Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվեց
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատներին վերջապես հաջողվեց ձերբակալել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Այս մասին հայտնել է նախկին նախագահի շտաբի ներկայացուցիչը, ինչպես նաև Ատամբաևի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կունդուզ Աժիբեկովան:
Աժիբեկովայի խոսքերով՝ բացի Ատամբաևից ձերբակալել են նաև նրա երկու աջակիցների, որոնց թվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը: Ըստ Աժիբեկովայի՝ նրանց տարել ներքին գործերի նախարարություն, սակայն նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևն էլ ասել է, որ չգիտի, թե ուր են տարել իր պաշտպանյալին: Kloop-ն էլ հաղորդում է, որ Ատամբաևի կողմնակիցները շարժվում են դեպի ներքին գործերի նախարարություն:
AKIpress-ը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ուժայինները ավտոմեքենայով Ատամբաևին տեղափոխում են Բիշքեկ:
Հիշեցնենք, որ երեկվանից Ղրղզստանում լարված մթնոլորտ է: Այս երկու օրվա ընթացքում հատուկ նշանակության ջոկատները ձերբակալման նպատակով մի քանի գրոհ են կազմակերպել Ալմազբեկ Ատամբաևի առանձտնատան վրա, սակայն հանդիպել են նախկին նախագահի կողմնակիցների դիմադրությանը: Ուժայինների և քաղաքացիների միջև բախումների հետևանքով մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, իսկ մեկ հատուկջոկատային՝ զոհվել:
Ալմազբեկ Ատամբաևը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017 թվականներին: 2019թ. հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանը նրան զրկել է նախագահական անձեռնմխելիությունից: Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել