HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հովիկ Աբրահամյանի` Դիլիջանի հողերը. 7.4 հա

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող անշարժ գույքի ցանկը ժամանակի ընթացքում մեծանում է: Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր:

Բացատ՝ անտառի սրտում

Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ձեռք բերած անշարժ գույքերը այդ ժամանակ գրանցում էր վարորդի՝ Մխչյան գյուղի բնակիչ Գրիգոր Գևորգյանի անունով: Այդպես է նա վարվել նաև Ծաղկաձորում ձեռք բերած անտառային հողերի գրանցման ժամանակ: Գրիգոր Գևորգյանը 2007 թ.-ին Դիլիջան համայնքի անցկացրած աճուրդում գնել է 1.5 հա հողակտոր, որի համար վճարել է 19 միլիոն 560 հազար դրամ: Մեկ քառակուսու գինը սահմանվել է այդ ժամանակ 1304 դրամ: Գրիգոր Գևորգյանը նույն հողակտորի կողքին 74 միլիոն 328 հազար դրամով գնել է 5.7 հա հողակտոր: Երկու հողակտորներն էլ մինչև 2018 թ.-ն գրանցված են եղել Աբրահամյանի վարորդի անունով, իսկ 2018 թ.-ին դրանցից փոքրը՝ 1.5 հա-ն, վաճառել է: Գնորդը սեփականության իրավունքը դեռ չի գրանցել Կադաստրի կոմիտեում, այդ իսկ պատճառով նրա անունը դեռ հայտնի չէ:

Այս հողակտորները բոլոր կողմերից շրջապատված են անտառով և ունեն բացատի տեսք: Հողակտորները գտնվում են Դիլիջան համայնքի Կոմպոզիտորների միության հանգստյան տան վերևում, սակայն հողակտորներն իրենց դիրքով պայմանավորված Դիլիջանի որևէ թաղամասից տեսանելի չեն:

Առանձնատների տարածք՝ նոր ստեղծվող թաղամասում

Բագրատունի Բարսեղյանը Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավարն էր: Աբրահամյանը նրան այնքան էր վստահում, որ Հաղթանակ զբոսայգում կառուցվող առանձնատան գործարքի համար լիազոր անձը Բագրատունի Բարսեղյանն էր: 2015 թ.-ին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահն էր, Բագրատունի Բարսեղյանը մասնակցում էր Դիլիջանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդներին: Նույն օրը՝ 2015 թ.-ի հունվարի 22-ին, Բարսեղյանը հաղթող էր ճանաչվել միանգամից 4 հողակտորի գնման աճուրդներում՝ ամենաբարձր հայտ ներկայացնելով: Դիլիջանի Սարալանջի փողոցում գտնվող 4 հողակատորները (1,2,3,4), ընդահնուր՝ 2913 քմ-ն, նա գնել է 8 միլիոն 10 հազար 750 դրամով:

Ի տարբերություն վարորդի անունով գնված հողակտորների՝ թիկնազորի ղեկավարի գնած հողակտորները գտնվում են Դիլիջան քաղաքի այն թաղամասին կից, որտեղ կառուցվել և շահագործվում են Ֆինանսների նախարարության Դիլիջանի կառույցի աշխատակիցների առանձնատները: Բագրատունի Բարսեղյանի անունով գրանված հողակտորներին հարող տարածքում ծրագրվել էր նոր թաղամաս կառուցել, իսկ այդ 4 հողակտորներն իրենց դիրքով գտնվելու էին թաղամասի կենտրոնում ստեղծվելիք շատրվանների անմիջապես կողքին: Հողակտորների առանձնահատուկ դիրքն ավելի արտահայտիչ երևում է քաղաքաշինական փաստաթղթերի քարտեզում, որի նմանությամբ էլ ընդգծել ենք վերը ներկայացված նկարը:

Քրեական հետապնդում չի իրականացվել

Նախկին վարչապետին վերաբերող մի շարք քրեական գործեր միացվել և Հատուկ քննչական ծառայությունում մեկ վարույթի շրջանակում են քննվում: ՀՔԾ-ն նախորդ ամիս հայտարարեց, որ բացահայտվել են կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Դիլիջան համայնքում Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հողակտորներ վաճառելու դեպքեր: Վաղեմության ժամկետի և համաներման ակտի հիմքերով որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնել, սակայն Տարածքային կառավարման նախարարությանը առաջարկվել էր, որ աճուրդի որոշումներն առոչինչ ճանաչելու և գույքերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց սկսեն:

ՀՔԾ-ից քրեական գործի այդ դրվագի վերաբերյալ մեր մի շարք հարցերին ի պատասխան՝ հայտնել են. «Ինչպես Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, այնպես էլ մյուս համայնքների ղեկավարների և հանձնաժողովների անդամների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված վաղեմության ժամկետներն անցած լինելու և համաներման մասին օրենքն ընդունելու հիմքով: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Բագրատունի Բարսեղյանին և Գրիգոր Գևորգյանին, ապա հարցման մեջ նշված դրվագներով նրանց գործողություններին իրավաբանական գնահատականներ դեռևս չեն տրվել քրեական գործի շրջանակներում: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին իրավաբանական գնահատականներ տալու ուղղությամբ»:

Դիլիջանի քաղաքապետարանը չի շտապում դատարան դիմել

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, բայց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ չի առերեսվել: Այս մասին Արմեն Սանթրոսյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում:

«Նոր ենք ստացել Տարածքային կառավարման նախարարությունից գրությունը որոշումներն առոչինչ ճանաչելու և հողերը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու մասին: Մեր իրավաբանական բաժինն արդեն ուսումնասիրում է, թե հետագա քայլերն ինչպես պետք է արվեն, որովհետև սա առաջին դեպքն է: Անկեղծ ասած՝ մենք նմանատիպ փորձ չենք ունեցել և ուսումնասիրում ենք, որպեսզի տեսնենք ամբողջությամբ ինչպես է լինելու օրենքի սահմաններում, որպեսզի գործընթացը ճիշտ շարունակություն ստանա»,- ասաց Դիլիջան համայնքի ղեկավարը:

Հարցին՝ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանն ուղիղ կամ միջնորդավորված չի՞ առաջարկել, որ հողերը վերադարձնեն համայնքին և ազատվեն այդ պատմությունից, քաղաքապետը բացասական պատասխան տվեց: Արմեն Սանթրոսյանը վստահեցնում է, որ աճուրդների ժամանակ Հովիկ Աբրահամյանն իրեն չի զանգահարել, քանի որ աճուրդներն իրենց մոտ բաց են եղել բոլոր քաղաքացիների համար: «Որևէ զանգ, որևէ նմանատիպ բան չի եղել, որովհետև ամբողջությամբ ուսումնասիրվել է գործը, այդ հատվածում կադաստրային արժեքը 1242 դրամ է, մեկնարկային գինը դրված է եղել 2500 դրամ, այսինքն՝ կրկնակի և ավել: Մասնակցել է 4 անձ, որոնց քայլերի ընթացքում գինը բերվել, հասցվել է 3000 դրամի: Այսինքն՝ որևէ միջնորդություն, որևիցե զանգ չի եղել, և ցանկացած մարդ եկել, մասնակցել է»,- եզրափակեց Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

 

Տեսանյութն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (3)

GB
Armenians in general never been united as nation rivalry and tribalism was part of Armenian people nature. Our enemies intensified and encouraged theses kinds of Armenian behavior, use us for their own security benefits. These self-declared Armenian "Satraps" or "Meliks" have the same mentality of the past. Like Hagop said they should be prosecuted. All those confiscated lands belong to people of Armenia. Those Soviet-era politicians should be thrown out of Armenia they are poisoning our young generation!
Tamara B.
Excellent job, as always; thank you, Hetq! I admire the way you collect information from various sources, conduct your independent investigations and compile it all into such detailed articles! Your job helps a lot to make our society more educated and informed! As for this particular case, the situation is common for post-soviet Armenia's reality. The matter that interests me most is why H. Abrahamyan (or, say, his driver and bodyguard) actually bought these huge plots. On the property photos, neither do I see any private houses/objects, nor planted lands. Why do they need this territory? Isn't it less costly just to give this land back to the Dilijan community? On the other hand, I feel that this new Dilijan district is built specifically for H.A. (considering the position of his 4 plots in relation to the future 'fountain spot' in the center).
HAGOP
BOGUS LAND PURCHASE. PROSECUTE TO TEACH A LESSON! NO CORRUPTION! ENOUGH!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։