
560 միլիոն դրամ՝ երկրաշարժից անօթևան մնացածների բնակարանային խնդիրների լուծման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 560 միլիոն դրամ հատկացնել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կառավարության անդամներին հայտենց, որ այս գումարի շրջանակում 61 ընտանիքի կապահովեն բնակարանով։
Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ այս գումարը 60 ընտանիքի կապահովի բնակարանով, ինչպես նաև կվերացնի կառուցված 31 բնակելի տների թերությունները։
560 միլիոն դրամից 452 միլիոն դրամ տրամադրել Լոռու, 75 միլիոն դրամ՝ Շիրակի և 32 միլիոն դրամ՝ Արագածոտնի մարզերին։
Ըստ նախագծի՝ Լոռու մարզին հատկացվող գումարից 344 միլիոն դրամով կավարտվի գյուղական բնակավայրերում կիսակառույց 24 բնակելի տների շինարարությունը, 51 միլիոն դրամով վերջնական տեսքի կբերվի տնամերձ հողամասերի վրա կառուցված բնակելի տների աշխատանքները։
Բացի այդ, 21 միլիոն և 36 միլիոն դրամ կտրամադրվի գյուղական բնակավայրերում և Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած 15 ընտանիքների։
Ինչպես նշեցինք, այս նախագծով գումար պետք է ստանան նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը։
Ըստ նախագծի՝ 75 միլիոն դրամ կհատկացվի Շիրակի Ախուրյան, Գետք, Մարմաշեն համայնքի Քեթի և Հացիկ բնակավայրերում 14 բնակարան և Արագածոտնի Հնաբերդ, Գեղաձոր և Նորաշեն համայնքների ծրագրի շահառու ճանաչված 6 ընտանիքի բնակարանների ձեռքբերմանը։
Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ծրագրի շահառու ճանաչված 5396 ընտանիքից 4839-ը բնակարանով ապահովվել են 2008-2017 թվականներին։ Այդ նպատակով ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ։ Սակայն դեռևս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր, որը կառավարությունը նախատեսում է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:
Հիշեցնենք, որ կոմիտեն այս նախագիծը հունիսի 12-ին քննարկման էր ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Մեկնաբանել