HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեյրան Օհանյանի պաշտպանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել «Մարտի 1-ի գործով» դատավոր Արմեն Դանիելյանի որոշման դեմ

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը բողոքարկել է «Մարտի 1-ի գործով» վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը: Դատավոր Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում էր կայացրել՝ պարզելու համար գործով անցնող անձանց վերագրվող 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգի տապալումը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքում պաշտպան Կարեն Մեժլումյանը մի քանի հիմք է ներկայացրել:  Ըստ փաստաբանի` սահմանադրականության խնդիրը, որի մասին նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանն, իսկապես առկա է:

«Այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց գործը, ավելին, դիմեց Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` երրորդ անձի կարծիք իմանալու համար, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ճիշտ է գտել, որ սահմանադրականության խնդիր կա»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե գործը քննող դատավորը կասկած ունի որևէ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ և դիմում է սահմանադրական դատարան, ապա որևէ այլ դատարան չի կարող որոշում կայացնել, որ ՍԴ դիմելու հիմք չկա: Մեժլումյանը կարծում է, որ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, և այդ որոշման դեմ դատախազության բերած բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող վարույթ ընդունել, ուստի Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել ոչ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Պաշտպանը իր պրակտիկայի ընթացքում չհիշեց որևէ դեպք, երբ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկված լինի:

Վերաքննիչ դատարանում դատախազության և տուժող կողմի բողոքների քննության ընթացքում Կարեն Մեժլումյանը շուրջ երկու ժամ առարկություններ է ներկայացրել դրանց վերաբերյալ, մոտ մեկ ժամ առարկություններ էլ ներկայացրել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Կարեն Մեժլումյանի խոսքով` դատավոր Դանիելյանը գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու դատական ակտում որևէ հղում չի կատարել իր և Միհրան Պողոսյանի առարկություներին, և այդ հանգամանքը ևս դրվել է վճռաբեկ բողոքի հիմքում:

«Ես անգամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել եմ իմ առարկությունները, այսինքն` դատավորը կարող էր պարզապես դրանք արտատպել ու դնել որոշման մեջ, սակայն դատարանը դատախազության և տուժողների բողոքներն ամբողջությամբ ներառել է որոշման մեջ,  իսկ իմ և Միհրան Պողոսյանի բողոքների առնչությամբ միայն նշել, թե Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ելույթներից հետո Քոչարյանի պաշտպանը միջնորդություն արեց, որը դատարանը  համարեց իրավունքի չարաշահում և հեռացավ որոշում կայացնելու: Ես գտնում եմ, որ այտեղ ևս իրավունքի խախտում կա, հավասարության սկզբունքը պահպանված չէ»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ մինչ Սեյրան Օհանյանի բողոքը Արմեն Դանիելյանի որոշումը բողոքարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն, ով կայացրել է գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը, այլևս Քոչարյանի գործով դատավոր չէ, քանի որ նրա լիազորություններն այս որոշումից որոշ ժամանակ անց կասեցվել  են: Պատճառն, ըստ պաշտոնական տեղեկատվության, այն  է, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ նրա պաշտպանական թիմը համոզված է, որ Գրիգորյանի հետ տեղի ունեցածն իրականում առնչվում է Քոչարյանի և մյուսների գործով նրա կայացրած որոշումներին:

Դատավորի լիազորությունների կասեցումից հետո, ենթադրվում է, որ «Մարտի 1-ի գործը», որն առնչվում է Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին, պետք է մակագրվեր այլ դատավորի, սակայն նրա լիազորությունների կասեցումից շուրջ կես ամիս անց գործի վերամակագրում տեղի չի ունեցել: Հատկանշական է, որ գործի վարույթը կասեցնելու որոշումից օրեր անց` հունիսի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ, որը չի քննվել առ այսօր` թեև պետությունը պարտավոր է անհապաղ քննել նման միջնորդությունը: Գրավի միջնորդությունը չքննելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները ՄԻԵԴ գանգատ են ներկայցրել:

Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում կարծիք հայնեց, որ այժմ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մի բողոք, որը չպետք է վարույթ ընդուներ:

«Վարույթ ընդունելուց հետո խախտումների շարք սկսվեց, և այժմ մարդիկ չեն կարողանում Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքից օգտվել, դատավորի լիազորությունները կասեցվել են, բայց գործն այլ դատավորի չի մակագրվում»,- ասաց Կարեն Մեժլումյանը` հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ իրենց  բողոքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter