
Ռոբերտ Քոչարյանի գործն առաջիկայում կվերամակագրվի. Երևանի դատարանի նախագահը վճռաբեկ դատարանին խնդրել է տրամադրել գործը
Այս պահին առաջին ատյանի դատարանում առկա չէ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը, որպեսզի այն վերամակագրվի որևէ դատավորի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանը՝ հիշեցնելով, որ գործը գտնվում է վճռաբեկ դատարանում:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, սակայն գործը մինչև այս պահը որևէ այլ դատավորի չի վերամակագրվել:
Մայիսի 18-ին, երբ գործը դեռևս դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում էր, վերջինս որոշում կայացրեց Քոչարյանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց` մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշեց Քոչարյանի, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան:
Այս երկու որոշումները վերաքննիչ դատարանում բեկանվել են, և բեկանելու վերաբերյալ դատական ակտերի դեմ մեղադրյալների պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Դատական դեպարտամենտի ղեկավարը հենց այս հանգամանքը նկատի ունի, երբ նշում է, թե գործը Վճռաբեկ դատարանում է:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Երևան քաղաքի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված սարքել գործից կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան, որպեսզի այն մակագրվի այն պարզ պատճառով, որ բոլորի մտահոգությունները վերանան: Կարծում եմ` եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան և համապատասխան ընթացակարգը կիրականացվի»,- ասաց Կարեն Փոլադյանը` միաժամանակ պնդելով, որ մինչև վճռաբեկ դատարանը որոշում չկայացնի, առաջին ատյանի դատարանում գործը քննվել չի կարող:
Կարեն Փոլադյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել