
Նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել նախկին պատգամավորի եղբորորդու ընկերության հետ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն «Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսին ճանապարհաշինարարական երկու պայմանագիր է կնքել։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 171 մլն դրամ։ Այդ պայմանագրերն այս տարվա ընթացքում կնքված ճանապարհաշինարարական ծառայությունների մատուցման ամենախոշոր պայմանագրերն են։
Հուլիսի 12-ին կնքված 601 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հիմնանորոգել Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը, ոչ ուշ քան մինչեւ դեկտեմբերի 10-ը։
Հուլիսի 17-ին ընկերության հետ ևս մեկ՝ 570 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։ Այդ պայմանագրով «Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ»-ը պետք է նորոգի Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ առավելագույնը 4-ամսյա ժամկետում։
«Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ»-ը հիմնադրվել է 2006 թվականին, դրա միակ սեփականատերը Արմեն Բադալյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին։
«Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ընկերության ճանապարհաշինական գործունեության և Կառավարության հետ կնքված պայմանագրերին անդրադարձել էինք նաև նախկինում։
Մասնավորապես՝ հայտնել էինք, որ այս տարի ընկերությունը նորոգում էր նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, իսկ 2018 թվականին ընկերությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգում էր Մ-1-Կարմրաշեն-Զովասար մարզային նշանակության ավտոճանապարհը։
Մեկնաբանել