HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը կկառուցի «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրենի ընկերությունը

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից մինչ Բաղանիս գյուղ տանող նոր շրջանցիկ ճանապարհ կկառուցվի։

Ճանապարհի կառուցումը կիրականացնի «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի ընկերությունը։ Ճանապարհի կառուցման պայմանագիրն արդեն հրապարակված է գնումների հաշվետողվականության Armeps համակարգում։

Ոսկեպարից Բաղանիս տանող նոր շրջանցիկ ճանապարհի կառուցման համար Էդվարդ Բեզոյանին պատկանող «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիր է կնքել հուլիսի 8-ին։ Պայմանագրի արժեքը 248 միլիոն դրամ է։

«Ճանապարհ»-ը ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող խոշոր ընկերություններից է

«Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի «Ճանապարհ» ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար Կառավարության հետ տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր է կնքել։

Միայն գնումների հաշվետվողականության Armeps համակարգում տեղադրված պայմանագրերի ընդհանուր հանրագումարով «Ճանապարհ» ընկերությունը 2016 թվականից մինչ օրս Կառավարությունից ստացել է 1 միլիարդ 571 միլիոն դրամ։

Դեռ նախորդ տարի անդրադարձել էինք այս ընկերության և Կառավարության 2016-2018 թվականի գործարքներին։ Գնումների պայմանագրերի ուսումնասիրությունից պարզել ենք, որ ընկերությունը միայն 2018 թվականին երեք ճանապարհ նորոգելու համար Կառավարությունից ստացել է 425 միլիոն դրամ։

Իսկ 2017 թվականին ընկերությունը նախարարությունից ստացել էր 777 միլիոն դրամ, որպեսզի հիմնանորոգեր Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, 2016 թվականին՝ 22,5 միլիոն դրամ ՝ Տաշիր քաղաքի Կրուպսկայայի անվան փողոցի 4 կամուրջների նորոգման համար, 99 միլիոն դրամ էլ՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Դիլիջանի թունելը պահպանելու համար։

Հիշեցնենք, որ Կառավարությունը մի քանի որոշումներով խոշոր գումարներ է հատկացրել միջպետական, հանրապետական ճանապարհների նորոգման համար։ Խոշոր հատկացումը եղել է մայիսի 30-ին։ Գործադիրն այդ որոշմամբ ճանապարհների հիմնանորոգման համար Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացրեց 3 միլիարդ 95 միլիոն դրամ։ Սակայն ճանապարհաշինության համար հատկացված գումարները փոխանցվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, քանի որ Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ոլորտը փոխանցվել է այդ նախարարությանը։

Լուսանկարները՝ ընկերության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter