HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ամերիկայից՝ Հայաստան, Հայաստանից՝ Մալթա. 2 մլրդ դրամ՝ մշակութային միջոցառումների համար

«Մշակույթի և արվեստի հիմնադրամ» կազմակերպությունն ամփոփել է 2018թ. գործունեությունը: Մի քանի ամսվա պատմություն եւ մեկ աշխատակից ունեցող այս հիմնադրամը 1 տարում ծախսել է մոտ 2 մլրդ դրամ (մոտավորապես 4 մլն դոլար)՝ ֆինանսավորելով մշակութային միջոցառումներ, որոնցից շատերը կապվում են Մալթայում գործող մեկ այլ հիմնադրամի: 

2018թ-ի սեպտեմբերի 10-ին Ռուսաստանում՝ Կրեմլի պալատում ցուցադրվել է «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը: Այն հիմնված է 18-րդ դարի ռուսական կայսրության մի պատմության վրա, երաժշտության հեղինակը մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն է, որի անունը հանդիպում է հիմնադրամի ֆինանսավորած շատ այլ միջոցառումներում ևս: Գլխավոր դերերից մեկը կատարել է հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին: Մոսկվայում այս միջոցառման կազմակերպման համար «Մշակույթի և արվեստի հիմնադրամը» տրամադրել է մոտ 654 մլն դրամ (1.35 մլն դոլար՝ 2018թ-ի միջին փոխարժեքով): Սա ամենամեծ միջոցառումն է, որ այդ տարվա ընթացքում ֆինանսավորել է հիմնադրամը:

«Բյուրեղապակյա դղյակ»-ն առաջին անգամ ցուցադրվել է Մալթայում 2017թ-ին՝ Ռուսաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի առիթով: Մոսկովյան պրեմիերայից 3 ամիս առաջ այն ցուցադրվել է նաև Երևանում՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օռնելա Մուտին այս ներկայացմանը հանդես չի եկել, փոխարենը Երևան են ժամանել Ռուսաստանի Մեծ թատրոնի մենակատարները: Երևանյան միջոցառման համար «Մշակույթի և արվեստի հիմնադրամը» ծախսել է ընդամենը 35 մլն դրամ: 

Նույն ներկայացման երևանյան և մոսկովյան պրեմիերաների կազմակերպման ծախսի մոտ 20-ապատիկ տարբերության պատճառները հիմնադրամի տնօրեն Յանինա Շախգալդյանն ակնհայտ է համարում: Նա «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է, որ տարբերության պատճառը Երևանի և Մոսկվայի ծախսերն են, օրինակ՝ երևանյան և կրեմլյան համերգասրահների վարձակալության գները, դեկորացիաները, հյուրանոցների արժեքը և այլն:

«Մշակույթի և արվեստի հիմնադրամի» կանոնադրության մեջ գրված է, որ «հիմնադրամն անձամբ չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն»: Այն ֆինանսավորել է բալետային ներկայացումը, բայց դրա հիմնական կազմակերպիչը Մալթայում գործող «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն» է (EUFSC): 

Մալթայական հիմնադրամի նախագահն է Կոնստանտին Իշխանովը: Նա սովորել է Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային պետական համալսարանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և ВНИИнефть նավթագազային գիտահետազոտական ինստիտուտում: Ղեկավարում է ռուսաստանյան մի քանի ձեռնարկություններ, տնօրինում է նաև Գերմանիայում գրանցված «Մշակույթի և արվեստի եվրոպական կենտրոն» կազմակերպությունը, որը նույնպես ծրագրեր է իրականացնում հայաստանյան և մալթայական հիմնադրամների հետ: 

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» կայքի համաձայն՝ դրա նպատակն է «նախաձեռնել և առաջխաղացնել մշակութային և կրթական նախագծեր Եվրոպայում»: Այն Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հովանավորն է և նրա 2018թ. շրջագայության կազմակերպիչը:

Հայաստանյան «Մշակույթի և արվեստի հիմնադրամը» ֆինանսավորել է Մալթայի ֆիլհարմոնիկի ամերիկյան շրջագայությունը՝ դրա համար տրամադրելով 325.3 մլն դրամ գումար (մոտ 672 հազար դոլար): Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը նվագախումբը հանդես է եկել Ֆիլադելֆիայի, Մերիլենդի և Նյու Յորքի համերգասրահներում: Հիմնադրամը ֆինանսավորել է նաև Մալթայի նվագախմբի եվրոպական շրջագայության լուսաբանումը՝ այդ նպատակով ծախսելով 171 մլն դրամ (353 հազար դոլար):

Սա Մալթայում գործող կազմակերպության միակ նախաձեռնությունը չէ, որի ֆինանսավորողը հայաստանյան «Մշակույթի և արվեստի հիմնադրամն» է: Ապրիլի 18-30-ը Մալթայում առաջին անգամ անցկացվել են Հայաստանի օրերը, որոնց համար հայաստանյան հիմնադրամը տրամադրել է 149 մլն դրամ (մոտ 308 հազար դոլար): Իսկ հուլիսին Երևանում անցկացվել է «Արմենիա» միջազգային փառատոնը, որի կազմակերպման համար հիմնադրամը տրամադրել է 10,2 մլն դրամ (21 հազար դոլար): Երկու միջոցառումների կազմակերպիչն էլ «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն» է:

Այս երկու հիմնադրամների կազմակերպած բազմաթիվ միջոցառումների դիրիժորը Հայաստանի պետական սիմֆոնիկ (նախկինում՝ երիտասարդական) նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն է: Նա ղեկավարել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամերիկյան շրջագայության ժամանակ, Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի և Մալթայում Հայաստանի օրերին: Նրա ղեկավարած պետական սիմֆոնիկ նվագախումբը եղել է «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպիչներից մեկը:

2018թ-ին «Մշակույթի և արվեստի հիմնադրամը» կազմակերպել է միջոցառումներ նաև Վիեննայում, Հոլանդիայում, Չինաստանում, Ճապոնիայում (վերջինը՝ 239.2 մլն դրամ): 

Հիմնադրամը գրանցվել է 2017թ-ի նոյեմբերի վերջին: «Հիմնադրամը ստեղծվել է առաջին հերթին հայ երաժիշտներին, ուսանողներին ու աշակերտներին աջակցելու համար, ինչը և արել ենք»,- «Հետք»-ին պատասխանել է տնօրենը՝ հավելելով, որ գործընկեր և համակազմակերպիչ են եղել միջազգային միջոցառումներում, որոնք հետաքրքրել են իրենց ստեղծագործական տեսանկյունից:

Անդրադառնալով մալթայական հիմնադրամի հետ կապին՝ Յանինա Շախգալդյանն ասում է, որ կապը գործընկերային է. «Ինչպես կարելի է նկատել, նախագծերը, որոնց մենք մասնակցել ենք, կապված են հայկական մշակույթի և հայ արտիստների հետ»: Տնօրենը խորհուրդ է տալիս մալթայական հիմնադրամից ճշտել, թե ինչու սեփական նախաձեռնությամբ չի դիմել դրամաշնորհների:

Հաշվետվության համաձայն՝ «Մշակույթի և արվեստի հիմնադրամը» 2 մլրդ դրամ է ստացել National Philanthropic Trust կազմակերպությունից: Ծրագիրը ձևակերպված է որպես «աջակցություն երիտասարդ գործիչներին կայանալու և համաշխարհային ճանաչում ձեռք բերելու գործում»:

National Philanthropic Trust-ը ամերիկյան բարեգործական հիմնադրամ է, կայքի հրապարակման համաձայն՝ դրամաշնորհներ տվող ամերիկյան խոշորագույն 25 հաստատություններից մեկը: Այն նաև խորհրդատվություն է տրամադրում այլ բարեգործական հիմնադրամների: Լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Ռիչարդ Վիրգիլիոն (Richard Virgilio) մեր գրավոր հարցման պատասխանում հաստատել է, որ «Մշակույթի և արվեստի հիմնադրամին» 2018թ-ին հատկացրել են 4.33 մլն դոլար: Այլ մանրամասներ հրաժարվել է հայտնել՝ հղում անելով հիմնադրամի գաղտնիության քաղաքականությանը: Նրան ուղղված մեր հաջորդ նամակը մնաց անպատասխան:

«Մշակույթի և արվեստի հիմնադրամի» գործունեությունը հարցեր է առաջացրել նաև տարեկան հաշվետվությունն աուդիտի ենթարկած «Թրասթ աուդիտ» ՓԲԸ-ի համար, որը վերապահումով կարծիք է ներկայացրել հաշվետվությանը կից: «Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհների շրջանակներում կատարված ծախսերը, մեր կարծիքով, հիմնավորված չեն բավարար և համապատասխան փաստաթղթերով»,- գրված է անկախ աուդիտորի եզրակացության մեջ:

Նման կարծիքը հիմնադրամի տնօրենը բացատրում է այն հանգամանքով, որ երկու միջոցառումների համար նրանք գումար են տրամադրել 2018թ-ի վերջին, բայց պլանավորել են անցկացնել 2019թ-ին, հետևաբար՝ չէին կարող աուդիտորին ներկայացնել կատարողական փաստաթղթերը:

Հայաստանի մշակույթի նախարարությունը, տարբեր հաղորդագրությունների համաձայն, մասնակցել է «Արմենիա» միջազգային փառատոնի և Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանը, մինչդեռ մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ «Մշակույթի և արվեստի հիմնադրամի» հետ չի համագործակցել: Նման պատասխան է տվել նաև արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի դեսպանություններն այս հիմնադրամի հետ «որևէ ծրագրի շրջանակներում չեն համագործակցել», միայն հրավիրյալի կարգավիճակով ներկա են եղել Ավստրիայում կազմակերպված մեկ միջոցառման ժամանակ:

Հայաստանում այս հիմնադրամն ունի գրանցված մեկ աշխատող: Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվել է հայտնել, թե որքան հարկ է վճարել հիմնադրամը 2018թ-ի ընթացքում՝ համարելով դա հարկային գաղտնիք: Հիմնադրամի տնօրենը վստահեցնում է, որ բոլոր հարկերը վճարվել են: Հիմնադրամի միակ աշխատողը, նրա խոսքով, հենց տնօրենն է, իսկ մյուսներն աշխատել են պայմանագրով՝ միջոցառումների անցկացման ընթացքում: Նկատենք, սակայն, որ պայմանագրով աշխատելը չէր կարող հիմք հանդիսանալ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պարտադիր վճարներ չկատարելու համար:

Գլխավոր լուսանկարում՝ տեսարան «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումից, Մոսկվա / Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter