HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տրանսֆերտներ դեպի Հայաստան. փողի ներհոսքն ու արտահոսքը երկնիշ տեմպերով աճում են

Այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են ուղարկել մոտ 705 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի նույն ամիսների համեմատ այդ գումարը՝ տրանսֆերտները, աճել են 81 մլն դոլարով կամ 13%-ով։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տրամադրած տվյալները։

Ինչպես միշտ, Հայաստան ամենաշատը գումար են ուղարկում Ռուսաստանից։ Հունվար-մայիսին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 352 մլն դոլարին համարժեք գումար։ Դա մոտ 4 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից։ Դրամական փոխանցումների վրա մեծ է ռուսական ռուբլու տատանումների ազդեցությունը: 2017 թվականին դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժևորումը դրական ազդեցություն է ունեցել դոլարային արտահայտությամբ դրամական փոխանցումների վրա՝ հանգեցնելով դրամական փոխանցումների աճի։ Իսկ նախորդ տարվանից Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված է  ռուբլու արժեզրկմամբ։

Այս տարի նկատելի ավելացել է ԱՄՆ-ից եկող գումարների ծավալը։ Հունվար-մայիսին ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 105.3 մլն դոլար՝ 28 մլն դոլարով ավել, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Շեշտենք, որ հոդվածում տեղ գտած բոլոր ցուցանիշները ցույց տալիս այն գումարները, որոնք ֆիզիկական անձինք փոխանցել են բանկային համակարգի միջոցով։ Այսինքն՝ եթե, օրինակ, որևէ ամերիկահայ Հայաստանում գտնվող իր հարազատին գումար է փոխանցում առձեռն՝ անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով, այդ գումարները մեր նշած ցուցանիշներում արտահայտված չեն։

Այս տարի զգալի նվազել են Ֆրանսիայից Հայաստան փոխանցումները։ Հինգ ամիսներին նշված երկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 13.3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների 28 մլն դոլարի փոխարեն։

Կենտրոնական բանկի վիճակագրության մեջ նաև առանձնացվում է «այլ երկրներ» տողը, որով չի մանրամասնվում, թե որ երկրների մասին է խոսքը։ Այլ երկրներից (նկատի ունեն բացի այն երկրները, որոնց մասով առանձին ցուցանիշները հրապարակվում են, տե՛ս ինֆոգրաֆիկան) այս տարվա հունվար-մայիսին Հայաստան են փոխանցել 187.2 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ 74 մլն դոլարով։

Ներկայացված ինֆոգրաֆիկայում ոչ միայն արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ցուցանիշներն են, այլև՝ Հայաստանից արտերկիր։ Դեպի Հայաստան փոխանցումները առանձնացված են «Ներհոսք» տողով, իսկ Հայաստանից արտերկիր՝ «Արտահոսքով»։ Կա նաև «Զուտ ներհոսքը», որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, այսինքն՝ թե որքան գումար է մնացել երկրում։

Ինչպես կարելի տեսնել, այս տարվա առաջին հինգ ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել մոտ 510 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է   մոտ 50 մլն դոլարով կամ 11%-ով։

Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է մոտ 195 մլն դոլար՝ մոտ 31 մլն դոլարով կամ 18.7%-ով ավել, քան նախորդ տարվա հունվար-մայիսին։

Հայկական լրատվամիջոցներում հաճախ է որպես փողի արտահոսք ներկայացվում Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալը և նույնքան հաճախ չի պարզաբանվում, որ խոսքը միայն ֆիզիկական անձանց փոխանցումների մասին է։ Սա, իսկապես, համարվում է փողի արտահոսք, սակայն միայն այս տրանսֆերտները չէ, որ փողի արտահոսք կարելի է կոչել. ներմուծման պարագայում ևս գումարները դուրս են գալիս երկրից, օտարերկրյա ներդրումների գծով մարումների ժամանակ ևս փողի արտահոսք է տեղի ունենում և այլն։

Ըստ Կենտրոնական բանկի՝ բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալում ևս Ռուսաստանի կշիռն ամենամեծն է։ Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 176.3 մլն դոլար՝ մոտ 11 մլն դոլարով ավել, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Այսինքն՝ շարունակվում է նախորդ տարվանից սկսված միտումը՝ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կրճատվում են, Հայաստանից Ռուսաստան՝ աճում։

Հայաստանից ԱՄՆ փոխանցումները ևս աճել են՝ նախորդ տարվա հունվար-մայիսի մոտ 82 մլն դոլարի դիմաց այս տարվա հունվար-մայիսին կազմելով մոտ 102 մլն դոլար։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված «այլ երկրներ» տողով արտահոսքի դիմաց կարող ենք տեսնել, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանից փոխանվել է 166 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է մոտ 36 մլն դոլարով։

Կան մի քանի երկրներ, որոնց հետ Հայաստանի դրամական փոխանցումների հաշվեկշիռը բացասական է։ Այսինքն՝ Հայաստանից դեպի այդ երկիր ավելի շատ գումար է փոխանցվում, քան այդ երկրից` Հայաստան։ Նշված շարքում են Ուկրաինան, Իսպանիան, Չինաստանը, Թուրքիան։

2018 թվականին Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումները 20%-ով աճել են

2018 թվականին արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալը (տրանսֆերտները) փոքր աճ է գրանցել։ Փոխարենն էական տեմպերով աճել է փողի արտահոսքը՝ Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների ծավալը։  Այսպիսով, այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներից կարելի է եզրակացնել, որ վիճակը որոշակիորեն բարելավվել է. ներհոսքն ավելի մեծ տեմպերով է աճում, քան արտահոսքը։

Մեկնաբանություններ (1)

Արթուր Գրիգորյան
Խնդրում եմ ԿԲ տվյալների հղումը տալ: Ես հիմա իրենց կայքն եմ նայում, այնտեղից արտահանել եմ արտաքին հատվածի վիճակագրությունը՝ «ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումներ», որտեղ միայն ՌԴ և ԱՄՆ տվյալներն են: Չկան ո՛չ «Այլ երկրները», ո՛չ էլ Ֆրանսիան: Այդ տվյալներն ինձ հարկավոր են իմ ուսումնասիրությունների համար: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter