
Հայկական ստարտափ. Renderforest-ի նոր գործիքակազմն ու էկո շենքը
Հայկական ստարտափ Renderforest-ը թույլ է տալիս ինչպես մասնագետներին, այնպես էլ ոլորտում փորձ չունեցող մարդկանց մի քանի րոպեի ընթացքում ստեղծել հեռարձակման որակի չափանիշներին համապատասխան տեսանյութեր, անիմացիոն հոլովակներ, լոգոներ ու կայքեր։ Այս առցանց գործիքը մարդկանց գրած տեքստը, սցենարն ավտոմատ վերածում է անիմացիայի, որն էլ կարելի է օգտագործել ինչպես կոմերցիոն նպատակով, այնպես էլ ներկայացվող նյութը հնարավորինս հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար։
Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հրաժարվել է հնարավոր բոլոր ներդրումներից՝ չցանկանալով ներգրավվել արտասահմանյան կապիտալում՝ ստարտափը ամբողջովին հայկական պահելու ու հենց այդպիսին համաշխարհային ընկերություն դարձնելու հեռանկարով։ Ընկերության գլխամասը Հայաստանում է, մասնաճյուղ ունեն նաև Գյումրիում։ Որոշել են ոչ թե ընկերության գլխամասը տեղափոխել Սիլիկոնյան Հովիտ, այլ այնտեղի աշխատանքային հնարավորություններն ու մշակույթը բերել Հայաստան։
Թիմը շատ արագ է աճել, այժմ 65 աշխատակից ունեցող Renderforest-ն ունի հատուկ ընկերության համար նախագծված էկո շենք, որտեղ հաշվի են առել ինչպես ընկերության գաղափարախոսությունը, այնպես էլ շրջակա միջավայրը չվնասելու ու հնարավորություններն արդյունավետ օգտագործելու լուծումները։ Էլեկտրականության 50%-ը սնվում է արեւից, իսկ ամբողջ շենքի աղբը տեսակավորվում է 3 մասի՝ թղթի, պլաստիկի եւ ընդհանուր աղբի ու ամբողջովին անվճար տրամադրվում է վերամշակման։
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել