HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ֆիրդուս․ տեղի հիշողությունը»․ պատում, որ «տեսանելի» է

Երեւանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասի՝ Ֆիրդուսի մասին ստեղծվել է «Ֆիրդուստեղի հիշողությունը» յուրօրինակ գիրքը, որի բովանդակությունը պայմանավորված է բնակիչների հիշողության եւ մասնագիտակաան  տարբեր տեքստերի միասնական ներկայացմամբ։ 

Գլխավոր լուսանկարում ֆիրդուսցիներ են, կանայք, ովքեր պատմել են իրենց պատմությունները, ում արխիվային լուսանկարները տեղ են գտել գրքում՝ իրենց իսկ առերեսելով մանկության, երիտասարդության մի դրվագի, ապրումի մի շերտի, ընտանեկան ավանդույթի, որը մինչ այս գուցեեւ ամրագրված չէր ամբողջական մի ձեւի մեջ։ 

Իրականացրած հետազոտությունը բազմաշերտ է, պատկերային հատվածները՝ տպավորիչ, պատմությունները՝ փողոց-թաղամասի պես բազմատարր։ Գրքի ստեղծմանը մասնակցել են ոչ միայն հեղինակները, այլ հենց իրենք՝ ֆիրդուսցիները, ովքեր  փորձել են արխիվում պահպանված, անձնական, բայցեւ տարածքը բնութագրող կրիչները դուրս բերել եւ նպաստել գիրք-հիշողության ստեղծմանը։ 

Ընդհանուր առմամբ գիրքը տեսողական-տեքստային իր բովանդակությամբ փորձ է կատարում ամբողջացնել տասնամյակներ շարունակ անուշադրության մատնված (հանրային գերակա շահ սահմանված) կենտրոնական մի հատված, որն իր տեսակի մեջ, որպես այդպիսին, վերջինն է։ 

Հուլիսի 22-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին նաեւ ֆիրդուսցիները, ովքեր ոգեւորված էին եւ հույս էին հայտնում՝ թերեւս քանդման վտանգի տակ գտնվող թաղամասին այս գիրքն ինչ-որ կերպ օգնելու է «պահպանվել»։ 

Նախաբանի իր տեքստում գրքի գլխավոր խմբագիր (նաեւ հեղինակ) Տիգրան Ամիրյանը գրում է, որ գաղափարը ծագել է դեռ մի քանի տարի առաջ, երբ Երեւանի սրտում՝ Ֆիրդուսի փողոցի երկայնքով, դեռեւս ակտիվ առեւտուր էր ծավալվում 

«Ի տարբերություն քաղաքի կենտրոնական այլ մասերի՝ այս թաղամասն ու շուկան, որ տեղացիներն անվանում են Ֆիրդուս, տարբերվում էր նրանով, որ այստեղ պահպանվել են ինչպես ճարտարապետության, այնպես էլ կյանքի այն ձեւերը, որոնք բնավ հատուկ չեն ո՛չ խորհրդային խստությանը՝ դրոշմված կենտրոնական մայրուղիների ուղղաձիգ գծերի մեջ, ո՛չ հետխորհրդային հավակնություններին, որոնք աճում էին քաղաքի կենտրոնից մինչեւ ծայրամաս ձգվող հսկա բարձրահարկերի տեսքով։ Ֆիրդուսը եղել է եւ այժմ էլ մի վայր է, որտեղ խտացված են ժողովրդական ճարտարապետության վերաբերյալ պատկերացումներն ու երեւանցիների առօրյան։ Այս տեղի հիշողությունը հուշում է, որ Երեւանում բնակվել են տարբեր մարդիկ, տարբեր՝ իրենց մասնագիտական, կրոնական եւ էթնիկ պատկանելությամբ։ Այս տարբեր մարդկանց մշտապես միավորում էր մի բան՝ նրանց տունը, որ շատ մոտ կամ պատկից էր համանման այլ տների» գրում է Ամիրյանը։

Գրքում զետեղված հետազոտական հոդվածները հետաքրքիր փաստական տվյալներով եւ բազմաշերտ բովանդակությամբ  «բացում» են կենտրոնի «հետնախորշ» համարվող Ֆիրդուսը։ Այս հոդվածների միջանկյալ մասում գիրքը ներկայացնում է տուն առ տուն հուշապատումը (մի քանի հատված կներկայացնենք ստորեւ), որն իր հերթին բացահայտում է Ֆիրդուսը՝ որպես բազմամշակույթ, բազմաէթնիկ, տարաբնույթ պատմությունների մի ամբողջ խառնարան, որի ապրումն ու կենցաղը պայմանավորված է եղել այլազգիներին ընդունելով եւ «ճանապարհելով», միմյանց շատ լավ իմանալու եւ տարածքը որպես ինքնության ձեւ սահմանելու փորձերով։ 

Առանձնահատուկ ուշադրություն է գրավում մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի պատումը, ում մանկության վաղ շրջանն անցել է հենց այստեղ

«Մանկությունս անցել է Ֆիրդուսումայնտեղ ապրել ենք մինչեւ 1966 թվականը, բայց ամեն ինչ շատ պարզ հիշում եմ։ Ապրում էինք փողոցի վերջում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։ Հարեւաններին լավ եմ հիշում։ Մի անգամ կատվի քայլվածքով գաղտագողի անցա հարեւանի բակը։ Ջոջ աղայի տունն էր։ Նրանից բոլոր երեխաները վախենում էին, բայց ես խախտեցի արգելքը, որովհետեւ շատ էի ուզում տեսնել ճագարներին, որ նրանք պահում էին իրենց այգում» գրում է մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը՝ «Ֆիրդուսի մարդիկ» վերնագրի ներքո։ Տեքստին հաջորդում են ուրվագիծ էսքիզները եւ Նաիրայի՝ մանկության վաղ շրջանի լուսանկարները, որտեղ նրան տեսնում ենք եղբոր սարքած հագուստով՝ Չինգաչուկ-Գոյկո Միտիչի կերպարում։

Տուն N50

Անահիտ Փխրիկյան

(հատված)

Անահիտ Փխրիկյանի նախնիները Երեւան են տեղափոխվել Վանից եւ 1915 թվականին բնակություն հաստատել Ֆիրդուսում։ Անահիտի հետ խոսելիս հաճախ լսում ես «ուսանողներս», «հորս ուսանողները», «պապիս ուսանողները» արտահայտությունները։ Վերջիններս տարիներ շարունակ կացարաններ են վարձակալել Փխրիկյաններից, որոնց տան ամեն սենյակն ու բակի կցակառույցները վարձով են տրվում դեռ 20-րդ դար կեսերից, իսկ ավելի ուշ շրջանի մասին Անահիտի պատմություններում հանդիպում ես «մեր պարսիկները», «մեր հնդիկները» բառերըմինչեւ հիմա էլ Անահիտի տունը յուրօրինակ հյուրատուն է բազմաթիվ այլազգիների եւ մարզերից եկածների համար, ովքեր փնտրում են վարձակալության հնարավորինս մատչելի տարբերակները։ 

Այստեղ ապրում են նաեւ շուկայի որոշ աշխատողներ, որոնք տարիների ընթացքում դարձել են Փխրիկյանների ընտանիքի անդամ։ Նախնիները տունը գնել են ադրբեջանցիներից եւ շարունակել են ընդլայնել այն դեպի Խանջյան փողոցն ընկած հատվածը։ Մինչեւ հիմա կացարաններում պահպանվում են իսլամական ճարտարապետության հետքեր։ Անահիտի պապը, որ հայտնի է ամբողջ Ֆիրդուսում որպես Ջոջ Աղա, առաջինն է մասնակցել փողոցի մյուս շենքերի կառուցման աշխատանքներին։ 

(«Ֆիրդուստեղի հիշողությունը», էջ 158)

Տուն N13

Էմիլյա Սաֆարյան

(հատված)

«Մեր նախնիները Թավրիզից են: Երբ սաղ ցեղով տեղափոխվել են Նախիջեւան, մեր կողմը հետո էկել ա Արմավիր, հայրս հետո էնդեղից գնացել ա Վորոնեժ՝ սովորելու։ Իսկ պատերազմից հետո արդեն Ֆիրդուսի տունն ա առել։ Իմ հայրը հայտնի ատամնաբույժ էր, փողոցում բոլորին ինքն էր բուժում, դրա համար էլ դեռ էն տարիներից սաղին ճանաչում էինք։

Փողոցում Թավրիզից էլի կային մարդիկ, «թուրքեր» էին, 80-ականներին, որ ստիպված պետք ա գնային Բաքու, չէին ուզում։ Օրինակ՝ տիկին Սոֆյան, բուժքույր էր, ասում էր ինձ «Էմո ջան, գնանք Բաքու, ի՞նչ անենք ոչ մի ծանոթ չունենք, չենք ապրել ադրբեջանցիների հետ, մերոնք Թավրիզից են, իսկ մենք ստեղ ենք մեծացել»։ 

Սոֆյայի եղբայրները Բաքվում էին սովորում, իսկ հայրը էս մեր մանկավարժականում էր դասախոսում։ Հենց բնիկ թուրքեր չէին ապրում ստեղ, Սալմաստից եկածներ էին։ Մայրս լավ գիտեր թուրքերեն, հարցնում էր՝ բաջի ջան, որտեղի՞ց եք, ասում էին՝ Սալմաստից, Թավրիզից։ Սաղ լաց էին լինում, չէին ուզում գնային: Դե իրանք միշտ ռուսական դպրոց էն գնացել, լեզուն չգիտեին: Հետո նոր մանկավարժականի ադրբեջաներենի բաժինը բացվեց:

(«Ֆիրդուստեղի հիշողությունը», էջ 138)

Տուն N26

Վարդուհի (Սեդա) Գրիգորյան

(հատված)

Ֆիրդուսի մի նեղլիկ անցումում, որտեղ իրար կպած կիսաշեն կացարաններ են, Վարդուհին է ապրում։ Տեղացիները նրան Սեդա են ասում։ Նա ծնված օրվանից ապրում է Ֆիրդուսում։ Հոր ընտանիքը այստեղ բնակություն է հաստատել՝ գաղթելով Մուշից։ 26 տարեկանում հայրը սպանվել է, ու մոր ու հորաքույրների հետ շարունակել են ապրել Ֆիրդուսի կացարանում։ Վարդուհին խոհարար է, աշխատում է Երեւանի հյուրանոցներից մեկումխոհարարության հանդեպ հետաքրքրությունն ու սերը ձեռք է բերել մորից, որը խորհրդային տարիներին աշխատել է նախկին կարամելի գործարանում։ Մինչ օրս էլ Ֆիրդուսում սովորություն ունեն բակերում խնջույքներ կազմակերպելու, որոնց ժամանակ խոհարար դերը միշտ Սեդայինն է։ 

Այժմ Վարդուհին Ֆիրդուսում ապրում է իր երկու տղաների հետ։ 

(«Ֆիրդուստեղի հիշողությունը», էջ 147)

Հետգրություն

Գրքի հեղինակներ՝ Տիգրան Ամիրյան (գլխավոր խմբագիր), Սոնա Քալանթարյան (խմբագրի օգնական), Համլետ Մելքումյան, Նաիրա Մուրադյան, Արսեն Կարապետյան (Շուր), Անդրեյ Իվանով։ 

Թարգմանիչ՝ Կարին Գրիգորյան (ռուսերենից հայերեն և անգլերեն), գրքի շապիկը՝ Հարություն Թումաղյանի, էջադրումը եւ ձեւավորումը՝ Կլիմ Գրեչկայի։ Պատկերազարդողներ՝ Հարություն Թումաղյան, Արմինե Շահբազյան։ Սրբագրիչներ՝ Ազնիվ Նասլյան, Մարինե Մուրադյան։ Լուսանկարների եւ նկարազարդումների հեղինակներ՝ Տիգրան Ամիրյան, Կլիմ Գրեչկա, Նազիկ Արմենակյան, Անդրեյ Իվանով, Հարություն Թումաղյան, Արմինե Շահբազյան։ 

Արխիվային նյութերը՝ ՀՀ Ազգային արխիվ, ընտանեկան արխիվներ։ 

Գիրքը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ`  «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման եւ հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում: Գրքի բովանդակության համար պատասխանատու է «CSN lab» հասարակական կազմակերպությունը։ 

«Ֆիրդուստեղի հիշողությունը» գիրքը կարելի է ձեռք բերել հանրապետության անկախ գրադարանների ցանցերից՝ անվճար։ 

Ծանոթություն*

Ճարտարապետական տեքստերում «վերնակուլյար» եզրույթը կիրառվում է սովորական, շարքային շինությունների վերաբերյալ, որոնք կառուցված են առանց արհեստավարժ ճարտարապետների մասնակցության, ունեն որոշակի միջավայրային եւ գեղարվեստական արժեք)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter