
Տուն-ինտերնատում, ժամանակավոր կացարանում բնակվողներին տրամադրել բնակարանի վարձավճարի փոխհատուցում․ նոր նախագիծ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում տրամադրել տուն-ինտերնատներում, ժամանակավոր կացարաններում, խնամքի հաստատություններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող միայնակ, խնամող չունեցող և գրանցված աշխատանք ունեցող 65 տարին լրացած, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց։
Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարության հաշվարկներով՝ բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցման գումարի առավելագույն չափ է սահմանվելու ամսական ոչ ավել, քան 100 000 դրամը: Այս ծրագրով նախարարությունն ակնկալում է տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել, նպաստել նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը:
«Կանխատեսվում է, որ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք, ինչը երկուստեք արդյունավետ կլինի՝ թե պետության, և թե անձի համար: Բացի այն, որ տուն-ինտերնատից դուրս կգան և կապրեն լիարժեք կյանքով, կկանխարգելվի նաև նոր անձանց մուտքը խոշոր հաստատություններ»,-հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարությունը հարցումներ է կատարել տուն-ինտերնատներում և ժամանակավոր կացարաններում։ Դրանց արդյունքում պարզվել է, որ տուն-ինտերնատներում խնամվողներից կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատել, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն արգելում է նրանց աշխատել: Անօթևանի կացարանում նունպես եղել են շահառուներ, ովքեր հայտնել են, որ ցանկանում են աշխատել, սակայն չունեն կացարան, ուստի ստիպված չեն աշխատում, երբեմն էլ՝ ազատվում են աշխատանքից և դիմում տուն-ինտերնատ ընդունվելու համար:
Նրանք հայտնել են, որ պատրաստ են դուրս գալ տուն-ինտերնատից և կացարանից, աշխատել, եթե ունենան կացարան և ստանա որոշակի աջակցություն։
Նախագծի ընդունման արդյունքում 2020 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա, քանի որ նախարարությունը նախատեսում է տուն-ինտերնատներից դուրս գրվող խնամվողների համար նախատեսված գումարներն ուղղել այս ծրագրի իրականացմանը։
Ընթերցեք նաև
Մեկնաբանել