HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Մանիակալ Ռոմանտիկա ու Ռոմանտիկ մանյակներ

էսսե 3000 անիմաստ կիլոմետրի մասին

«դու հիվանդ ես , դու վտանգավոր ես մարդկանց համար: Ցավում եմ, որ 3000 կիլոմետր կտրեցի անցա քո համար ու մի ամբողջ 5 օր ծախսեցի էդ քո ցուրտ Հայաստանի վրա: Ես  ամեն ինչ արեցի, որ սաղ սիրուն սկսի, բայց դու անգամ ընթրիքի հետս չէկար: Քեզ պետք ա բժշկի գնալ»:

Հունվարյան գիշերվա կեսին նման նամակ ստանալուց հետո վերջնականապես որոշեցի քնելուց առաջ հեռախոսս անջատած պահել, մի քիչ ավելի լավ սնվել ու, հա, ինձ հավանող ու հետևիցս ընկած տղամարդկանց հետ մի քիչ խոսել ակնկալիքների ու իրականության մասին: Ոնց ասեմ, որ մեր ակնկալիքներն ու հնարավորությունները միշտ չէ, որ համապատասխանում են մեկը մյուսին: Դա վարկունակության պես բան է, կամ ունես ուզածդ բանի համար վարկ վերցնելու հնարավորություն կամ ոչ: Չունենալու դեպքում մտովի ինչքան էլ ժիմ անես չես հասնի քո ուզած Բռաուն թեյնիկին: Նույն բանն էլ կանանց դեպքում: Ուժային մեթոդը կամ ստրատեգիկ տզրուկությունը չի, որ գրավում է նորմալ, վստահությունն արդեն տեղը բերած կնոջ ուշադրությունը: Բայց դե ոնց այսքանը բացատրել ու սպասել, որ ինձ կվստահեն, երբ տոկոսային մեծամասնությամբ տեսնելու են ճիշտ հակառակը՝ սկսած ռոմանտիկ հոլիվուդյան ֆիլմերից վերջացրած իրենց շրջապատով:

Ինչպես մարդուն, ում մեծացրել են «կնոջ սիրտը շահելու» գաղափարով, առանց մանրամասնելու թե դա ինչ է, բացատրես, որ անգամ «սիրտ շահելն» ունի չափ ու սահման ու որ անգամ այդ դեպքում ակնկալվում է փոխհամաձայնության գոնե մի նշույլ: «Ոչ»-ը «այո» սարքելու պրոցեսի մեջ չկա ոչ մի ալքիմիական հրաշք, դա զուտ կրկնության ու էմոցիոնալ տեռորիզմի միջոցով սեփական ցանկությանը մոտ գնալն է ուրիշի կամային հատկությունների բացակայության հաշվին: Այդքանից հետո ասեք խնդրեմ, ձեզ էդ ուզածը պե՞տք է: Ու մի բան էլ՝ էդ զոռով մի բարձի ծերանալը ձեր քնի վրա լավ կազդի, թե՞ կծերանաք մի բարձի, բայց անքուն՝ բառի բոլոր նրբերանգները մեջը ներառյալ:

Սենյակիս լույսը վառեցի ու ևս մի քանի անգամ վերընթերցեցի նամակը՝ փորձելով այս մարդու զայրույթի պատճառների համար գոնե մի փոքր լոգիկական հիմնավորում գտնել: Ցավոք, առանց սուրճ դա դժվար էր անել...

...վերջին անգամ այսքան երկար նամակ գրելուց մտածել եմ, երբ իրեն առաջին անգամ էի գրում ու ուզում էի հոդվածս դնի իր ամսագրում: Սա իմ խմբագիրն էր իտալիայից, ով ինձնից ընդամենը մեկ հոդված դնելուց հետո սկսեց ավելի ակտիվ ինձ գրել, մինչև մի օր իրականում տեսնվեցինք Հռոմում: 

Մեր կուրսի Լ.-ն էլ էր Հռոմը շատ սիրում, չեմ հիշում եղել էր, թե չէ, բայց լավ հիշում եմ, որ Իտալիայի լույսից կամ ճարտարապետությունից նենց սիրուն էր խոսում, որ կապույտ աչքերն էլ ավելի սիրուն էին վառվում, էնքան սիրուն, որ անհնար էր դրանց չնկատել: Էդպես մի օր մեկն էլ բացի կուրսեցիներից դա նկատեց ու իր հետևողական մանիակալ ռոմանտիզմի միջոցով շահեց նրա սիրտը... հետո երբ հասկացավ, որ էդքանը բավարար չի՝ փախցրեց: Հա, փախցրեց, հետո նվիրեց նրան ոսկի մատանի ու մի քանի երեխա, որ հաստատ տեղից երբեք ու ոչ մի տեղ չշարժվի... հա բայց էդ Լ-ն է, իսկ ստեղ Պաոլոն է՝ իտալացի ու թվում է, թե՝ զարգացած լրագրող, ում հետ պլատոնական հեռու գործնական հարաբերություններից ու մի երկու մշակութային միջոցառում այցելելուց  բացի ոչինչ չէինք կիսում, միայն 70-ականների ռոք խմբի հանդեպ համատեղ սերն:

Դեռ սուրճը ձեռքիս վերընթերցում եմ նամակը՝ այս անգամ համակարգչով, որ վրան նշումներ անեմ, թե որտեղ ինչ եմ պատասխանելու: Որոշեցի պատասխանել, չնայած մատս ինքնաբերաբար հա գնում էր ԲԼՈԿ-ին՝ որպես բոլոր հարցերի ունիվերսալ լուծում… էդ տեխնիկական էն քիչ նորարարություններից է, որոնք սիրտս փաղաքշում է ու ափսոսում եմ, որ իրական կյանքում էդ հնարավորությունը չկա, թե չէ կարելի էր միացնել ամեն անգամ փողոցում հայհոյանք լսելիս, մուրացկան տեսնելիս ու սանիտեկի առավոտվա նրբազմայլ բույրերը զգալիս... բլոկ, բլոկ, բլոկ... ու ամեն ինչ լավա լավա լավա... հոտ չկա, ցածր ու տանջվող խավ չկա, սաղ բարի են ու ստացվում ա, սաղ լավ ա... ու նշանակում ա անհանգստանալու ու պատասխանատու լինելու առիթ չկա: Հմմ, ի՞նչ, վատ կլիներ, որ լավ լիներ: Դե բայց լավ լինելու համար ոչ թե ամեն ինչը բլոկ ա պետք անել ու չնկատելու տալ, այլ քայլ անել՝ դրա ոչ քաղաքական, այլ ուղիղ կամ մետաֆորիկ իմաստով, ու փորձել մի բան փոխել….

...Հայաստան վերադառնալուցս հետո Պաոլոն փոխվեց ու չէր արձագանքում նամակներիս ու անգամ նյութերս չէր նայում: Այսպես 2 ամիս, որից հետո անսպասելի երկար նամակով ինձ տեղեկացրեց  իր զգացմունքների ու նման սենտիմենտների մասին ու նաև նշեց, որ շուտով կգա իմ հետևից: Որքան էլ դա ծիծաղալու հնչեց իմ համար այդ պահին, փորձեցի նորմալ նամակ գրել ու բացատրել, որ նման բաների կարիք չկա: Նա հասկացավ ամեն ինչ ու կրկին կորավ, բայց ուղիղ մի տարի հետո պարզվեց, որ այդքան էլ լավ չէր հասկացել, կամ չափազանց դանդաղ էր մտածում:

«3 օրից ես Հայաստանում եմ լինելու, անհամբեր սպասում եմ այդ օրվան, երբ երկրիդ հետ կծանոթանամ: Ինձ թվում է՝ քեզ պես գեղեցիկ է»: 

Հաշվի առնելով, որ նամակը ստացել եմ հունվարին՝ ուզում էի առաջնահերթ գրեի, որ հա, իմ երկրին իմ պես ցրտահարված է ու մի քիչ չորացած ու հաստատ իրա զահլան չունի, բայց հետո, հարգելով մարդու զգացմունքներն ու նաև Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակային ուղղվածությունը, նամակ գրեցի՝ ասելով, որ կծանոթացնեմ քաղաքի հետ, հետաքրքիր տեղեր կուղարկեմ, մարդկանց հետ կծանոթացնեմ, բայց ընդամենն այդքանը, մնացածի համար կարող է դիմել Տուրիզմի նախարարություն, այնտեղ նրա հարցերով կզբաղվեն: Գնված տոմսն էր անհնար վերադարձնել, թե ներսի չարդարացված ռոմանտիկայի ու միայնակության տոկոսը չգիտեմ, բայց դրանցից մեկի պատճառով Պաոլոն միևնույնն է եկավ:

Մեր առաջին ու միակ հունվարյան հանդիպման 40 րոպեի ընթացքում, որն անցավ զուտ երկու կապուչինո սպասելով, ես նայում էի Պաոլոյի դեմքին: Այդքան գոհ ու ինքնավստահ դեռ ոչ մի բան աշխարհում չէի տեսել, նման դեմքով երևի հեշտ կլիներ ուզածդ պահին վեր կենալ ու ինչ-որ անհասկանալի բջջային հավելվածի սթարտափի համար դրամահավաք  կամ իշխանափոխություն անել՝ հետևիցդ հավաքելով 18 ամյա աղջիկների լուրջ ու անկոտրում բանակ, որը նաև միաժամանակ լուսաբանում է իրադարձություններն իր Ինստա սթորիներում՝ հասցնելով նաև վճարովի պոստեր անել օրիֆլեյմի համար: Հետաքրքիր է՝ իտալացի տղամարդիկ էդպես ինքնավստահ են ծնվում, թե զարգացած տուրիզմի արդյունքում գոյացած մեկօրյա սիրավեպերի արդյունքում են կոփվում դառնալով «ԿԻՆԸ ՉԷ ՉԻ ԱՍՈՒՄ» մակնիշի պրեմիում դասի տղամարդ: Սովետական անեկդոտի պես՝ կինը պաղպաղակի պես է՝ սկզբից սառը, հետո հալվում է, հետո շիրա դառնում: Էս անեկդոտի լոգիկայում տեղ չկա «չէ»-ին, սառնությունը, այստեղ ներկայացված է զուտ՝ որպես գրավման տեխնիկա: Զգացվեց սրճիս մեջ, երբ վերջապես այն տեղ հասավ: Էդ հունվարյան ցրտին, Պաոլոյի գերվստահ դեմքին նայելով, հասկացա, որ ես հալվում եմ մենակ երևանյան անդիմադրելի շոգերից, իսկ շիրա դառնում մենակ իմ կամքով ու էդ վիճակին ինձ հասցնելու համար 3000 կմ հատել հաստատ պետք չի, ոչ էլ հետեվիցս վազել, ոչ էլ այլ քայլեր ձեռնարկել…

...էսպես ես մատս մի կողմ քաշեցի բլոկից ու հարգանքով, անգամ սիրո նշույլներով փորձեցի ձևակերպել պատասխան Պաոլոյին: Հույս ունեի, որ նա սթափ կնայի իր արարքին ու կհասկանա, որ իր կպչունությունը ոչ մի բանով չի տարբերվում թրիլլերների մանիակների կպչունությունից...

«հիվանդ եմ, այո, երևի հոգեբանի մոտ պետք է գնամ... միանշանակ: Ցավոք, ես չեմ կարող հավանել, համակրել, սիրել կամ այլ որևէ բան անել մարդուն, ով զոռով ջանք է թափում ուշադրությունս գրավելու համար ՝ առանց  հաշվի առնելու իմ ցանկության բացահայտ բացակայությունը ու որպես ուղեցույց օգտագործում ամերիկյան ֆիլմեր... էն՝ էլ 90-ականների վերջերի... գոնե հին ռոմանտիկ ֆիլմերով կողմնորոշվեիր, կարող ա մի բան ստացվեր...վերջիվերջո Բոգարտի դեմ խաղ չկա... Բոգարտի ու Հենրիկ Մխիթարյանի: Իմ ուշադրությունը ջանքի չափաքանակով չի շարժվում, այլ ինչ-որ ուրիշ անհայտ ու հաստատ ոչ ռոմանտիկ մեխանիզմներով... վստահ եմ նման վարքով դու կգտնես մեկին, ով կգնահատի քո ճարահատյալ արարքները... ու մեկին, ով ման է գալիս ինչ-որ շնչող  մի բան, որն իրեն կսիրի  կամ կբարձրացնի իքնագնահատականը….ես ոնց որ նման բաների կարիք էլ չունեմ: Քեզ լավ նայի, մեկ էլ, եթե բժշկի կոնտակտ ունես տուր, էս Հայաստանի հոգեբանները հաստատ դա չեն կարող բուժել. հարգանքներս»: 


Տես նաև՝  

Մեկնաբանություններ (3)

Քրիստիան Շարլակյան
Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ Աստծո արարչագործության մեջ մի մեծ թերություն կա ու դա մարդն է: Դե իսկ կին մարդը գործին բացարձակ չի օգնում: Չկա տողատակ ու մեղադրանք, ես ուղղակի մի օր կուզենայի հասկանալ ի՞նչ եք ուզում դուք' կանայք:
Էլլա Կանեգարիան
Շնորհակալություն Կ. Սահակյան, փորձում եմ հնարավորինս անկեղծ լինել, որովհետև կարծում եմ, որ ամեն մեկիս անկեղծանալու դեպքում հասարակությունը կարող է մի փոքր ավելի առողջ լինել ու մի փոքր ավելի հանգիստ: Բոլորս չենք լարվի փորձելով երևալ կատարյալ ու ավարտում ու ՄԵԾ հայ լինել, կարող ենք լինել նաև փոքր, պրոբլեմատիկ կամ խառը հայ, խառը մարդ...դա էլ է նորմալ, կարևորը սովորենք սիրել մեզ ))
Կ.Սահակյան
Մեջբերումներ))) "իմ երկրի ու իմ պես ցրտահարված է ու մի քիչ չորացած ու հաստատ իրա զահլան չունի" «ԿԻՆԸ ՉԷ ՉԻ ԱՍՈՒՄ» մակնիշի պրեմիում դասի տղամարդ: "Քեզ լավ նայի, մեկ էլ, եթե բժշկի կոնտակտ ունես տուր, էս Հայաստանի հոգեբանները հաստատ դա չեն կարող բուժել. հարգանքներս» -Ապրես, շատ լավ, թեթև "ամառային" և ամենակարևորը իրականության մեջ գտնվող հոդված էր։ Շատ լավ էս մտքերդ արտահայտում, էլի գրի։ P.S. Բայց էդ Պաոլոն մեղք է))))).

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter