HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական փոխադրողը ՀՀ քաղաքացիներին վերադարձնում է Երեւան

Այսօր առավոտյան՝ 9:51-ին, հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավը (գրանցումը՝ EK-73797, «Boeing 737-500») «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է եգիպտական Հուրգադա հանգստավայր, որի օդանավակայանում վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 14:18-ին:

Հայկական փոխադրողի այս չվերթը (համարը՝ H7 7797) հատուկ չվերթ է՝ նախատեսված Հուրգադայում հանգստացող մեր համաքաղաքացիների տարհանման համար: Օդանավն արդեն մեկնել է Եգիպտոսից (չվերթի համարը՝ H7 7798), վայրէջքը «Զվարթնոցում» նախատեսված է 17:16-ին:

«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքին» հայտնեց, որ, ըստ ճշտված տվյալների, օդանավը Հայաստան է տեղափոխելու 101 հոգու, որոնց մեջ 2 երեխա կա: Ուղեւորներից 5-ը պետք է մեր երկիր վերադառնար օգոստոսի 5-ին, սակայն ժամանակից շուտ ընդհատել է հանգիստն ու այժմ վերադառնում է հայրենիք:

Հիշեցնենք, որ այս պատմությունն սկսվեց այն բանից հետո, երբ երեւանյան «A&R» տուրգործակալությունից օգտված զբոսաշրջիկները հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ: Հուլիսի 25-ին Երեւան-Հուրգադա-Երեւան չվերթը չկայացավ՝ ոչ միայն հանգստի մեկնել պատրաստվողները չկարողացան մեկնել Եգիպտոս, այլեւ այնտեղից վերադարձողները կանգնեցին փաստի առաջ: Պարզվեց, որ «A&R»-ը չի վճարել ավիափոխադրողին՝ հունական «Orange2Fly» օպերատորին, վերջինս էլ չվերթը չի իրականացրել:

Հուլիսի 26-ին կառավարությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ արտահերթ նիստ հրավիրեց, որը ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից հետ բերելուն էր նվիրված: Որոշվեց տեղափոխման ծառայությունների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին 9 ամսում փոխանցել 47.198.800 դրամ: Ըստ որոշման հիմնավորման, որը ներկայացրել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացակայանը, հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի (OTF 3703) չեղարկման պատճառով Հուրգադայում մնացել էր ՀՀ 119 քաղաքացի։ Եգիպտոսում մեր դեսպանությունը հաղորդել էր, որ չվերթը չեղարկվել է «A&R»-ի կողմից հունական ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ «Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաեւ հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երեւան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու եւս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ»,- նշվել էր հիմնավորման մեջ:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը, ըստ կառավարարության որոշման հիմնավորման, պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական «Spot Air» ընկերության հետ՝ Հուրգադա-Երեւան երկու չվերթ (հուլիսի 26-ին եւ 29-ին) կազմակերպելու կապակցությամբ։ «Spot Air»-ը ՀՀ դեսպանությունից ամսի 26-ի թռիչքն իրականացնելու համար պահանջել էր մինչեւ դրա կատարումը կանխիկ ձեւով վճարել 47.121 դոլար: Իսկ հուլիսի 29-ի թռիչքի համար ավիաընկերությունը պահանջել էր մինչեւ դրա իրագործումը կատարել բանկային փոխանցում: ԱԳՆ-ն կառավարությանն առաջարկել է համաձայնել «Spot Air»-ի պայմաններին, ինչն էլ արվել է:

Հետաքրքիր է, որ «Spot Air»-ը ոչ թե հունական, այլ եգիպտական ավիաընկերություն է, որի գլխամասը Կահիրեում է: Այսպիսով՝ 2 անգամ Հուրգադա-Երեւան թռիչք կատարելու համար կառավարությունը ավելի քան 47 մլն դրամ է հատկացրել: Սակայն հուլիսի 26-ի չվերթը համարակալվել է UJ 5600: UJ-ը IATA-ի կողմից եգիպտական «AlMasria Universal Airlines»-ին տրված կոդն է, այսինքն՝ հուլիսի 26-ի Հուրգադա-Երեւան չվերթը կատարողը փաստացի եղել է հենց այս ավիաընկերությունը: Ինչպես տեղեկացանք «Զվարթնոց» օդանավակայանից, ամսի 29-ի չվերթն էլ կատարել է հունական «Orange2Fly»-ը (չվերթի համարը՝ OTF 3701):

Ինչպես ասվեց, այսօրվա ՝ օգոստոսի 1-ի չվերթն էլ կատարում է «Տարոն-Ավիան»: Վերջինիս կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանն ասում է, որ իրենց հետ առաջին անգամ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից կապ են հաստատել հուլիսի 26-ի չվերթից առաջ: Իրականում հայկական փոխադրողը պատրաստ է եղել Եգիպտոսից Հայաստան տեղափոխել մեր քաղաքացիներին, սակայն, չգիտես ինչու, այդ թռիչքը (ամսի 26-ի) պատվիրվել է եգիպտական կողմին: ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը մամուլին հայտնել էր, թե հայկական փոխադրողները Եգիպտոս չեն թռչում, այդ ուղղության համար ավիատոմսեր չեն տպում, ինչն իրականում տարօրինակ է լսել մի ամբողջ երկիր ներկայացնող ավիացիոն կառույցի ղեկավարից:       

«Նման չվերթը համարվում է հատուկ չվերթ, քանի որ կազմակերպվում է մեր քաղաքացիներին տարհանելու նպատակով, ու վաճառքի համակարգի անհրաժեշտություն չկա՝ ո՛չ տոմսեր գրելու, ո՛չ հաշվառման համար,- պարզաբանում է Լ. Քարամյանը,- մենք ստանում ենք այն երկրների թույլտվությունները (Թուրքիա, Կիպրոս, Եգիպտոս), որոնց օդային տարածքով երթուղին կառուցված է, պայմանավորվում ենք նաեւ տվյալ երկրում գործող սուպերվայզեր կազմակերպության հետ: Սուպերվայզերն այն կազմակերպությունն է, որը տարբեր ավիաընկերությունների հետ համագործակցում է՝ թույլտվություններ ստանալու, օդանավակայանում հաշվառում կազմակերպելու եւ այլնի համար, այսինքն՝ ծառայությունների ամբողջական փաթեթ է մատուցում այն ավիաընկերությանը, որն առաջին անգամ է տվյալ երկիր թռիչք իրականացնում»:

Ըստ Լեւոն Քարամյանի՝ երկրորդ անգամ ՀՀ կառավարությունից են կապ հաստատել «Տարոն-Ավիայի» գլխավոր տնօրեն եւ սեփականատեր Գառնիկ Պապիկյանի հետ, խնդրել, որ օգոստոսի 1-ի չվերթը հայկական փոխադրողը կազմակերպի: Քարամյանն ասում է, որ օգոստոսի 5-ի հնարավոր չվերթի վերաբերյալ իրենք այս պահին տեղեկություն չունեն, «Տարոն-Ավիային» պատվիրվել է միայն այսօրվա թռիչքը: Նշենք, որ օդանավը Երեւանից Հուրգադա է մեկնել դատարկ, այսինքն՝ ուղեւոր չի տեղափոխել: Ավիաընկերությունն անմիջական կապի մեջ է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ:   

Խոսելով կառավարության կողմից 47 մլն դրամ հատկացնելու մասին՝ Լեւոն Քարամյանն ասում է. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել, թե այդ գումարը ինչպես է հաշվարկվել, քանի չվերթի համար է, ով է որոշել այդքան հատկացնել: Մեր ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել բարեգործական, հայրենասիրական նկատառումներից ելնելով, հայերի արժանապատվությունը բարձր պահելու համար այդ մարդկանց տարհանել: Մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերել Սերգեյ Ավետիսյանը («Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների գլխավոր մենեջերի տեղակալը), ամեն ինչով աջակցել է՝ ընդհուպ նավթի, «Զվարթնոց» օդանավակայանի ծախսերը: Դա է պատճառը, որ մեր գնային առաջարկը մատչելի է եղել»: Լ. Քարամյանն ասում է, որ իրենց առաջարկած գնից տեղյակ է սեփականատերը, սակայն հավելում է, որ օտարեկրյա ավիաընկերության պահանջած գնի հետ համեմատության եզրեր չկան:

Հետաքրքիր է, որ Երեւանից Եգիպտոս մեկնելուց առաջ EK-73797 բորտը, որը բազավորվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, թռիչքներ է կատարել նաեւ «Ավիակոմպանիա Արմենիայի» համար: Սա առաջին դեպքը չէ, երբ «Տարոն-Ավիան» օգնության է հասնում «Արմենիային», որը չի հասցնում իրականացնել իր թռիչքները:

Այս տարվա մայիսին «Տարոն-Ավիայի» մեկ այլ «Boeing 737-500» (EK-73775) էր մի քանի անգամ կատարել «Արմենիայի» չվերթները դեպի ՌԴ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի ու Վորոնեժ: Այս անգամ էլ նման պատկեր է. երեկ եւ այսօր EK-73797-ն թռել է նույն այս քաղաքները, հետ վերադարձել, մեկնել Հուրգադա, իսկ առաջիկայում, ըստ նախնական տվյալների, եւս 2 չվերթ կիրականացնի դեպի Մին. Վոդի ու Վորոնեժ:  

«Տարոն-Ավիայի» 4 հատ «Boeing 737-500»-ներից EK-73797-ը, փաստորեն, պահեստային օդանավի դեր է կատարում գործընկերների համար, EK-73775-ը վարձակալության է հանձնված կամերունական «Camair-Co»-ին, իսկ EK-73772-ն ու EK-73776-ը՝ սուդանական «Badr Airlines»-ին:  

Մեկնաբանություններ (1)

Նշան
Ազգային փոխադրողին հարկավոր է, առաջին հերթին ընդունել, գնահատել և ճանաչում տալ։ "ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ" Ավիաընկերությունը ոչ ինչով չի զիչում գործող մյուս Հայկական ընկերություններից, ընդհակառակը։ Ավիաընկերությունը ունի իր սեփական չորս օդանավերը որոնք թռիչքներ են իրականացնում օտար երկրներում և դրա հիմնական պատճառը ՀՀ քաղավիացիայի կոմիտեյի, ինչպես նաև ՀՀ տրանսպոռտի և կապի նախարարության ղեկավարության ոչ ճիշտ վարվող քաղաքականությունն է, ի դեմս սեփական ավիափոխադրողի։ Հարկավոր է մտածել ոչ թէ դրսերից էժան աշխատող ընկերություններ բերել Հայաստան, այլ ստեղծել նորմալ պայմանավորվածություն սպասարկող բոլոր ծառայությունների հետ Հայկական ազգային փոխադրող "ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ" ավիաընկերության համար առաջարկել սպասարկման ցածր սակագներ ինչը կտա հնարավորություն ընկերությանը վերադառնալ Հայկական շուկա և վերսկսել նախկինում իր կողմից կատարվող չվեռթները։ Դա կլինի միակ և ճիշտ որոշումը Հայկական քաղավիացիայի վերառտադրման գոռծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter