HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը վարույթ չի ընդունել Մանվել Գրիգորանի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի` պահանջելով անվավեր ճանաչել նրան պատկանող «Արա և Այծեմնիկ բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ կայացված ստուգման ակտը, որով ԲԲԸ-ի վրա 1 մլրդ դրամից ավել հարկային պարտավորություն է դրվել:

Գրիգորյանի գործով հուլիսի 30-ի դատական նիստին պարզ դարձավ, որ 2019 թվականի հունվարին ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ում, և  այդ ստուգումների արդյունքում է ընկերության վրա դրվել վերը նշված հարկային պարտավորությունը:

ՊԵԿ-ից դատարան ուղարկված գրության համաձայն՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019-ի մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի է վերցվել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույք, որոնք, սակայն, Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էին: Հուլիսի 30-ի դատական նիստի ընթացքում դատարանը, քննության առնելով ՊԵԿ-ից ուղարկված  գրությունը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրայից կալանքը հանելու վերաբերյալ, որոշել էր բավարարել այն:

Այժմ Մանվել Գրիգորյանը բողոքարկում  է ՊԵԿ-ի՝ հունվարին կայացրած ստուգման ակտը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` Գրիգորյանը բաց է թողել ստուգման ակտի վերաբերյալ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետն ու միջնորդել բաց թողնված ժամկետը վերականգնել` պատճառաբանելով, թե «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենն իրեն չի հայտնել վարչական ակտի գոյության մասին, ինքը  վիճարկվող վարչական ակտը չի ստացել և դրա մասին չի իմացել մինչև հունիսի 30-ը:

Ըստ հայցվորի` վարչական ակտի մասին տեղեկացել և այն ստացել է իր ներկայացուցիչներից միայն այն ժամանակ, երբ իրեն վարչական ակտը հանձնելիս միաժամանակ հայտնել են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերության հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման առկայության մասին (Նշենք, որ ստուգման ակտն, ինչպես նաև կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները բողոքարկել է նաև «Արա և Այծեմնիկ» ընկերությունը):

Մանվել Գրիգորյանի հայցը վարույթ չընդունելու որոշման մեջ դատարանը նշել է,  որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը ենթակա են մերժման, քանի որ Մանվել Գրիգորյանը չի կարող տվյալ դեպքում հանդես գալ որպես ֆիզիկական անձ: Դատարանը համարել է, որ թեև Մանվել Գրիգորյանը հանդիսանում է «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 % բաժնետերը, այսինքն՝ միակ սեփականատերը, և վիճարկվող վարչական ակտն անմիջականորեն կարող է խախտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրա սեփականության իրավունքը, բայց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը սահմանում է, որ պարտավորությունների համար ԲԲԸ-ն պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, և որ  նման  ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության, նրա պարտավորությունների համար, այլ իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Ըստ էության, ստացվում է, որ վիճարկվող ակտով առաջադրված պարտավորության համար պատասխանատու է «Արա և Այծեմնիկ»  բաց բաժնետիրական ընկերությունը, ոչ թե Մանվել  Գրիգորյանը:

Անդրադառնալով բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին՝ դատարանը մի շարք իրավական նորմերի հղում կատարելով՝ գտել է, որ դատավարական գործողություններ կատարելու ժամկետները կարող են վերականգնվել այն դեպքում, երբ անձն այդ ժամկետը բաց է թողել հարգելի պատճառներով: Տվյալ դեպքում, դատարանի գնահատմամբ, Մանվել Գրիգորյանի  փաստարկներն այն մասին, որ «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենն իրեն չի հայտնել վարչական ակտի գոյության մասին, չի կարող հիմք հանդիսանալ ուժի մեջ մտած ստուգման ակտի վիճարկման համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար:

Այսպիսով, դատարանը որոշել է Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ Հրանտ Կարապետյանի միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ստուգման ակտն անվավեր ճանաչելու հայցադիմումի ընդունումը մերժել:

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

Ինչպես վերը նշեցինք, «Արա և Այծեմնիկ» ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի ստուգման ակտի և  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ կատարողական վարույթ հարուցելու որոշման: ԴԱՀԿ-ի դեմ հայցի շրջանակներում «Արա և Այծեմնիկ» ընկերնությունը դատարանին միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել և ԴԱՀԿ ծառայությանն արգելել ընկերության  գույքի և դրամական միջոցները բռնագանձելուն կամ արգելանք դնելուն ուղղված գործողություններ կատարել, սակայն այդ միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամից ավելի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նրա կնոջը՝  Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նույն քրեական գործով անցնում է նաև Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանն, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter