HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Կարեն Ղարսլյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում բանաստեղծ, արձակագիր Կարեն Ղարսլյանն է։

(Տեղեկացնեմ, որ Կարենի հետ զրուցել ենք երկու ամիս առաջ` հունիսի 6-ին։ «Բալկոն» նախագծի շրջանակներում սա առաջին դեպքն է, երբ զրույցը հրապարակվում է երկու ամիս հետոպատճառների մասին գուցե մի օր առանձին տեքստ գրեմ կամ զրուցեմ հենց Կարենի հետ)։

Կարեն Ղարսլյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Նա դատապարտված է ինքնապաշտպանության: Բայց չգիտի՝ նա այն մեկն է, որը պիտի պաշտպանի ինքն իրեն, թե այն մեկը, որին պիտի պաշտպանի: Եվ գուցե այն մեկն է՝ ումից պիտի պաշտպանվի իրականում։

Փաստորեն հիմա, դրդված լինելով խոսել իր մասին երրորդ դեմքով, այդ նա-երից մեկն ինչ-որ չափով գարշում է, քանի որ հայկական իրականությունում իլլեիզմի ամենավառ օրինակը Գագիկ Ծառուկյանն է։

Նա-երից մեկը հիշում է՝ ժամանակին՝ 2004 թվականին, այդ նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ինքնագիր» հաղորդման, Վիոլետ Գրիգորյանի հյուրն էր։ Նա հիշում է, որ հաղորդման ընթացքում հայտնեց իր մտահոգությունը, որ խորհրդանշական էր․ մեջբերեց ինչ-որ երեխայի երազանքը՝ մեծանալ ու «Դոդի Գագո» կամ «Լֆիկ Սամո» դառնալ։ Եվ մինչ այդ նա-ն արտահայտում էր այդ երեխաների նկատմամբ իր մտահոգությունը, նրա ընկերներն ու ազգականները մտահոգված էին իր անվտանգությամբ, որովհետեւ այդ ժամանակ անգամ կիսաձայն արտասանված «Դոդի Գագո» արտահայտության համար այդ օլիգարխի թիկնապահները, որոնցից մեկն այսօր անձեռնմխելի պատգամավոր է, կարող էին օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ լխկել այդ անձին․․․ Եվ մնալ անպատիժ։

Բարեբախտաբար իր հետ նման բան տեղի չունեցավ, եւ ինքն ուրախ պիտի լինի երեւի, որ գրականությունը չկա այդ օլիգարխի հետաքրքրությունների շրջանակում․․․ Ու նա  չգիտի, թե այդ որ մեկն էր, որ այդ հաղորդման ժամանակ նման խոսք ասաց․ նա՞ էր, որ դատապարտված էր ինքն իրեն պաշտպանել, թե՞ նա, որին ինքն էր դատապարտված պաշտպանել։ Պաշտպանվո՞ղն է, թե՞ պաշտպանողը․․․ Թե՞ նա, ումից դատապարտված է պաշտպանվել։

Զրույցն ուզում եմ խոստովանական մի տեքստով սկսել հրավիրել էի քեզ Բալկոն ու անհանգստություն ունեի։ Տեքստերիդ մեծ մասը նորից կարդացի։ Տագնապ կար, որ գուցե զրույցը չստացվի։ Եթե անգամ ինձ թվա, որ չստացվեց, մեդիականացնելու եմ «թվացյալ չստացվածը»։

Մի տեսակ տպավորություն է, որ ապահովագրում եմ ինձ նախապես, բայց, կարծում եմ, տարածություն կա մեր միջեւ, որը դեռ չեմ հաղթահարել։

Տարածություն ասելով ի՞նչ ի նկատի ունես․․․

Չգիտեմ նույնիսկ ինչպես բացատրել։ Պատկերացրու՝ հարցնեմ, թե քեզ այս ծառի կանաչը դուր գալիս է, դու պատասխանես՝ այդտեղ նախ կանաչ չկա չես տեսնում, որ կապույտ է։

Ու այդ տարածութունը ե՞ս եմ ստեղծել։

Գուցե տեքստերդ։

Հաշվենք՝ ապահովագրված ես։

Բայց չեմ էլ ուզում այնպես ստացվի, որ ամեն պատասխանից առաջ մտավախություն ունենաս, թե այդ «ապահովագրությունը» պիտի հաշվի առնես։

Չէ, այդպես չի լինի։ Ես էլ եմ վախով ընթերցում նախկինում գրածներս, հավատա, որ շատ բան չեմ էլ ընթերցում, որովհետեւ գրեթե համոզված եմ՝ կա՛մ չեմ հավանի, կա՛մ կուզենամ կապիտալ վերանորոգում անել։

Նկատել եմ, որ որոնողական համակարգում առկա, դեպի քո պաշտոնական կայք տանող հղումների մի մասն արդեն չկա, ակտիվ չէ ջնջե՞լ ես բովանդակությունը։ 

Ժամանակին այդ կայքում հրապարակում էի այն ամենն, ինչ գրում էի։ Հետո որոշեցի այդպես չանել․ այդ կերպ չեմ կարողանում իմի բերել գործերս, եւ հրապարակված լինելը կարծես այլեւս հնարավորություն չի տալիս աշխատել դրանց վրա, մտածել, ունենալ գրքի տեսլական։ Կայքում հրապարակված լինելը նաեւ խոչընդոտում է պարբերականներում հայտնվելու նրանց հնարավորությանը: Եվ, այո, երկերի մեծ մասը հանեցի կայքից: Արդյունքում դրանց մի մասը դարձավ խոտան, մյուս մասը տեղ գտավ գրքում։

