
«Արարատ-Արմենիա»-ին մեկ քայլ է բաժանում Եվրոպա լիգայի խմբային փուլից. «Սաբուրթալո»-ի արգելքը հաղթահարվեց
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Թբիլիսիում 2:0 հաշվով պարտության մատնեց «Սաբուրթալո»-ին և Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեց: Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով հաղթել էր վրացական թիմը:
Հանդիպումը հիմնականում բավական դիտարժան ստացվեց՝ փոխնիփոխ գրոհներով, սակայն գոլեր խփել հաջողվեց միայն երևանյան թիմին: Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, աչքի ընկավ «Արարատ-Արմենիա»-ի ռմբարկու Անտոն Կոբյալկոն, սակայն ցանկալի արդյունքի համար ևս մեկ գոլ էր պետք, որը ծնվեց երկրորդ խաղակեսի միջնամասում: 67-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, հստակ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 2:0, ինչն արդեն Հայաստանի չեմպիոնի համար ձեռնտու արդյունք էր:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում չնայած «Սաբուրթալո»-ի գրոհների տեղատարափին՝ «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, ինչի շնորհիվ հասավ պատմական արդյունքի: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմը դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ, որտեղ էլ առավելության հասնելու դեպքում կհայտնվի Եվրոպա լիգայի խմբային փուլում:
Խմբային փուլի ուղեգիրը Հայաստանի չեմպիոնը կվիճարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ի հետ:
Մեկնաբանել