HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորը մտածում է Հայաստանում իրաքյան եզդիների կրթությունը կազմակերպելու եւ բուժօգնություն ուղարկելու մասին

սկիզբը

Շուրջ 350 հազար եզդի փախստական այսօր ապրում է Իրաքի ճամբարաներում՝ կենցաղային ծայրահեղ վատ պայմաններում: Նրանք այդտեղ են բնակվում արդեն 5-րդ տարին. 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի Շանգալի շրջանում եզդիների հանդեպ ցեղասպանական գործողություններից հետո հազարավոր եզդիներ ստիպված էին փախչել իրենց տներից: Այսօր նրանք ապաստան են գտել տարբեր ճամբարներում: Եզդիների բնակավայրերն ավերվել են, ահաբեկիչների կողմից ավելի քան 10 հազար եզդի է սպանվել, իսկ շուրջ 3000 եզդի էլ առայժմ գերու կարգավիճակում է:

ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ասում է, որ եզդիների ցեղասպանությունից 5 տարի անց նրանց բնակավայրերի մեծ մասը չի վերականգնվել: Շանգալի շրջանի հարավային հատվածը դատարկված է, իսկ հյուսիսային մասում մարդիկ սկսել են վերաբնակվել: 5-10 հազար եզդի վերադարձել է շրջկենտրոն՝ Շանգալ (Սինջար) քաղաք: Ռ. Բաքոյանը եղել է շրջանի թե՛ հարավային, թե՛ հյուսիսային հատվածում, այցելել է Շանգալ քաղաք, Իրաքի հյուսիսային Շեխանի շրջան, եղել փախստականների 5 ճամբարում, որոնցից յուրաքանչյուրում, պատգամավորի ասելով, եզդի փախստականների թիվը մի քանի տասնյակ հազար է:

Ռուստամ Բաքոյանն ասում է, որ ճամբարներում կեցության նվազագույն պայմաններ չկան՝ սկսած վրաններից, որոնք մեծամասամբ նախատեսված են 6 ամսվա գործածության համար, սակայն արդեն 5 տարի մարդիկ բնակվում են դրանց մեջ: Վրանների մի մասը ձյան, անձրեւի, քամու ժամանակ պատռվում է մաշվածությունից: Ջուր եւ հոսանք ոչ միշտ է լինում, սնունդն էլ հիմնականում ստանում են ՄԱԿ-ից: Բաքոյանն ասում է, որ ճամբարներում ապրողների մեծ մասն արդեն հարմարվել է այս պայմաններին եւ չի աշխատում:

«Բոլոր ճամբարներում նույն վիճակն է, հիվանդությունները գլուխ են բարձրացրել, կան հիվանդություներ, որոնք մարդիկ ձեռք են բերել ճամբարային վատ պայմանների պատճառով: Օրինակ՝ մեծ մասն ունի շաքարային դիաբետ, բարձր ճնշման խնդիր»,- ասում է Ռ. Բաքոյանը՝ հավելելով, թե այն մարդիկ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, ասենք վիրահատության կարիք, զրկված են բուժման հնարավորությունից:

2014-ից մինչ օրս ճամբարներում չի լուծվել երեխաների կրթության հարցը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կան փոքր դպրոցներ, որոնք միայն տառաճանաչություն են սովորեցնում: Դրանք աշխատում են մի քանի հերթափոխով, բայց էլի չեն հասցնում, քանի որ երեխաները շատ են: Ուսուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, սակայն ընդհանուր առմամբ երեխաների մեծ մասը կրթություն չի ստանում:

Հայաստանցի պաշտոնյան ասում է, որ նախորդ շաբաթ Շանգալի հյուսիսում գտնվող Սինուն քաղաքում Իրաքի 4 եզդիական քաղաքական ուժերը՝ «Եզդիների առաջընթաց», «Եզդիների ազատ դեմոկրատական», «Եզդիների դեմոկրատական», «Եզդիական շարժում՝ հանուն բարեփոխումների եւ զարգացման» կուսակցությունները, 5 տարվա անհամաձայնությունից հետո միասնակա հուշագիր են կնքել: Համաձայն դրա՝ այս ուժերը մեկ ընդհանուր դաշինքով կմասնակցեն Իրաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ինչը հնարավորություն կտա մասնակցություն ունենալ կառավարման համակարգում, բացի դրանից՝ նպատակ կա հիմնել եզդիների մեկ ընդհանուր բանակ: Ռ. Բաքոյանը նշում է, որ այս դաշինքի շնորհիվ եզդիները, թերեւս, հնարավորություն կունենան նաեւ իրաքյան խորհրդարանում ունենալ ավելի շատ պատգամավորներ:

ԱԺ պատգամավորն ասում է, որ ստեղծված իրավիճակում երկու գործադիր իշխանությունների՝ Իրաքի կենտրոնական կառավարության եւ Իրաքյան Քրդստանի կառավարության միջամտության անհրաժեշտությունը կա: Ըստ Բաքոյանի՝ երկուսն էլ չեն կարողանում լուծել Շանգալի խնդիրը, եւ յուրաքանչյուրը դրան իր դիտանկյունից է մոտենում, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է ներկա վիճակը: Պատգամավորն ասում է, որ երկու կողմն էլ պետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որ եզդիները կարողանան վերադառնալ Շանգալ՝ իրենց բնականոն կյանքին:

Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, արագ փոփոխությունների դժվար թե լինեն: Դրա համար, ըստ Ռ. Բաքոյանի, ակտիվ պիտի լինեն հենց եզդիները՝ թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ եզդի քաղաքական ու հասարակական գործիչները:

ԱԺ պատգամավորը նշում է, որ անձամբ փորձելու է հնարավորություններ գտնել, որպեսզի իրենց բնակավայրերը լքած երիտասարդ եզդի աղջիկներն ու տղաները կարողանան բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ինչպես նաեւ մեր երկրից բժշկական օգնություն ուղարկվի Շանգալ եւ եզդիների ճամբարներ:

Լուսանկարները տրամադրել է Ռուստամ Բաքոյանը

Մեկնաբանություններ (1)

Սռւրեն Քալաշյան գ.Արարատ.Յարոսլավլ.ՌԴ.
Հայաստանի կառավարռւթյռւնը,մարդասիրական օգնռւթյան ձերք, պետք է մեկնի Շանգալի զեղասպանռւթյռւմից մազապռւրծ ազատված փախստականներին,մենք միշտ ապրել և ապրռւմ ենք կողք-կողքի, օգնելով մեկս մյռւսին,դռւրս գալռւ օրհասական վիճակից,Հայաստանի Եզդիները թե առաջին Հանրապետռւթյան,թե հետագա Հայկական պետակաշինռւթյան բոլոր գործերին ռւնեցել են իրենց ավանդը,և միշտ հաշվել,հաշվռւմ են, իրենց հայրենիքը.Հայաստանը հիմա մարդասիրական օգնռւթյան է ցռւյց տալիս Սիրյային,լավ կլիներ իր սռւղ միջոցներից փոքր ինչ օգներ Շանգալի Եղդիներին.Եթե ցանկռւթյռւյն հայտնեին, այդպիսի նախաձեռնռւթյռւն, կարելի է հատռւկ ֆոնդ ստեղձել և դրամահավաք կատարել,Եզդիները և Հայերը Հայաստանռւմ և Ռռւսաստանռւմ պատրաստակամորեն կարձագանքեին, դա կլիներ պետական մակարդակով, և բոլոր միջոցները տեղ կհասնեն.Հռւյսով և հավատով եմ որ ազգային ժողովի պատգամավոր Եզդի ազգի նվրիյալ Ռռւստամ Բաքոյանի խնդրանքը անպատասխան չի մնա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter