
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, «Մարտի 1-ի գործով» սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով նաև, որ դատարանն իրավաչափ է ճանաչել Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Երեկ ուշ երեկոյան նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան:
Մեկնաբանել