Դա 2010 թվականն էր՝ «Գրողի ծոցը» գրքի շրջանը, երբ ես առանձնացրեցի ու իմի բերեցի այն բոլոր բանաստեղծությունները, որոնք սիրո եւ էրոտիկայի մասին էին, եւ դարձրի մեկ ժողովածու։ Մնացածը` փորձարարական, փիլիսոփայական, սոցիալական եւ այլ հարցադրումներով բանաստեղծությունները պետք է լույս տեսնեին հաջորդիվ, բայց ինը տարի է անցել, իսկ իրենց հերթը դեռ չի հասել: Ինձ թվում է՝ տպավորություն ստեղծվեց, որ միայն էրոտիկ գրականություն եմ ստեղծում:

Ինչու՞ ․․․ Այդ ժամանակ արդեն կար «Գաղտնաբառ» վեպդ։

Այո, բայց դա եւս գոյություն չունի հիմա․ հանել եմ կայքից, որովհետե դրա վրա եւս երկար աշխատելու կարիք կա․ այն, ինչ ժամանակին ստեղծվել է, այլեւս չի բավարարում պահանջներս։

Քանի չենք շրջանցել «Գաղտնաբառ» վեպը, ուզում եմ անպայման մեջբերել, որ սա այն տեքստերիցդ էր, որ մրցանակ ստացավ, որի մասին Ջալոյանը քննադատական հոդված գրեց, հետո Մարկ Նշանյանը Վիոլետ Գրիգորյանի հետ ունեցած զրույցում իր հերթին քննադատեց այդ հոդվածը։ Եվ այս բոլոր զարգացումներից հետո փաստորեն խոսում ենք մի բանի մասին, որը քեզ համար դեռ անավարտ է։

Այո, գործ, որի մասին այդքան խոսեցին, եւ, որը կարելի է ասել գոյություն չունի (գոյութուն ունի իհարկե իմ համակարգչում):

Այդ գիրքն ինչ-որ չափով բացատրում է իմ ճակատագիրը, որովհետեւ գրվել է 2001-2004 թվականներին, երբ Երեւանում էի ապրում: Մրցանակից հետո գիրքն ակտիվորեն պատրաստում էի հրատարակման: Ու այդ ընթացքում՝ 2005-ին, մեկնեցի Ամերիկա։ Շատ ժամանակ չանցավ, երբ հասկացա՝ կան կարեւոր բաներ, որոնք պիտի նշեի, իսկ ես ուղղակի անտեսել եմ։

Ի՞նչ օրինակ․․․

Օրինակ այն, որ իմ վերապրած 90-ականների մասին գրքում կար միայն 10 էջ, որը մեկ պատմությամբ եւ ընդհանուր մեկ համատեքստով փորձում էր շրջանը ներկայացնել։

Ամերիկայում այլեւս շրջապատված չես 90-ականների արհավիրքը քեզ հետ կիսած մարդկանց հետ, ու դա փոխում է անցյալի վերարժեւորման մեխանիզմները․ սկսում ես համեմատել քո ու նրանց մանկությունը/պատանեկությունը ու սկսում նկատել բաներ, որոնք Հայաստանում ապրելով չէի նկատել կամ բանի տեղ չէի դրել։

Դադար

Ջրի համար հերթ կանգնողները․․․ Սահնակներն ավելի շատ ջուր կրելու համար էին, քան խաղալու: Զուգարանում ջուր չկար: Հացը` կտրոնով էր: 2,5 հացից ավելի չէիր կարող գնել, գնածդ էլ այնքան արագ էր փչանում, որ սուխարի պիտի սարքեիր բորբոսի համ չզգալու համար․․․ Սուխարի անելու համար էլ պիտի սպասեիր, որ լույսերը տան: Այդպես ամեն ինչ սկսում էր երեւալ, ու հարցադրում կար․«սպասի՜, բա էս մասին ո՞վ է գրելու․ դու 10 էջ գրեցիր, ձեռքերդ լվացիր ու վե՞րջ»․․․

Քանի որ Ամերիկայի իրականությանը շատ այլ էր, ես հիշում էի 90-ականների ամբողջ նյութը եւ գիտեի, որ դա պիտի գրանցել, չէի կարող այդ 10 էջով բավարարվել, մինչդեռ գիրքը լիրիկական հերոսի՝ այսինքն իմ առօրյան էր, մեկի, ով մի տեղից գնում էր մի այլ տեղ, խորհում տարբեր բաների մասին, հետո էլի գնում․․․

Դեպի հոգեբուժարան, հա՜․․․

Ո՞նց, կարդացե՞լ ես։

Հիմա դա էական չի, շարունակիր։

Հասկացա՝ վեպում 90-ականների գործոնը շատ է, հրատարակել դեռ չեմ կարող, պիտի սպասել։ Սկսեցի լրացումներ անել․ այդ 10 էջը դարձավ 20, հետո 30, 100, 150։ Մի պահ, երբ փորձեցի հասկանալ՝ այս ինչ արեցի, պարզվեց, որ 90-ականների անդրադարձը հենց «գաղտնաբառը» դարձավ, վեպի չարորակ ուռուցքը։ Այսինքն ներդիրը շատ ավելի մեծ դարձավ, քան բուն վեպը․․․ Այդպես քանդվեց կառուցվածքը, չկարողացա բոլոր հատվածները «բարիշացնելու» ձեւը գտնել․ կա՛մ պիտի վեպը մասնատեի, դառնար երկու պատմություն, որոնք առանց իրար տուժելու էին, կա՛մ պահպանեի ամբողջականը, որը կորցրել էր հիմնական գիծը, կոմպոզիցիան։

Ամեն դեպքում Ամերիկայում 90-ականների պատմությունը գրելու ընթացքում շատ էի խորացել, տնից օրերով դուրս չէի գալիս, ու դրվագներ կան, որ գարշանքով եմ հիշում։

Դադար (6 րոպե)

Հարց չեմ տալիս,  որովհետեւ այդ «գարշելի» դրվագներից մեկին եմ սպասում կարեւորում եմ դրա ամրագրումը։

Այն Կարենը, որ կար ընդամենը 2 տարի առաջ, արդեն նման չի ինձ․․․Եվ այս իմաստով, որոշ բաներ, որ անում էի տարիներ առաջ, հիմա ինձ համար շատ խորթ են։

Հիշում եմ՝ չափազանց շատ էի ծխում ու շատ քիչ ուտում, աշխատում էի անդադար․ փորձում էի այդկերպ նաեւ 90-ականներ «վերադառնալու» փորձ անել, որ վերապրեմ ամենը։

Այսինքն շատ էիր ծխում եւ քիչ ուտում, որ սով զգայիր, հյուծվեիր։

Որպեսզի հասկանայի բաներ, որոնք ինձ կարեւոր էին թվում։ Պատկերացրու մի տղայի, որ 11-12 տարեկան է, դպրոցական, քիչ թե շատ անգլերեն է հասկանում ու պիտի թարգմանի օգնություն ստացած ալյուրի տուփի վրայի տեքստը (որովհետեւ չէինք հասկանում անտերը ոնց խմորի վերածել)։

Ամբողջ պատմությունը վերհիշելուց հետո Ամերիկայից զանգում էի մորս ու հարցնում դրա հետ կապված մանր-մունր դրվագների մասին: Պարզվում է՝ ընդհանրապես չէր էլ հիշում, որ նման բան է եղել: Զարմանում էր, որ ես կարող եմ հիշել․․․ Ինչպե՞ս չհիշեի, երբ կյանքումս առաջին անգամ ընտանիքիս կենսական նշանակություն ունեցող օգուտ բերելու հնարավորություն էր ինձ ընձեռվել:

Ամերիկայում վերապրման նոր շերտ է բացվել, որն, ըստ երեւույթին, փոփոխության ամրագրումն է նաեւ եղել։

Ամերիկան ինձ թույլ տվեց իմ կյանքին եւ իրականությանն այլ կերպ նայել։

․․․Հետո կարդալու եմ մեր այս զրույցը ու հասկանամ, որ այդպես էլ որեւէ «գարշելի» պատմություն չպատմեցի փաստորեն։

Սպասում եմ, չենք շրջանցել։

Ուրեմն ավելի լավ է պատմեմ, որ հետո չստացվի՝ հարցից խուսափեցի։

Ինչ-որ մի պահի ամբողջությամբ մտել էի փնթիության վիճակի մեջ: 2006 թիվն էր, տունս շատ փոքր էր․ մի սենյակ, որն ընդգրում էր ե՛ւ խոհանոցը, ե՛ւ քնելուս տեղը։ Քայլելու տեղ քիչ կար, ծխելն անընդհատ էր, բայց ․․․Դրա փոխարեն մեծ էր զուգարանի հատվածը։

(Գրելու ընթացքում շատ էի ջուր խմում, անընդհատ վազում էի զուգարան, ու միտքս հաճախ կտրվում էր)։

Որոշեցի գրասեղանս տեղափոխել զուգարան․ նստեցի զուգարանակոնքին ու շարունակեցի այդպես ծխել ու գրել։ Սա այն շրջանն էր, երբ առողջությանս չէի հետեւում, բայց «դրության» մեջ էի փորձում մտնել։ Հետո եկավ պահը, երբ սկսեց խղճահարություն առաջանալ փոքրիկ Կարենի նկատմամբ։ Սկսեցի մտածել՝ ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես չմեծանայի Հայաստանում, չմեծանայի 90-ականներին, երբ թեյի մեջ 7 գդալ շաքար էի լցնում, որովհետեւ տանն ուտելու այլ բան չկար:

Իսկ այդ «խղճահարության» պատկերները չէին զուգորդվո՞ւմ հարցադրումով՝«եթե այդպես չլիներ, գուցեւ չգրեի»․․․

Հա, իհարկե, բայց մյուս կողմից երբեք չգիտես՝ հակառակն ինչ կարող էր լինել։ Ամեն դեպքում չէի կարող «չխղճալ» մեկին, որը գործածում էր նաեւ ծնողների բաժին շաքարը, իսկ նրանք լռում էին: Հետո հասկացավ դա ու, որպես ինքնապատժում, մի երկու օր զզվելով խմեց առանց շաքարի թեյը․․․ Հետո մեկ գդալը ավելի քան բավարար դարձավ։

Սրանք մանրուքներ են, որոնք ամբողջացնում են այն Կարենին, ում հանդեպ անառողջ խղճահարություն էր առաջանում։

Իսկ հիմա՞։

Հիմա խորշում եմ խղճահարությունից։

Հացը վերջացել էր, ու պիտի հարեւաններից խնդրեի․ միակ հարեւանը, որ հաց ուներ, ամենափնթին էր (նրանց տնից մշտապես նամշահոտ էր փչում)։ Ամեն դեպքում իրենցից հաց խնդրեցինք, զզվելի հոտով հացը դրեցինք սեղանին, սպասեցինք այնքան, մինչեւ «լույսերը տան», որ ջեռոցի մեջ դնենք, սուխարի սարքենք։

Այս դրվագը գրելիս շրջվեցի, տեսա սառնարանս, որ լի էր մրգերով, մսի տեսականիով, ամեն ինչով, ինչի մասին այն ժամանակ երազում էի․․․ Վերցրեցի վեպի տպված թղթերից ու սկսեցի դրանց վրա ճզմել մրգերը։

Դադար

Այդ հանգամանքը պատումը տարավ նաեւ այլ ուղղությամբ (սպոյլերի մնացած կեսն էլ չպատմեմ):

Այդ դեպքում տեքստն անընդհատ կարող է փոխվել եւ ավարտին չհասնել։

Հա, հասկացա, որ պիտի դադար տամ, անցնեմ մյուս գործերին։ Համոզվեցի, որ շուտ գլուխ չեմ բերի, ավելի լավ է մի գիրք հրատարակել գոնե, որովհետեւ 7 տարի արդեն գիրք չկար։ Եվ 2010 թվականին այս ամենի փոխարեն լույս տեսավ «Գրողի ծոցը», իսկ հետո․․․

«Ատերազմա»-ն․․․

«Ատերազմա»-ն ինձ համար նոր դաշտ էր, որտեղ ես մտա առանց ծակուծուկերն իմանալու։ Ես չգիտեի՝ ինչ եմ ստեղծում, պատկերացնում էի մի պատում, որը պետք է կառուցել ինչ-որ նոր ձեւով, նոր լեզվով, տեքստը պիտի զարգանար ջարդուփշուր լինելով, անիմացիայի միջոցով, իսկ թե ուր կտաներ, պատկերացում չունեի։ Այս գրքի ստեղծումն էլ է ծանր եղել․ պահ էր եկել, երբ տարված էի իմ ստեղծագործությամբ, իմ տրամաբանության մեջ էի։

Ես ապրումակցում եմ այս գրքի ստեղծման ընթացքին եւ հետագա ճակատագրին, որին արժանացավ։ Այն ահռելի աշխատանք է, այո, բայց առանց քեզ, առանց քո բացատրության ուղղակի անընթեռնելի կարող է լինել։

Երբ ասում էի՝ սա ինձ համար նոր դաշտ էր, հենց այս հարցի պատասխանն էր ենթադրվում։ Ստեղծելու ընթացքում չգիտեի՝ ինչ է պահանջելու այս գիրքն ինձնից։ Դժվար էր նաեւ կողքից նայել ու մտածել՝ ընթեռնելի է, թե ոչ։ Մի պահ ինձ նույնիսկ թվաց՝ պատերազմի շոկի պատճառով այնպիսի բաներ եմ ստեղծում, որ խաղաղվելուց հետո ինքս անգամ գլուխ չեմ հանի, չնայած որ որոշ էջեր ստեղծելիս լաց եմ եղել:

Ես տեսել եմ, թե ինչպես է այրին մեկ առ մեկ հավաքում պատերազմում զոհված իր ամուսնու ցաքուցրիվ մարմնամասերը: Տեսել եմ մի կետից մյուսը ծանր-ծանր դանդաղ քարշ տալու ողջ ընթացքը ֆոտոշոփի ձյան պես սպիտակ էջի վրա, մինչդեռ գրքում ընթերցողը տեսնում է երկու ստատիկ պատկեր միայն. այն պահը, երբ այրին բռնած պահում է իր զինվորի մարմնամասերից մեկը, իսկ հաջորդում արդեն իր ճանապարհի վերջնակետում է:

Իրավիճակի ողբերգականությունը երեւակվում է հենց այդ A եւ B կետերի արանքում: Այդ բոլոր հսկայական մանրուքների ընդգրկումը գիրքը 480 էջից կդարձնեին 4800: Սկզբում պատկերացնում էի, որ այդ չընդգրկված 4320 էջը կարող է բովանդակությամբ լցնել ընթերցողի երեւակայությունը․․․ Բայց կարծում եմ՝ այդ էջերը հիանալի կերպով կարող է լցնել նաեւ անիմացիան, որի մասին երազում եմ։

Շատերը կուրացուցիչ սպիտակ էջի կենտրոնում տեսնում են միայնակ «գարուն» բառը ու շտապում անցնել առաջ, որ տեսնեն` ինչ է լինելու հետո: Իսկ ինձ համար լինելիքն արդեն եղել է: Այդ ձյան պես սպիտակ էջը հենց այն կոմիտասյան ձյունն ա, որ արել ա գարնանը: Հաջորդ էջում, իհարկե «գ»-ն ընկնում է, մնում է «արուն»-ը, բայց դա արդեն այլ զարգացում է: Օրինակ վերջերս, «արուն» պարունակող այդ սպիտակ էջը տեսնելիս, պատկերացնում եմ այն սպիտակ սփռոցը, որը Փարաջանովի «Նռան գույն»-ի առաջին կադրերից մեկում սկսում է հետզհետե կարմրել նռների ծանրության տակ:

Ամեն դեպքում իմ արածի նկատմամբ զղջում չունեմ, բայց, ճիշտ, թե սխալ, եկա եզրակացության, որ գիրքը պահանջում է օժանդակ բայ, անհրաժեշտ է հատուկ պատում։ Մտածել եմ՝ ինչպես կարելի է նաեւ թարգմանել այլ լեզվով, չնայած այն բանի որ անթարգմանելի է:

Նույն բանը ես էի մտածում անթարգմանելի է։

«Ատերազմա»-ն անթարգմանելի է դասական իմաստով։ Բայց կարելի է բովանդակությունը տեղ հասցնել: Այդ ժամանակ գիրքը դառնում է պատկերասրահ, իսկ ես` գիդ: Այդպես գրքի հրատարակումից մի քանի ամիս անց գիրքը գրեթե էջ առ էջ բացատրեցի ամերիկացու, գերմանացու, պարսիկի ու բելառուսի (վերջինս հետագայում դարձավ կինս):

Արծարծված թեմաները բոլորին շատ հարազատ թվացին, միավորեցին այդքան տարբեր մշակույթների ներկայացուցիչների: Ոմանք ինձ խորհուրդ էին տալիս գեղարվեստական տեքստ գրել, որտեղ հենց այդպես պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում ամեն էջում․ այդպես մի ամբողջ մտազուգորդային ներկապնակ կերեւար։ Այսինքն տեքստ, որն ինքնին արդեն հետաքրքիր գեղարվեստական արժեք կունենա եւ կզուգակցի, կընկերակցի գրքին։ Բայց այդ իմաստով գիրքը կարող է դառնալ «նկարազարդում» գեղարվեստական տեքստի համար։ Դեռ ավելին՝ ցավն այն է, որ այսկերպ կարող եմ խանգարել այն հազվագյուտ ընթերցողին, որը չի ափսոսա իր թանկագին ժամանակը գրքի կոդերը սեփական երեւակայության ու ինտելեկտի անգին ռեսուրսների գործադրմամբ բացահայտելու կամ պեղելու բաներ, որ ինքս չեմ էլ նկատել:

Գրեցի՞ր այդ տեքստը։

Մասամբ, բայց երկու տարի անց: Մինչ այդ մի երկար շրջան մեծ հիասթափություն ունեցա իմ գրքից․․․ Իհարկե, պետք է նշեմ ամերիկահայ ավանգարդ բանաստեղծ Արա Շիրինյանի արժեքավոր ելույթը Գլենդեյլում գիրքի շնորհանդեսի ժամանակ, որտեղ «Ատերազմա»-ն ներկայացրեց կոնցեպտուալ ու, այսպես կոչված, կոնկրետ գրականության համատեքստում։

Սակայն Հայաստանում գիրքը որեւէ նշանակալի ուշադրության չէր արժանանում․ ոչ մի գրականագետ կես բառ անգամ չասաց: Միայն «Ինքնագիր» հանդեսում գրքից հատվածներ հրատարակվեցին:

Կասկածի որդերն անցան հարձակման:

Մտածեցի՝ ինչ-որ բան այն չեմ արել․․․ Բայց չէի կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ որտեղ եմ գործը փչացրել: Պատասխան չէի գտնում, որովհետեւ ընթերցողից ազդակ չկար։ Իսկ ինձ համար կարեւոր էր դա, որովհետեւ նոր բան էի փորձարկում ու ինքս էլ էի փորձում հասկանալ, թե ինչ եմ արել: Իսկ երբ փորձեր եղան գրքի մասին խոսելու, լռեցվեցին․․․

«Բարձր գրականություն» հաղորդաշարին մասնակցելու հրավեր ստացած Էդիկ Պողոսյանը ցանկություն էր հայտնել խոսել «Ատերազմա»-յի, փորձարարական արվեստի մասին, սակայն հաղորդաշարի հեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը հրաժարվել էր` նշելով, որ այդ գրքից ոչ մի բան չի հասկացել:

Անցյալ տարի Սագօ Արեանը մի ժամից ավելի հարցազրույց վերցրեց ինձնից «Ատերազմա»-յի մասին, խանդավառվեց, բայց այդպես էլ չհրատարակեց` համառորեն լռելով պատճառների մասին:

Հրատարակիչը (Վահան Իշխանյանը), որքան գիտեմ, առաջարկել էր որոշ գրաքննադատների, արվեստաբանների գրախոսել: Ի վերջո ինքն էլ երեւի կորցրեց հետաքրքրությունը (ակնարկ պիտի գրեր, չգրեց), բայց այդ արվեստաբաններից մեկի` Էլլա Կանեգարիանի էսսեն երկուսուկես տարի անց հրապարակվեց «Գրանիշ»-ում։

Գուցե շատերը մտածում են՝ «պացիֆիստական» գիրք է, մեր իրականության համար անընդունելի կամ ուղղակի անկապ մի բան ․․․ Չգիտեմ․․․

Տես՝ ես որպես ընթերցող շատ զգույշ եմ մոտեցել գրքին, որովհետեւ կարծել եմ՝ ապակոդավորելու մի ամբողջ աշխատանք ունեմ տանելու։ Ընդ որում հավանականությունը շատ մեծ է, որ ես կարող եմ «սխալվել», որովհետեւ ինչ-որ մի շերտում գուցե ինֆորմացիայի պակաս ունենամ։ Այսինքն պատերազմի մասին «այլ» տեքստ կարդալը կամ այս դեպքում նաեւ «տեսնելը» հեշտ բան չի։

Հասկանում եմ ասածդ․ ես ուզում եմ ուղղակի խոսք բացվի։

Հայաստանում գրական գործընթացը շատ թույլ է․ մենք անընդհատ գրում, գրում ենք, բայց չենք խոսում գրելու գործընթացի մասին, իսկ դա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք նաեւ, ուղղորդենք միմյանց կամ հակառակը՝ ի հեճուկս ուղղորդման ճիգերի մի այլ բան ստեղծենք։ Թամար Բոյաջյանի «Silent Word-City» բանաստեղծության մասին անգլերեն վերլուծությունս, Գեմաֆին Գասպարյանի «Չկա` չկա» բանաստեղծական ժողովածուի համար հայերեն ակնարկս այդ մոտեցման օրինակներ են:

Այսինքն` եթե այս գրքին դժվար է մոտենալ, խնդրեմ, խոսենք, ասենք՝ դժվար է այս գրքին մոտենալը, կամ այնքան պրիմիտիվ է այս գիրքդ, որ անգամ խոսել չարժե, բայց նրանք, ովքեր դեմ են ինձ կամ իմ ստեղծած գրականությանը, անգամ իրենք այս գրքի դեպքում լռում են, որովհետեւ հավանաբար ցանկացած, անգամ թթու խոսք ընկալվում է որպես գովազդ, այլ ոչ թե գրական գործընթացի աշխուժացում:

Ինչու՞ ես կարծում, որ կան մարդիկ, ովքեր դեմ են քեզ կամ քո գրականությանը։

Լավ հարց ես տալիս․․․

Ես այնպիսի գրականություն եմ գրում, որ հեշտ է քննադատել կամ համարել վատը։ Ինքս էլ ոչ միանշանակ եմ վերաբերվում իմ որոշ երկերին, բայց այդ կարծիքը բավականաչափ առիթ չի, որ դադարեմ գրել։

Ես անընդհատ որոնումների մեջ եմ, շարունակում եմ ստեղծագործել, տարվում եմ փորձարարությամբ, հաճախ եմ անդրադառնում հին գործերին՝ ցանկություն ունենալով փոփոխել, հատվածներ հեռացնել եւ այլն, եւ այլն․․․ Որովհետեւ իմ մեջ կա կատարելապաշտը, որին ես ե՛ւ ատում եմ, ե՛ւ սիրում։ Կա նաեւ անհոգ մեկը, որը միշտ պայքարում է այդ կատարելապաշտի դեմ․․․ Հակառակ դեպքում, եթե ամեն բան մնա կատարելապաշտի հայեցողությանը, ոչինչ չի հրատարակվի։

Այդ անհոգ ես-ը վերջին պահին խլեց նաեւ «Ատերազմա»-ն եւ հրատարակելու տարավ։

Բայց «Ատերազմա»-ն, այնուամենայնիվ,  ուշադրության արժանացավ։

Հա ու ինձ համար ամենաանսպասելի տեղից՝ Պորտուգալիայից։ Ավելի ուշ իմացա, որ դրանից մի քանի ամիս առաջ պատերազմին նվիրված ինչ-որ սեմինարի շրջանակներում Կոիմբրայի համալսարանում հոգեբան, գրականագետ Աննա Բլուրցյանը հայ գրականության մեջ պատերազմի արտացոլման երկու օրինակ էր ներկայացրել` Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպն ու «Ատերազմա»-ն: Սակայն պորտուգալացիներին տպավորել էր «Ատերազմա»-ն՝ որպես պատերազմը, բռնությունը բոլորովին նոր լեզվամտածողությամբ ներկայացնող ստեղծագործություն: Տվյալ կտրվածքով ուշագրավ է այս երկու մշակույթների գրական ճաշակի կոնտրաստը:

Այդ հրավերը եղավ դրդապատճառ մի ամբողջ դասախոսություն գրելու համար: Պորտուգալիայում, փաստորեն, իմ առաջ դրված մարտահրավերն էր ոչ հայախոս լսարանին ներկայացնել անթարգմանելի տեքստս։ Ես պիտի ոչ միայն պատմեի, այլ նաեւ համատեքստ թարգմանեի, որ, վերացական պատերազմից զատ, իրենց հասկանալի լիներ «մեր պատերազմը», հայ-ադրբեջանական երկխոսության կարեւորությունը գոնե լեզուների մակարդակով: «Ատերազմա»-յում ադրբեջաներեն տեքստի առկայությունն այդ երկխոսությունն ապրեցնելու փորձ է:

Ինչեւէ, սեմինարի վերջում մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցի պորտուգալացի գրականագետ, գերմանագետ Անտոնիո Սուսա Ռիբեյրուի եւ փիլիսոփա Մարկ Նշանյանի տպավորությունները գրքի մասին։

Այսօր կարդացի, որ պատերազմներն այսպիսի բաժանում ունեն՝ «արդարացի» եւ «անարդար»։ «Արդարացի» են պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանափակման դեմ, ինչպիսին են Աբխազիայի, Ղարաբաղի, Քաշմիրի, Պաղեստինի պատերազմները․․․ Դրանք «արդարացի» են, բայց «ոչ թույլատրելի»․․․

Հիմա քո տեքստն ինձ հիշեցնում է այդ «արդարացի», բայց «ոչ թույլատրելի» սահմանումը։ Թվում է՝ տեքսդ ինքնորոշման իրավունքի համար մղվող կռիվ է։

Ես փորձում էի պատերազմ մղել քերականության, ուղղագրության դեմ։

Ճիշտ ինչպես երեխան, ես փորձում էի կապկել մեծահասակների պատերազմը, կրակել ինքնաշեն խաղալիք զենքով․ այդ խաղն անել լեզվի հետ։

Դասախոսության ժամանակ նշեցի, որ փոքր ժամանակվա փորձառություններս արտացոլվել են «Ատերազմա»-յում․․․  Տես՝ Սովետական միության հերոս քաղաքների մեջ Երեւանը չկար․․․ Ու ինձ ցավ էր պատճառում այդ փաստը, ես տխրում էի, որ այդ 12 հերոս-քաղաքները ջարդուխուրդ են եղել, իսկ Երեւանը կանգուն է մնացել։ Վերապրողի սինդրոմ է չէ՞․ այն ամոթի զգացումն ունես, որ դու ապրեցիր, մյուսը՝ մահացավ։

Հասկանում եմ քեզ դպրոցում ես էլ մեղքի զգացում ունեի, որ հայրս պատերազմ չի գնացել։

Հա․․․ Ու գիտե՞ս՝ այդ մեղքի զգացումը երբ վերադարձավ` կերպարանափոխված․․․

Հը՞ն․․․

Երբ Ապրիլյան պատերազմն սկսվեց։ Այսինքն պատերազմն իմ դաշտ պիտի գար, որ ես մտածեի՝ այդ ինչպես է, որ ողջ արաբական աշխարհը կրակի մեջ է, իսկ ես հիմա եմ մտածում պատերազմի մասին, անձնական մակարդակի վրա եմ ապրում շոկս փաստորեն։ Բայց հակված եմ կարծել, որ Ապրիլյան պատերազմը պարզապես վերջին կաթիլը եղավ:

Ապրիլյանի ժամանակ, երբ կարդում էի լուրերը, բառերն ազդում էին նյարդերիս վրա․․․ Այդ կանոնավոր կետադրությունը, անբիծ ուղղագրությունն ու քերականությունը պահպանելով՝ խոսում էին ջարդուփշուր եղած մարդկանց մասին։

Հենց այս ոչ ռացիոնալ ցավն էր, որ լեզուն կոտրելու միտք առաջացրեց։

Դադար (ծանր դադար)

Կարեն, վիճակագրությունից զատ ի՞նչ է մնում պատերազմից հետո։

Ապրիլյանն այդ իմաստով ուրիշ էր․ թերեւս չհամաձայնեմ հետդ, որովհետեւ այս անգամ Պաշտպանության նախարարությունը (սոցիալական ցանցերի միջոցով հատկապես) ապավիճակագրայնացում կատարեց։

Հիշում ես՝ նրանք զինվոր առ զինվոր հրապարակում էին լուսանկարները, նշում էին՝ «ցավում ենք եւ հպարտանում», հետո ծննդյան ամսաթիվն էր, հոգեհանգստի վայրը, ժամը․․․ Այդպես յուրաքանչյուրին, հերթով․ բոլոր զոհվածները հայտնվում էին Ֆեյսբուքի «կոնվեյերի» վրա։

Սա այն գործողություններից մեկն էր, որն ուժեղ տպավորություն թողեց․ մենք այլեւս չենք կարող թաքնվել վիճակագրության հետեւում, չենք կարող չապրումակցել, չտառապել։

Տեսնում էինք, որ այս  կամ այն տղան, որ չհասցրեց անգամ որակյալ լուսանար ունենալ, մահացավ: Այդ վատ որակի լուսանկարներն էլ էին մեզ ապրումակցելու տեղ բացում․ դրանց մեջ տեսնում էինք մահացած զինվորին, բայց քաղաքացիական հագուստով, որը թույլ չէր տալիս զինվորին զինվոր ընկալել․․․ Ընկալում էիր միայն այն, որ մի երիտասարդի մահին հաջորդում է մյուսի մահը։ Նույնը հակառակորդի կողմում էր ըստ երեւույթին, որի մասին, իհարկե, նույնկերպ չէր խոսվում այստեղ։

Դադար

«Ատերազմա»-յում երկու կողմերի զոհվող մարդն է կարեւորվում։ Այո, ցանկացած պետության սուվերենության երաշխիքը զինված ուժերն են․ ուզես, թե չուզես այդ ռազմական ուժի սպառնալիքի միջոցով ես կայանում որպես պետություն։  Այդ հին ճշմարտությունը, որ, եթե խաղաղություն ես ուզում, պիտի պատրաստվես պատերազմի, չի հերքվում ոչ մի կերպ։

Գիրքն էլ այս իմաստով ոչ այնքան պացիֆիստական մոտեցում է․ այո, տվյալ հասարակությունը ստիպված է որեւէ մեկին զոհել, որ մեծամասնությունը ողջ մնա։ Դա այն ցավալի պայմանն է, որով կայանում են հասարակությունները, պետությունները։

Առանց պատերազմի էլ կա «զոհելու» նախապայմանը։

Հա, բայց ինձ համար կարեւոր է դառնում այն, որ միգուցե ստիպված ենք զոհում անհատին, որին այլեւս մոռանալ չենք կարող։

Ինձ հետաքրքիր է այն տղայի կամ աղջկա վիճակը մեկ վայրկյան առաջ՝ մինչեւ գնդակը կմխրճվի ուղեղի մեջ։ Ինձ այդ մարդու հոգեվիճակն է հետաքրքիր, քանի դեռ պրոպագանդան չի լղոզել այն։

«Մահ ոչ իմացեալ մահ է», «ցավում ենք եւ հպարտանում»․․․ Չգիտեմ՝ միգուցե սա օգնում է, ոգեւորում, ինչպես կրոնը, որ մահվան պարագայում չհուսալքվես, մտածես վերածնվելու մասին․․․Համակարգն օգնում է մահանալուն՝ գործարանի հաստոցը յուղելու պես։

Ես փորձել եմ այս շերտերը հանել, դուրս բերել։ Տղան, որ պոկեց օղակն ու պայթեցրեց ինքն իրեն․․․ Այս համատեքստում այլեւս չես կարող կարեւորել սահմանի անսասանությունը, հերոսությունը․․․ Կարեւոր է դառնում անձը, որը պիտի մասնատվի հազարավոր մասնիկների․ այդ անձը գիտակցում է դա։

Ես պոկեցի Եղիշեի տեքստի –մ-ն․ «Ահ ոչ իմացեալ ահ է, ահ իմացեալ՝ ահութիւն»։ Ո՜նց թեքում ես, ահ-ն է․ պիտի չմոռանանք, թե ինչի միջով է «մասնատվող» անհատն անցնում մեր ապահովության համար․․․ Մահվան եւ ահի իմացությունը ապրողի համար է կարեւոր դառնում։ Երբ «անմահություն»-ից պոկում էի «անմ» տառերը, ընկնելիս այնպես դասավորվեցին, որ ստացվեց «մնա»:

Պորտուգալիայում վարածդ դասախոսության տեսագրության սկիզբը հասցրեցի դիտել ու նկատեցի, որ Բրեխտից մեջբերում ես հետեւյալը «Դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոսներ»։ Շարունակությունը դեռ չեմ դիտել,  որպեսզի հասկանամ մեջբերմանդ տրամաբանական շարունակության կառույցը․․․

Այս օրինակը «փոքր» Կարենի 80-ականների ընկալումն էր «հերոս քաղաքների» մասին: Այսինքն` «դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս քաղաք»․․․ Բայց ի պատասխան սրան՝ Գալիլեյը ասում է՝ դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի։

Հերոսներին հղում տալը չի հեշտացնում նոր պատերազմին կամ նոր համակարգերին գնալը։

Հերոսը հղման համար փաստ է դառնում․ «եղիր այս ինչի, այն ինչի պես»։ Սա արքետիպային իրողութուն է, որովհետեւ թե՛ որպես անհատ, թե՛ որպես հասարակություն դատապարտված ենք ինքնապաշտպանության։ Այսինքն նորից նույն միտքն է․ միշտ կա ինչ-որ մեկը, ով իրեն պիտի զոհաբերի, որ տվյալ հարասակությունը կամ երկիրը գոյատեւի։

Այս նույն տրամաբանությամբ ստացվում է՝ պիտի պատերազմենք, որ խաղաղություն լինի։

Բայց այդպես է։ Երբ պետությունները այնքան են հզորանում, դառնում են «մահացու», ինչպես Ռուսաստանն ու Ամերիկան, նրանց համար պատերազմը դառնում է անհնար։ Այսինքն` ռազմական անընդհատ հզորացումն այն ծանր գինն է, որ մենք վճարում ենք պատերազմ չունենալու համար։ Իհարկե, կարող ենք երազել խաղաղության մասին, բայց փաստ է, որ պատերազմի սպառնալիքն է հաճախ զսպում պատերազմը։

Հենց այս ռազմական մրցավազքն ու ռազմական մրցակցությունն է, որ, ցավոք սրտի, նույն տեղում ապահով մնալու առիթն  է ստեղծում: Կարմիր թագուհու համախտանիշն է գործում․ հակառակ դեպքում Ամերիկան եւ Ռուսաստանը կպատերազմեին, եւ ողջ մարդկության գոյությունը հարցականի տակ կդրվեր։

Այսպես ասած, «մաքուր» պատերազմներ այլեւս չկան․․․

Մեծ մասը միջնորդավորված պատերազմներ են, այո (proxy war)․․․

Դադար

Կարեն, Բալկոնում մի մշտական մի հարց կա քո ու Հայաստանի հարաբերությունները։

Ֆեյսբուքում հարաբերությունների կարգավիճակ սահմանելու հնարավորություն կա, չէ՞․․․ Հիմա իմը «complicated»-ն է (բարդ)։ Անգլերեն ասում են՝ «love and hate relationship»․ ինձ թվում է այդպես կարելի է բնութագրել իմ հարաբերությունը Հայաստանի հետ։

Բայց զգացմունք կա․․․

Իհարկե, կա։ Ապրիլյան պատերազմը դրա ցուցիչն էր. ես զարմացա, որ խորապես հուզող բան կար, խիստ ծանր տարա փաստը․․․

Դադար

Ինձ համար լեզուն է կարեւոր, եւ Հայաստանն իմ լեզվի հայրենիքն է, այն երկիրը, որ կենդանի է պահում իմ լեզուն, ինչի համար երախտապարտ եմ։ Չնայած որ լեզուն որեւէ կերպ չեմ սրբացնում (ինչպես ունակ չեմ սրբացնելու որեւէ այլ բան), բայց սիրում եմ։ Այս իմաստով հարաբերություններս էլ հիմնականում մշակույթի, լեզվի բերումով են։

Ես շատ բան չեմ սիրում հայկական մշակույթից, բայց այդ ամենի կրողն եմ։ Ամերկա գնալով փորձել եմ հասկանալ մեր մշակույթի նրբերանգները, նաեւ այն, թե ինչ կա մեջս, որից զզվում եմ եւ կարող եմ փոխել, հանել։

Ամերիկա գնալը Հայաստանից հեռանա՞լն էր, թե՞ հենց Ամերիկա գնալը։

Լավ հարց ես տալիս․․․Ինձ թվում է՝  Հայաստանից գնալն էր․ ինձ պետք էր այլ իրականություն, իսկ Ամերիկան շատ կարեւոր էր իր բազմամշակութայնությամբ (տարբեր ազգերի բացակայությունն ազդում է խոսքի վրա․ նկատել եմ՝ ինչպես կարող ենք շատ վատ կերպով խոսել այլազգիի մասին եւ անգամ չնկատել դա, այդպես լճանալ դրա մեջ, լկտիություն թույլ տալ խոսքի մեջ)։

Ասում ես՝ Հայաստանը լեզուն պահելու տեղն է, բայց այդ լեզուն դրսում այլեւս իր տեղային հատկանիշը չունի, քեզ չեն կարող հասկանալ հայերենով։

Ես ինձ հանգիստ եմ զգում, երբ հայերեն եմ գրում եւ ինքս էլ թարգմանում անգլերեն։ Հեռու լինելով Հայաստանից՝ կարծես բնազդաբար կարեւորվել է լեզուն․․․ Մի քիչ դժվար է ռացիոնալ կերպով բացատրել, թե որն է դրա նպատակը․ ի վերջո գուցե հարյուր, երկու հարյուր տարի անց աշխարհում մեկ լեզու մնա։ Ես այս հաշվարկներով չեմ առաջնորդվում եւ հաճախ ստեղծագործում եմ երկու լեզվով միաժամանակ։

Դադար

Հիմա ի՞նչ զգացումներ են, Անու՛շ․․․

Այնպես ստացվեց, որ երբեմն հարցը չտված, դու արդեն հենց այդ հարցին էիր պատասխանում․․․ Տագնապը հետ մղվեց, երբ ես առանց ընդհատման ստացա պատասխաններ, որոնք ինձ հետաքրքրում էին։ Չգիտեմ՝ ընթերցողի համար առաջացնում է տագնապ, թե չէ, բայց ինձ համար  զրույցն ստացված է։

Երբ արդեն «Ատերազմա»-յի մասին դասախոսությունդ պատրաստ լինի, հղում կտամ  տեսանյութին ու այդպես կամփոփեմ զրույցը այդ դասախոսությունը, թեեւ կամփոփի զրույցը, բայց նոր երկխոսության առիթ գուցե դառնա․․․

Հետգրություն

Զրույցից մեկ ամիս անց Կարեն Ղարսլյանն արդեն Ամերիկայում էր, երբ ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց «Ատերազմա»-յի մասին դասախոսության տեսագրությունը՝ գրելով․

«Այս դասախոսությունը փորձ է ապակոդավորելու «Ատերազմա»-ն, որը Մարկ Նշանյանը մեկ տարի առաջ բնորոշել էր որպես OVNI` չբացահայտված թռչող օբյեկտ, իսկ Աննա Արզումանյանը` պատերազմի մասին պատերազմի լեզվով խոսող գիրք: Այս երեւանյան դասախոսության ժամանակ դեռ չգիտեի, որ մի ամիս անց «Ատերազմա»-յի մասին Արամ Սարոյանից լսելու եմ` «Սա նոր ժամանակաշրջանի գլուխգործոց է»: Շատ հուզիչ էր լսել այս խոսքերը մեկից, որի ստեղծագործությունը պատանեկությանս տարիներից ներշնչանքի աղբյուր է եղել ինձ համար: Ինչեւէ, այս գիրքն ինձ համար մնում է պարզապես սեւագիր իմ պատկերացրած անիմացիոն ֆիլմի համար, որը երազում եմ մի օր իրականություն դարձնել»։

Դասախոսության հղումը՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։