
ՊՆ-ն փոփոխություններ է նախատեսում սահմանափակումով պիտանի զինծառայության կարգում
Պաշտպանության նախարարությունն առաջիկա 2 ամիսներին քննարկելու է զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի, ինչպես նաև քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգերում փոփոխություն անելը:
Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Մենք հետաքրքրվել էինք, թե 2019 թվականի ամառային զորակոչի շրջանակներում սահմանափակումով պիտանի քանի՞ քաղաքացի է զորակոչվել զինված ուժեր: Հիշեցնենք, որ ծառայության այս կարգն ավելացվել է նախորդ տարի՝ ամառային զորակոչի ժամանակ: Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) զորակոչվում են թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն, հեմոգլոբինի տատանում և այլ առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկները:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարվա ամառային զորակոչի ժամանակ ԾՀՕԿ-ի շրջանակներում զորակոչվել է 83 զորակոչիկ, որոնցից 31-ը՝ գիշերամիզությամբ տառապող, 23-ը՝ թերքաշ, 20-ը՝ հիպերբիլիռուբինեմիայով տառապող (հեմոգլոբինի տատանում) և 9-ը՝ գերքաշ:
ԾՀՕԿ-ով զորակոչվող զինծառայողներն առաջնագծում մարտական հերթապահություն չեն իրականացնում, նրանց զինծառայությունը սպասարկման ու անցագրային օղակներում է: ԾՀՕԿ-ը ենթադրում է օրվա կրճատ պարապմունքներ և հանգստի ավելի երկար ժամկետ, ծառայության ընթացքում փորձաքննություն է նախատեսվում՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
Մենք ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե որ քաղաքներում տեղակայված զորամասերում է անցնում այս կարգացուցակով զորակոչված զինծառայողների ծառայությունը՝ առանց հարցնելու որևէ զորամասի համար, սակայն ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել` ասելով, որ նրանց ծառայությունն անցնում է տարբեր զորմասերում, որոնց տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք:
Հիշեցնենք, որ ծառայության այս կարգացուցակով զորակոչվում էին նաև մտավոր հետամնացության որոշակի աստիճան ունեցող անձինք (թեթև աստիճանի մտավոր հետամնացություն՝ առանց վարքային խանգարումների), սակայն այս ախտորոշմամբ զինծառայողների զորակոչվելուց հետո որոշակի դժգոհություններ եղան մամուլում, ինչից հետո կառավարության հուլիսի 26-ի նիստում 404 որոշման մեջ փոփոխություն կատարվեց: Օրենքով կրկին ամրագրվեց, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացության խանգարում ունեցող անձինք պիտանի չեն զինծառայության համար:
Թյուրընկալումներից խուսափելու համար ընդգծենք, որ այս կատեգորայի անձինք զորակոչվել են միայն 1 զորակոչի շրջանակներում՝ 2018-ի ամառային զորակոչ, նախկինում նրանք համարվել են ոչ պիտանի զինծառայության համար: ՊՆ-ն փոփոխության մեջ նշել էր, որ նշված կատեգորիայի անձինք զորակոչվելուց հետո հարմարվողականության խնդիրներ են ունենում:
Մենք հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք այս փոփոխությունից հետո հնարավոր է 404 որոշման մեջ կրկին փոփոխություններ լինեն՝ հաշվի առնելով այն, որ գիշերամիզությամբ տառապող անձինք ևս դժգոհում են իրենց ծառայությունից, և արդյոք ուսումնասիրվե՞լ է ծառայության այս տեսակի արդյունավետությունը:
«Պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսվում է քննարկել և առաջարկություններ ներկայացնել կառավարության 404 և 405 որոշումներում՝ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու է նաև ձեր հարցման մեջ բարձրացված խնդիրը»,- պատասխանել են նախարարությունից:
Նկատենք, որ ԾՀՕԿ-ով զորակոչվողների թիվը շատ չէ, և ամենայն հավանականությամբ ծառայության այս տեսակը քանակ ապահովելու խնդիր չի լուծում: Օրինակ` 2018-ի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվել էր 193 զինծառայող, որից 120-ը նախկինում վերոնշյալ առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածներն էին:
Այս փոփոխությունները նախատեսված էին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ագզ-բանակ» հայեցակարգի շրջանակներում և նրա նախաձեռնությամբ էին կյանքի կոչվել: Դեռևս 2016-ին «Ռ-Էվոլյոցիա» հաղորդման շրջանակներում նախկին նախարարը հայտարարել էր, որ շատ քիչ հիվանդությոններ կան, որոնցով քաղաքացին բացարձակ պիտանի չէ զինծառայության համար, «իսկ բանակը պետք է ավելի շատ ջանք դնի և գտնի այն պայմանները, որտեղ սահմանափակ կարողություններով քաղաքացին կարող է իր օգտակար ծառայությունը բերել»:
Եվ եթե, ինչպես ՊՆ խոսնակն է 2019-ի ամառային զորակոչի ավարտից հետո հայտարարել, որ զորակոչի շրջանակներում զորակոչվել է նախատեսվածից 15 տոկոսով ավել քաղաքացի, ապա կարելի է հետևություն անել, որ զինված ուժերն իր առջև դրված խնդիրը կարող է իրականացնել նաև առանց սահմանափակումներով պիտանի զինծառայողների՝ չվտանգելով վերջիններիս առողջությունը:
Լուսանկարում՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լուսանկարը՝ Gov.am-ի
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել