HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԳԱԱ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահը պնդում է՝ «Սևան ազգային պարկը» անգործության էր մատնված

Խորհրդարանում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկումը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Սևանա լճից հանվելու 700 հեկտար կտրված ծառերի կոճղերը։

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն արձագանքեց, որ հատուկ պլատֆորմների միջոցով է դա իրականացվելու։

Մադաթյանն արձագանքեց՝ այդ պլատֆորմները չեն աշխատում, ժամանակին էլ հսկայական գումարներ են «անիմաստ ծախսել դրա վրա»։

«Միշտ էլ էդ գետերի ջրերը լցվել են Սևան, մինչև ջուրը բարձրացնելը պետք է ջուրը մաքրել։ Ես Երևանի ասֆալտի վրայից չեմ Սևանը տեսնում, էդ պլատֆորմները նման խորության վրա մաքրման աշխատանքներ չեն կարող անել»,- ասաց Մադաթյանը։

Պատգամավորի խոսքով՝ կոյուղաջրերը միշտ էլ լցվել են լիճ, «Սևանն այսօր հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում»։

«Ես երեկ երկու-երեք ժամ լողացել եմ ու ջրից խմել եմ, մենք միշտ էլ խմել ենք, սովոր ենք, ձուկ ենք եփել էդ ջրով։ Արարատյան դաշտավայրն այդ ջրով են ջրում, ոչ մեկ չի հիվանդացել»,- ասաց Մադաթյանը։

Յուրի Ջավադյանը պատասխանեց՝ չի ուզում հավատալ, որ լճից կոճղերը հանելու հնարավորություն չկա։

«Կան այդ հնարավորությունները, պարտավոր են և կհանեն, մենք վերահսկելու ենք»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հետաքրրքվեց, թե Ջավադյանը՝ որպես գիտնական և ոլորտի մասնագետ, խնդրի լուծման համար ինչ առաջարկներ ունի։

«Համաժողովրդական պայքար պետք է գնա և՛ մաքրման համար, և՛ այսուհետև չկեղտոտելու համար։ Ավելի լավ է կեղտոտումը կանխել և զուգահեռ մաքրումը կազմակերպել, սա է ճիշտը։ Կառավարությունը և նախարարությունն արդեն, կարծում եմ, լուրջ միջոցներ են ձեռնարկում, կարևորն այն է, որ գումարները կան, ճիշտ ծրագիր պետք է ներկայացվի»,- ասաց նա։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե պետական համակարգում ով ինչ պետք է աներ վերջին տարիներին, որ չի արել, ինչի հետևանքով էլ Սևանում նման խնդիրներ են առաջացել։

««Սևան» ազգային պարկը» անգործության էր մատնված, եթե պարկը մեզ հետ աշխատեր, մենք տասը ռեստորանի փոխարեն կունենայինք հարյուր ռեստորան, որտեղ կայաններ լինեին տեղադրված»,- ասաց Յուրի Ջավադյանը։

Մելքումյանն արձագանքեց, որ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ «Սևան ազգային պարկի» աշխատանքի հետ կապված հարց կուղղեն Կառավարությանը։

«Պատասխանատվության չափը պետք է ճշտենք և գնահատական տանք, թե ինչ անել ազգային պարկի հետ»,- ասաց Մելքումյանը։

«S.O.S- Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը հակադարձեց՝ տարիներ շարունակ իրենք Սևանա լճի խնդիրները բարձրաձայնել են, սակայն դա անարդյունք է եղել։

«Հիմա եկել էստեղ ասում եք ազգային պարկն է մեղավոր, էդպես չի, ամենամեծ մեղավորությունը ձերն է, ձեր հանձնաժողովը ոչինչ չի արել»,- ասաց Ադամյանը։

«Մեր հանձնաժողովի անդամները ակադեմիայի ինստիտուտի տնօրեններն են հիմնականում, որոնք գիտակ են, և մենք մեծ աշխատանք ենք տանում։ Հանձնաժողովի ամեն արձանագրությունը երեք օրվա ընթացքում ուղարկում ենք Կառավարություն»,- պատասխանեց Յուրի Ջավադյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter