HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ հոգեւորական, կազմակերպիչ ու քաղաքական գործիչ. ինչպիսի՞ն պետք է լինի Պոլսո Հայոց պատրիարքը

Այս տարվա հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական համագումարում 2 ձայնի առավելությամբ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրա օգտին քվեարկել էր 13, իսկ մյուս թեկնածուի՝ 2010-ից մինչ այս ընտրությունը պատրիարքական փոխանորդի աթոռը զբաղեցրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին՝ 11 հոգեւորական: Սա նշանակում է, որ 9 տարի անց ի վերջո կայանելու է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը:

Առայժմ շրջանառվում է երեք թեկնածուի անուն՝ Սահակ եպս. Մաշալյանի, Արամ արք. Աթեշյանի եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի: Պատրիարքի ընտրությունը պետք է անցկացվի տեղապահի ընտրությունից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Եթե Թուրքիայում ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա, հավանաբար, ընտրությունը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ինչո՞ւ 9 տարի պատրիարքի ընտրություն չանցկացվեց

Նախկինում Ստամբուլի հայ համայնքը բազմիցս հանդես է եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին ընտրության անցկացումը՝ դա հիմնավորելով 1863 թ. Ազգային սահմանադրության դրույթով, ըստ որի՝ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո: 85-րդ պատրիարքի ընտրությունը գործնական փուլ մտավ միայն այն բանից հետո, երբ այս տարվա մարտի 8-ին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Վերջինս պատրիարքական աթոռն զբաղեցնում էր 1998-ից, սակայն 2008-ից հիվանդության պատճառով գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

2010 թ. նախատեսվում էր անցկացվել աթոռակից պատրիարքի ընտրություն, սակայն թուրքական կառավարությունն արգելեց դրա անցկացումը, փոխարենը Պոլսո աթոռի ամենատարեց հոգեւորական, պատրիարքական փոխանորդ Շահան արք. Սվաճյանը հրաժարական տվեց, եւ շատ արագ կրոնական ժողովը փոխանորդ ընտրեց Արամ արք. Աթեշյանին: Անկախ շրջանակներն այս ամենը բացատրեցին թուրքական կառավարության միջամտությամբ: Երկարատեւ հիվանդությունից հետո 2016-ի հոկտեմբերին Մեսրոպ պատրիարքը եկեղեցական ժողովի կողմից հանգստյան կոչվեց, սակայն նոր պատրիարք ընտրելու հնարավորություն հայ համայնքը դարձյալ չունեցավ: Փոխարենը 2017-ի մարտի 15-ին կայացած ժողովում պատրիարքի տեղապահ ընտրվեց Գարեգին արք. Բեքչյանը, որի գլխավորությամբ պետք է կազմակերպվեր պատրիարքի նոր ընտրությունը: Բայց այս անգամ էլ թուրքական կառավարությունը կանգնեց Աթեշյանի թիկունքին, որը պարտվել էր Բեքչյանին: Կառավարությունը շեշտեց, թե ճանաչում է Աթեշյանին որպես փոխանորդ, փոխարենը չի ընդունում կայացած ընտրության արդյունքը: Մի քանի ամիս տեւած առճակատումից հետո Գարեգին սրբազանը հեռացավ Ստամբուլից, իսկ Աթեշյանը շարունակեց պաշտոնավարել որպես փոխանորդ:

Հայոց պատրիարքարանի կարեւորությունը

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասում է, որ Պոլսո Հայոց պատրիարքությունն առաջին հերթին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկն է, որը խորհրդանշական եւ հոգեւոր առումով խիստ կարեւոր նշանակություն ունի, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ, ըստ էության, Պոլսո Հայոց պատրիարքությունը Թուրքիայում եւ առաջին հերթին Ստամբուլում հայության գլխավոր ներկայացուցիչն է: Հաշվի առնելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը՝ հենց պատրիարքությունն է ներկայացնում Թուրքիայի քաղաքացի հայերին ու այնտեղ գտնվող հայ աշխատանքային միգրանտներին: Եվ վերջապես, հենց Պոլսո Հայոց պատրիարքությունն է այն կառույցը, որը լիազորված է կամ հավակնություններ ունի լինել ներկայիս Թուրքիայում, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանում, պահպանված հայկական ժառանգության միակ ներկայացուցիչն ու համահայկական մեծ շահերի սպասավորը:

Պատրիարքարանի ներքին լարվածության մասին

Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վերջին 10 տարիներին պատրիարքարանին արդյոք հաջողվել է լիարժեք կատարել ստանձնած գործառույթները՝ հաշվի առնելով բազմաթիվ կարծիքները, որ այնտեղ քաոս է տիրում, ու ներքին լարվածություն կա հոգեւորականների միջեւ, պատասխանում է, թե քանի որ պատրիարքարանը խիստ կարեւոր նշանակություն ունի, դրա շուրջ ծավալվող ցանկացած իրադարձություն մի քանի շերտեր ունի, այդ թվում՝ քարոզչական:

Ըստ թուրքագետի՝ ներհամայնքային տարաձայնության պատճառներից է ոչ միայն նոր պատրիարքի ընտրությունը, այլեւ այն, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու պատրիարքությունը աստիճանաբար ի հայտ եկած երկփեղկվածության պայմաններում, ինչն էլ հաճախ արհեստականորեն առաջացրել են իշխանությունները:

Ստեղծված իրավիճակը, Վ. Գեղամյանի կարծիքով, պիտի հանգեցներ նրան, որ ներհամայնքային բանակցությունների արդյունքում որոշվեին նոր թեկնածուն կամ հետագա անելիքները, բայց ավելի շատ ականատես ենք եղել անառողջ մրցակցություն: Թուրքագետը ուշադրություն է հրավիրում այս ամենում թուրքական պետության ունեցած «ներդրման» վրա, ինչի պատճառով տուժել է համայնքային կյանքը. ուժերը կենտրոնացված չեն եղել ապագայի կամ ընթացիկ ծրագրերի վրա, ներհամայնքային խնդիրները լուծելուն, շատ կարեւոր հարցեր երբեմն պակաս ուշադրությամբ են արծարծվել:

Այդուհանդերձ, հիմա, ըստ Վարուժան Գեղամյանի, համայնքը մոտ է հանգուցալուծմանը: «Պոլսո նվիրապետական աթոռը փաստացի եղել եւ շարունակում է մնալ այն հաստատությունը, որը խիստ կարեւոր դերակատարություն ունի Թուրքիայի հայության եւ ընդհանրապես համահայկական խնդիրների համատեքստում»,- նկատում է մեր զրուցակիցը:

Ո՞վ է պետք է լինի պատրիարքի աթոռին

Լավ հոգեւորական, լավ կազմակերպիչ, լավ քաղաքական գործիչ. թուրքագետի համոզմամբ՝ այսպիսին պետք է լինի Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի ժառանգը:

Նախ՝ պատրիարքի աթոռին պետք է լինի այն կերպարը, ով կարող է լինել լավ հոգեւոր առաջնորդ, ով հասկանում է պատրիարքության կարեւորությունը, լավ կազմակերպիչ լինելն էական է, քանի որ Թուրքիայի հայ համայնքը միայն Ստամբուլում չէ, այն ավելի լայն ժառանգություն է ներկայացնում մեզ համար բարդագույն այս երկրում: Բնականաբար, կարեւոր է նաեւ, որ ապագա պատրիարքը ճիշտ կողմնորոշվելու հմտություն ունենա թուրքական պետության հետ բարդ հարաբերություններում՝ չվնասելով ո՛չ հայ համայնքին, ո՛չ հայկական շահերին՝ փոխարենը առաջ տանելով դրանք:

Ինչո՞ւ պետք է պատրիարքը համագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ

Արամ արք. Աթեշյանը տարիներ շարունակ վայելել է թուրքական իշխանությունների աջակցությունը, նա չի էլ թաքցրել, որ լավ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Արդյոք հնարավոր է, որ վերջիններս միջամտեն պատրիարքի ընտրություններին: Վարուժան Գեղամյանն ասում է, թե նախընտրելի թեկնածուն պիտի ընդունելի լինի թե՛ համայնքի, թե՛ պետության համար, որովհետեւ, ի տարբերություն այլ երկրներում գործող հայկական համայնքների, Պոլսո Հայոց պատրիարքարանը նաեւ կարեւոր քաղաքական նշանակություն ունի տեղի իշխանության համար, այսինքն՝ պատրիարքարանում տեղի ունեցող ցանկացած գործողություն առնվազն վերահսկման մակարդակով գտնվում է պաշտոնական Անկարայի ուշադրության ներքո: Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ Հայաստանում շատերը քննադատում են Աթեշյանին՝ ասելով, որ նա աշխատում է թուրքական իշխանությունների հետ, բայց այլ տարբերակ հնարավոր չէ:

Ըստ թուրքագետի՝ Պոլսո Հայոց ոչ մի պատրիարք չի աշխատել այլ կերպ, բոլորն էլ համագործակցել են Թուրքիայի իշխանությունների հետ, քանի որ հակառակ դեպքում հայ համայնքը չի կարող կենսագործունեություն ծավալել: Ասում է՝ մեր պատրիարքների գործունեությունն ուսումնասիրելիս կտեսնենք, որ նրանցից շատերը եղել են հմուտ դիվանագետներ, ովքեր համայնքն ամբողջական են պահել, չեն առաջացրել իրավիճակ, որ համայնքի գործունեությունը կաթվածահար լինի:

«Գալով այն կարեւոր հարցին, թե արդյոք Արամ Աթեշյանը կարող է լինել հավանական ժառանգորդ՝ վերջին իրադարձություններից տեսնում ենք, որ նա միանշանակ ընդունելի կերպար չէ ամբողջ համայնքի համար: Տեղապահի վերջին ընտրություներն, ըստ էության, ապացուցեցին դա, նա չհավաքեց անհրաժեշտ ձայներ: Իսկ ընտրողներն ովքե՞ր էին՝ միաբանության անդամները, որոնք մոտ 10 տարի իրեն՝ որպես տեղապահի, տեսել են աշխատանքի մեջ: Մաշալյանի ընտրությունը ենթադրում է, որ ավելի նպատակահարմար թեկնածու է դիտարկվում նա: Թուրքական իշխանությունների համար եւս կարեւոր է, որ պատրիարք դառնալու հավանական թեկնածուն ընդունելի լինի հնարավորինս մեծ զանգվածի համար: Հետեւաբար, այս դեպքում չենք կարող ասել, թե թուրքական իշխանությունը միանշանակ աջակցում է Արամ Աթեշյանին: Այո, նա ամենաինտենսիվ կապերն ունի, բայց դա բնավ չի խանգարում մյուս թեկնածուներին»,- մեկնաբանում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե 2010-ին Սեպուհ արք. Չուլջյանը կարող էր աթոռակից պատրիարք դառնալ, սակայն Անկարայի միջամտությունից հետո մեկ գիշերում փոխանորդ դարձավ Աթեշյանը, հետեւաբար, հնարավոր է արդյոք, որ այս անգամ էլ թուրքական պետությունը վերջին պահին միջամտի, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է, թե այս պահին հայտարարված բոլոր թեկնածուներն էլ աջակացություն ունեն համայնքում, Չուլջյանն էլ օտար մարդ չէ Թուրքիայում, այնտեղ է ծնվել, համայնքի հետ կապը միշտ պահել է, ընդունելի կերպար է Թուրքիայում:

«Թուրքական կառավարությունը, անշուշտ, կոնտակտի է գնալու բոլոր թեկնածուների հետ, ինչը ենթադրում է որոշակի բանակցություններ եւ պայմաններ, իսկ թե թեկնածուներից ով կբավարարի այդ պայմաններին, այս պահին որեւէ մեկը վստահ չի կարող ասել: Եթե թեկնածուներից մեկն ունենա համայնքային բացարձակ աջակցություն, թուրքական իշխանությունը հաշվի է նստելու դրա հետ, այսինքն՝ դա միակողմանի խաղ չէ, այլ երկար գործընթաց, հակառակ դեպքում իշխանությունները վաղուց կնշանակեին իրենց ընդունելի թեկնածուին, եւ հարցը կփակվեր: Տվյալ պարագայում շատ կարեւոր է, որ համայնքային բոլոր խմբերը, դրանց սպասարկող թերթերը հասկանան հարցի՝ ապագային միտված կարեւորությունը»,- ասում է թուրքագետը:

Առաջին լուսանկարում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter