
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն, ըստ օրենքի, վաղը պետք է ազատ արձակվի. պաշտպան
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն, օրենքի համաձայն վաղը` օգոստոսի 4-ին պետք է ազատ արձակվի ԱԱԾ մեկուսարանից: Այս մասին «Հետքի» հետ զրուցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:
Մեղադրյալ Պետրոսյանի երկամսյա կալանքի ժամկետը վաղը լրանում է, և մինչև այս պահը կալանքի ժամկետը չի երկարացվել: Վաղարշակ Գևորգյանի խոսքով` կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում ինքը պետք է դրա մասին ծանուցվեր, սակայն մինչ այս պահը նման ծանուցում չի ստացել:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում»:
Այսինքն` եթե Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն լիներ, ապա երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ պետք է քննված լիներ ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից մեզ չի հաջողվել վերը նշվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Դատախազությունն անգամ հրաժարվել է պատասխանել հարցին` այդպիսի միջնորդություն ներկայցվել է, թե՞ ոչ, իսկ Հատուկ քննչական ծառայությունից թեև խոստացել էին պարզաբանել, մինչև այս պահը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել մեզ:
Հիշեցնենք, որ Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 11 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նա ձերբակալվել է հունիսի 4-ին, իսկ հունիսի 6-ին` կալանավորվել:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
Մեկնաբանել