
Մելիք Մանուկյանի ավտոմեքենայի պայթյունի գործով երեք մեղադրյալները կալանավորվել են
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Այս մասի հաղորդում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963թ. և 1966թ., մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել