HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եղվարդի տարածաշրջանի ճանապարհները անբարվոք վիճակում են. Արամ Հարությունյանի ընկերության հետ պայմանագիրը խզվել է

Եղվարդի տարածաշրջանի ճանապարհները գնալով էլ ավելի դժվարանցանելի են դառնում ավտոմեքենաների համար: 2019 թվականի ընթացքում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, փոսալցումներ գրեթե չեն կատարվել, իսկ արված աշխատանքն էլ եղել է բազմաթիվ թերություններով:

Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի ճանապարհները տարիներ շարունակ սպասարկել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանին պատկանող «Նաիրիի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությունը: 

2019թ. հունվարի 29-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ ընկերությունը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը պարտավոր էր կատարել Կոտայքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ պահպանման աշխատանքները, որի դիմաց պետբյուջեից պետք է ստանար պայմանագրով նախատեսված 104 մլն 619 հազար դրամ: Սակայն ընկերությունը մինչև հիմա ստացել է միայն առաջին եռամսյակի համար նախատեսված գումարը՝ 10 մլն 833 հազար դրամ: 

Այս տարվա մայիսի 7-ին նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին, ուստի ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարությունը կազմակերպությանը չի վճարվել, և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:

Այսպիսով, Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունը պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, այդ պատճառով էլ նախարարությունից գումար չի ստացել ճանապարհների պահպանման ընթացիկ աշխատանքների համար, ինչն էլ հանգեցրել է Նաիրիի տարածաշրջանի ճանապարհների ներկայիս վիճակին: Երկրորդ եռամսյակում, ըստ պայմանագրի, «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ն պետք է ստանար 40 մլն 956 հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագիրն արդեն խզվել է: Նոր մրցույթը կայացել է 2019թ. հուլիսի 25-ին, և ըստ նախարարության՝ այս պահին ամփոփվում են մրցույթի արդյունքները, ինչից հետո հաղթող կազմակերպության հետ կկնքվի նոր հնգամյա պայմանագիր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ նոր պայմանագրի կնքումից հետո Եղվարդի տարածաշրջանի ավտոճանապարհների վիճակը հնարավորինս կարճ ժամկետում կբարելավվի: 

Նախարարությունը հայտնել է նաև, որ գերատեսչության աշխատակիցները մի քանի հանդիպումներ են ունեցել «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի տնօրենի (Յագոր Խերիմյան, հեղ.) հետ, քննարկել ճանապարհների վիճակը և պահպանման աշխատանքներում նախանշված թերությունները: Նախարարությունն արձանագրել է, որ հայնաբերված թերությունները վերացվում էին ուշացումով, ոչ լիարժեք և տեխնոլոգիական խախտումներով: Բացի այդ արձանագրվել է նաև, որ փոսային նորոգման աշխատանքները ընթանում էին դանդաղ տեմպերով:

Եղվարդի տարածաշրջանի ճանապարհները այժմ պատուհաս են դարձել վարորդների համար: Ճանապարհներին նույնիսկ այնպիսի տեղեր կան, որտեղ փոսերը շրջանցել հնարավոր չէ: 

Այս պահի դրությամբ Արամ Հարությունյանին պատկանող ընկերության նկատմամբ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կա հարուցված 4 կատարողական վարույթ, համաձայն որոնց՝ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձվի ընդհանուր 6 մլն 433 հազար դրամ: Պարտապանի նկատմամբ բաժնեմասի օտարում կատարելու արգելանք է կիրառվել:

«Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ այս տարվա մայիս ամսին գործադուլ էին արել՝ պահանջելով ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի (1000plus.am) տվյալներով` «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի կատարած վերջին պարտադիր վճարը եղել է 2018թ. հոկտեմբերին՝ 39 հազար դրամ, այսինքն՝ 39 աշխատակցի համար:

Ընկերության տնօրեն Յագոր Խերիմյանի հետ զրուցելու համար զանգահարեցինք «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ, որտեղից մեզ տեղեկացրին, թե տնօրենը տեղում չէ, և խնդրեցին մի փոքր ուշ զանգահարել: Դրանից հետո մեր կատարած երկրորդ զանգը ընդհանրապես անպատասխան մնաց:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Արամ Հարությունյանը պայմանագրեր է կնքել սեփական ընկերությունների հետ, այդ թվում «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի հետ: Վերջինս այս պահին գտնվում է հետախուզման մեջ և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter