Այս տարվա փետրվարին Բաքոյանը, անդրադառնալով Թլիկի ջրի թեմային, նշել էր, թե ռազմավարական մեծ նշանակություն ունեցող սահամամերձ գյուղի խմելու, ոռոգման եւ կենցաղային ջրի հարցը լուծելը շատ կարեւոր է: Ըստ պատգամավորի՝ ջրի հարցը կարգավորելու դեպքում ոչ միայն անասնապահությունը կզարգանա Թլիկում, այլեւ մարդկանց ներգաղթ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter