HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկ»-ը 0։4 հաշվով պարտություն կրեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ից

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 0:4 հաշվով պարտություն կրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոն»-ից: Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Չհաշված հանդիպման առաջին 20 րոպեները «Փյունիկ»-ը ոչինչ չկարողացավ առաջադրել զորեղ մրցակցին։ Խաղի հաշիվը բացվեց 29-րդ րոպեին, աչքի ընկավ Մեթյու Դոհերտին։ 42-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց «Վուլվերհեմփթոն»-ի առավելությունը և 0։2 հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում, երբ ժամացույցը դեռ չէր հասցրել իր առաջին պտույտը կատարել, «Փյունիկ»-ը երրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը, գոլի հեղինակը կրկին Ռաուլ Խիմենեսն էր։ Հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած առաջին րոպեին էլ Ռուբեն Նևեշը, հստակ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 0։4՝ դնելով խաղի վերջակետը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Անգլիայում։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը պայքարը սկսել էր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից, որում կարողացել էր հաղթահարել Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկուպի»-ի արգելքը: Երկրորդ փուլում երևանյան ակումբը կարողացել էր երկու խաղերի արդյունքներով առավելության հասնել չեխական «Յաբլոնեց»-ի նկատմամբ:

Եվրոպա լիգայի երրորդ փուլում է նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն, որը օգոստոսի 6-ին իր առաջին խաղում Հանրապետական մարզադաշտում 1:2 հաշվով զիջել էր վրացական «Սաբուրթալո»-ին:

Հարկ է նշել, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող միանգամից երկու թիմեր հասել են եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլ: «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ էր հասել նաև նախորդ տարի, սակայն ճանապարհը զիջել էր Թել Ավիվի «Մաքքաբի»-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter