HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջին անգամ է, որ հետընտրական շրջանում պատգամավոր է գյուղ եկել». Թլիկում քննարկվել է ջրի հարցը

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչ, գյուղի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանն ասում է, որ առաջին անգամ ընտրություններից հետո պատգամավոր է գնացել գյուղ: Մինչ այդ կա՛մ չեն եկել, կա՛մ էլ եկել են նախընտրական փուլում՝ խոստումներ են տվել և այլևս չեն հայտնվել այդ կողմերում:

Երեկ Թլիկի գյուղապետարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հանդիպել է բնակիչներին: Հիմնական հարցը, ըստ Ալիկ Մստոյանի, խմելու ջուրն էր: Ասում է, որ գյուղն ուրիշ խնդիր չունի՝ բացի ջրից: Բաքոյանը խոստացել է հարցը բարձրացնել կառավարության առաջ: Թլիկի բնակիչներն էլ ակնկալում են, որ հարցը լուծում է ստանալու:

Թլիկը եզդիաբնակ գյուղ է, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին: Այստեղ բնակեցված 18 տուն կա: 1993-ից մինչ օրս գյուղում խմելու ջուր չկա, խանութ չկա: Ջուրը գնում են Թալինից եկող ջրատար մեքենայից. 40 լիտրն արժե 350 դրամով: Մթերք գնելու համար էլ հասնում են 12 կմ հեռու գտնվող Արագածավան:

Նախորդ տարի գրել էինք, որ 25 տարի անց Թլիկը հնարավոր է խմելու ջուր ունենա: Գյուղապետ Սլավիկ Սալոյանը մեզ հետ զրույցում այն ժամանակ ասել էր,  որ 1980-ականներին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում խորքային հոր կար, որը հետագայում իրենց անհայտ պատճառներով չի գործել: Նախնական հաշվարկներով հորի վերականգնման ծրագիրը գնահատվել էր մոտ 6 միլիոն դրամ, ինչի մի մասը պիտի հատկացներ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, մյուս մասը՝ Արագածոտնի մարզպետարանը, իսկ ավելացող ծախսերը գյուղացիներն էին վճարելու: Նախորդ տարի գյուղապետը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ կառավարությունից ստացել են 7 միլիոն դրամ: Դրանից հետո խորքային հորի գործարկման ուսումնասիրություններ էին սկսվել:  

Սակայն պարզվել է, որ այդ հորի վերականգնումն անհնար է: Այսօր մեզ հետ զրույցում գյուղապետ Սալոյանը հայտնեց, թե հետազոտության արդյունքում պարզվել է, որ հորը փակ է, ու դրանից անհնար է ջուր ստանալ: Միակ տարբերակը 3-4 կմ հեռավորության վրա գտնվող հարևան Գետափ գյուղից ջուր անցկացնելն է: Այս ծրագիրը նախնական նախագծային հաշվարկով կարժենա մոտ 30 միլիոն դրամ: Սալոյանի խոսքով՝ 7 միլիոնն ունեն, մնում է գտնել 23 միլիոնը:

Այսօր պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Թլիկի բնակիչների հետ հանդիպմանը: Նա թվարկել է գյուղի խնդիրները՝ ջուր, ոչ լավ ճանապարհներ, կրթություն (գյուղի դպրոցը հիմնական է, այսինքն՝ 9-ամյա):

Բաքոյանը նշել է, որ մինչև պատգամավոր դառնալը Թլիկի ջրի հարցը եղել է իր ուշադրության կենտրոնում, սակայն այն ժամանակ իշխանությունները չեն փորձել խնդրին լուծում տալ:

Պատգամավորի խոսքով՝ գյուղացիների հետ հանդիպմանը քննարկել են ջրի լուծման մի քանի տարբերակներ: Դրանցից առաջինը Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում հորի բացումն է, որի համար, ըստ նրա, 25-30 միլիոն դրամ է անհրաժեշտ: Երկրորդը հարևան գյուղի հորատանցքից մինչև Թլիկ ջուր հասցնելն է: Այս տարբերակը, պատգամավորի կարծիքով, այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ ծախսվելու է նույնքան գումար, ինչքան առաջին տարբերակի դեպքում: Երրորդ տարբերակն էլ այն է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչու Անիպեմզայից ջուրը չի հասնում Թլիկ: Ըստ Բաքոյանի՝ Շիրակի մարզի Անիավան գյուղից ջուրը հասնում է Անիպեմզա, որտեղից ջրագիծը հասնում է Թլիկ: Ու չնայած ջրագիծը բավականին լավ վիճակում է, ջուրը չի հասցնում Թլիկ: Պատգամավորի խոսքով՝ եթե պարզվի, որ անհնար է շահագործել այս ջրագիծը, ապա պետք է առաջարկել գլխավոր լուծումը՝ Թլիկում հորատանցք բացել:

Դեռ 2017-ի ամռանը Թլիկի հարևան Գետափի գյուղապետ Մուրադ Մանուկյանը մեզ հայտնել էր, որ երբ Շիրակի մարզի Կրասարի աղբյուրներից դեպի Անիպեմզա խմելու ջրագիծ է կառուցվել, 2000 թ. Թլիկն ու Գետափը դիմել են կառավարությանը՝ խնդրելով իրենց էլ ներգրավել ծրագրում: 2001-ին, ըստ Մանուկյանի, Անիպեմզայից մինչև Գետափ 8 կմ-ոց նոր ջրագիծ է անցկացվել, Անիպեմզայում էլ 500 խմ-ոց օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվել: Բայց Մուրադ Մանուկյանի տեղեկացմամբ՝ ո՛չ Անիպեմզան, ո՛չ Գետափը, ո՛չ էլ Թլիկը ջրագծից երբևէ չեն օգտվել: 

Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանն, այս փաստը մեկնաբանելով, «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ չնայած իրենք հարցը պարբերաբար բարձրացրել են ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջ, վերջինս հրաժարվել է այն շահագործել ծախսատար լինելու պատճառաբանությամբ:

Պատգամավոր Կարեն Բաքոյանն ասել է նաև, որ արդեն դիմում են գրել վարչապետին՝ խնդրին լուծում տալու համար, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել լուծման ուղիները քննարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ ինչ ժամկետներում ինչ հնարավորություններ կան ջրի հարցը լուծելու համար:

«Շատ կարևոր է այս համայնքում խմելու և ոռոգման, կենցաղային ջուրը, որովհետև մարզի միակ սահմանամերձ գյուղն է, որն ունի նաև ռազմավարական մեծ նշանակություն»,- ասել է Բաքոյանը: Նա նաև անդրադարձել է գյուղից արտագաղթին, որը մեծ ծավալների էր հասել 1991-ից: Ժամանակին, ըստ պատգամավորի, 116 ընտանիքից 18-ն են մնացել գյուղում (այս մասին «Հետքը» նույնպես գրել է): Եվ անգամ չլուծված ջրի պայմաններում այդ 18 ընտանիքը պահում է շուրջ 2600 մանր եղջերավոր և 350-400 խոշոր եղջերավոր անասուն: Եթե ջրի հարցը լուծվի, ապա անասնապահությունը կզարգանա այս գյուղում: Եթե ջուր լինի, ներգաղթ էլ կլինի գյուղում:

Պատգամավորի խոսքով՝ ջրի հարցն իրենց օրակարգում է, հետևողական աշխատանք են տանելու, հնարավոր ամեն ինչ անելու են, որ Թլիկի ջրի հարցը կարգավորեն:

Լուսանկարում՝ Թլիկում տեղադրված ցիստեռնը, որում գյուղացիները պոմպի միջոցով ջուր են հավաքում Ախուրյան գետից՝ կենցաղի ու անասունների համար, 2016 թ. դեկտեմբեր (հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter