HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հուրգադայից Երեւան է տեղափոխվել զբոսաշրջիկների հերթական խումբը

Այսօր Հուրգադա-Կահիրե-Երեւան չվերթով Եգիպտոսից հայրենիք է վերադարձել հայաստանցի զբոսաշրջիկների չորրորդ խումբը: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք տեղական «A&R» տուրգործակալության պատճառով հայտնվել էին վատ դրության մեջ. քանի որ տուրգործակալությունը չէր վճարել ավիափոխադրողին՝ հունական «Orange2Fly» ընկերությանը, վերջինս չէր իրականացրել նախատեսված թռիչքները, ինչի հետեւանքով հանգստի մեկնել պատրաստվողները չէին կարողացել ուղեւորվել Եգիպտոս, իսկ վերադառնալ պատրաստվողները՝ հետ գալ Հայաստան:

Այդպես հուլիսի 25-ին նախատեսված Հուրգադա-Երեւան չվերթը (համարը՝ OTF 3703, կատարող՝ «Orange2Fly») ձախողվել էր, ամսի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հրավիրվել էր կառավարության արտահերթ նիստ, որում որոշվել էր համաձայնել եգիպտական «Spot Air» ավիաընկերության առաջարկած պայմաններին: Վերջինս պետք է իրականացներ Հուրգադայում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը Երեւան: Դրա համար ընկերությունը Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից պահանջել էր կանխիկ վճարել 47.121 դոլար, իսկ հուլիսի 29-ի չվերթի համար բանկային փոխանցում կատարել: Գործադիրը երկու անգամ Հուրգադա-Երեւան հատուկ չվերթ իրականացնելու համար որոշել էր ԱԳՆ-ին տրամադրել 47.198.800 դրամ (մոտ 100 հազ. դոլար):

Հուլիսի 26-ի Հուրգադա-Երեւան չվերթն (UJ 5600) իրականացրել էր եգիպտական «AlMasria Universal Airlines»-ը, որն, ըստ էության, իր հերթին կատարել էր «Spot Air»-ի պատվերը: Հուլիսի 29-ին արդեն հունական «Orange2Fly»-ն էր Հուրգադայից մեր զբոսաշրջիկներին տեղափոխել Երեւան (OTF 3701): Օգոստոսի 1-ին էլ կրկին կառավարության պատվերով հայկական «Տարոն-Ավիան» էր իրականացրել Հուրգադա-Երեւան հատուկ չվերթը (H7 7798): Գործադիրի նիստի ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ հայկական ավիաընկերությանը վճարվելու է 12 հազ. դոլար, այսինքն՝ անհամեմատ ցածր գին, քան պահանջել էին եգիպտացիները, փոխվարչապետ Ավինյանն էլ նշել էր, թե մեծ զեղչեր են ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ու «Տարոն-Ավիայից». «Կարելի է ասել՝ ինքնարժեքից նույնիսկ ցածր ենք վճարում»:

Այդուհանդերձ, տեղական փոխադրողն էժան գնով իրականացրել է միայն մեկ չվերթ, իսկ այսօրվա թռիչքը կրկին կատարել է «AlMasria Universal Airlines»-ը: Սա, ըստ էության, շուրջ 100 հազ. դոլար գնահատված երկու չվերթներից երկրորդն է:

«AlMasria»-ի օդանավը մեր զբոսաշրջիկներին այսօր Հուրգադայից նախ տեղափոխել է Կահիրե, ապա այնտեղից ուղղություն վերցրել դեպի Երեւան (թռիչքը՝ UJ 1005): «Զվարթնոցում» ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 11:46-ին:

Թվում է, թե այսքանից հետո ավարտվեց այն զբոսաշրջիկների ոդիսականը, ովքեր տուրգործակալության պատճառով փաստի առաջ էին կանգնել: Մյուս կողմից, սակայն, 2 հատուկ չվերթի համար բավականին թանկ գին վճարեց պետությունը, այնինչ ամեն ինչ կարելի էր կազմակերպել տեղի ուժերով եւ բազմապատիկ էժան:

Հայտնի է, որ «A&R»-ի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել, նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը: Քրգործի հիմքում դրվել է ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետը. «Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter