HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Ռիմա Պիպոյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  պարուհի, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն է։

Ռիմա Պիպոյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երբ մտածում եմ՝ իր մասին պիտի խոսեմ երրորդ դեմքով, դիրք է փոխվում․ երբեք այսպիսի փորձ չեմ ունեցել։

Այնուամենայնիվ, եթե կուզես իմանալ, ինքը երազում էր տղամարդ լինել․ բեղեր էր նկարում, վերցնում թուր հիշեցնող փայտե կտորն ու իջնում բակ։ Տղամարդ հերոսներն իր ոգեշնչման աղբյուրն են եղել, չի ունեցել կին իդեալ, ումից կոգեւորվեր կամ ում կցանկանար նմանվել։ Միայն վերջերս իր մեջ բացահայտելով կնոջը՝ պարզ դարձավ՝ այն, ինչ «թույլություն» էր դիտարկում, իրականում հենց դրանով կարելի է ուժեղ մարտերում հաղթել։

Ֆեմինիստներն իրեն մեղադրելու, քարկոծելու առիթ կգտնեն, բայց հարցն այն է, որ ինքը երբեւէ պատրիարխալ ճնշման չի ենթարկվել, առանձնացումները հստակ են եղել․․․ Իսկ եթե վախեցել է, ապա կնոջից, որովհետեւ բնորոշ հատկանիշներ կան, որոնք ինքը հերթականությամբ բացահայտում է։

Ընդհանուր առմամբ ինքն իրեն կոնկրետ սեռի ներկայացուցիչ չի զգում․ կարծում է՝ այն մարդիկ, ովքեր ունեն երկու սեռերի սկիզբը, կրում են համատեղված հատկանիշներ, ամեն ինչ կարող են անել, ամեն ինչի մեջ կարող են դրսեւորվել շատ ավելի ուժեղ եւ տպավորիչ։ Այդպիսի մարդիկ միշտ իր ուշադրության կենտրոնում են։

Եթե չլիներ արվեստում, հաստատ  գիտության մարդ կլիներ, ինչպես ծնողները․ գուցե դրանից է, որ արվեստում մշտապես ճշգրտություն մտցնելու պահանջ ունի․ երբեմն այդ պահանջը կարող է հասնել պերֆեկցիոնիզմի, մյուս կողմից ինքը չի խուսափում մաքսիմալիստական իր այդ դրսեւորումներից։

Այս երրորդ տարածությունը հրաշալի առիթ է կողքից ինքդ քեզ դիտարկելու համար․ հիմա խոսում եմ ինչ-որ բան, բայց շատ ավելի խորը եւ հետաքրքիր կերպով կարելի է դիտարկում անել․ խոստանում եմ նման փորձ կատարել։

Հետաքրքիր է, որ կնոջ իդեալ չունենալու, կնոջից «վախենալու» պարագայում անգամ քո բեմադրությունների առանցքում կինն է՝ իր խնդիրներով եւ/կամ իր պատմությամբ, ինչպես «Կինը որոշում կայացնելուց առաջ», «Բարեւ, Քիթի» ներկայացումներդ են։

Գդանսկում «Կինը որոշում կայացնելուց առաջ» ներկայացումից հետո ժյուրիի անդամներից մեկը, որը կարծեմ Իսրայելից էր, մոտեցավ ու ասաց, որ տպավորված է «ֆեմինիստական» նյութի ընտրության եւ մատուցման յուրահատուկ ձեւից, ոգեւորված է «պայքարող» կնոջ այն ոգով, ում մարմնավորում էի․․․ Մեծ էր, իհարկե հիասթափությունը, երբ ասացի՝ ներկայացումը ֆեմինիստական չէ, երբեւէ ճնշում չեմ զգացել, որի դեմ պայքարելու կամ բողոքելու մղում կունենայի։

Հետաքրքիր զուգադիպություն է գուցե մասնագիտական գործունեությանս հերթականությունը։ Մինչ այս երկու ներկայացումները (Աննա Ֆրանկին նվիրված «Բարեւ, Քիթի» եւ «Կինը որոշում կայացնելուց առաջ») բեմադրածս բոլոր գործերի առանցքում տղամարդիկ են եղել։ Այն ժամանակ այս փաստը շատերին զարմացնում էր․ այդ ինչպե՞ս է կինը բեմադրում ներկայացումներ, որտեղ տղամարդիկ գործում են առաջին պլանում․․․ Երբ որոշեցի, որ իմ բեմադրության գլխավոր (հիմնականում մենակ) դերերը ես եմ ստանձնում, ինքնաբերաբար փոխվեց այս մոտեցումը եւս․․․ Հանդիսատեսն ավելի ջերմ ընդունեց ինձ որպես բեմադրող-պարողի, որն էլ իր հերթին ազդեց իմ որոշման վրա․ բեմում ավելի հաճախ պիտի լինեմ։

Աննա Ֆրանկի պատմությունը կարծես թե առիթ դարձավ, որ միջազգային ուշադրության արժանանաս, ու հրավերները հաջորդեն մեկը մյուսին։

Ամեն ինչ սկսվեց 2 տարի առաջ, երբ Բեռլինում էի՝ արտ-ռեզիդենսի ծրագրով (միջազգային մրցույթը հաղթահարած միակ խորեոգրաֆն էի)։ Սկսեցի աշխատել հրեա կոմպոզիտորի՝ Աննա Սեգալի հետ, ով «Բարեւ, Քիթի» ներկայացման համար առանձին երաժշտություն գրեց, Երեւանում նկարահանվեց ֆիլմ, որը ծրագրի ընդհանուր մաս դարձավ։ Այս ներկայացման պրեմիերան եղավ Բեռլինում, որին հաջորդեց Գերմանիայում մնալու եւ սովորելու հրավերը։ Տարօրինակ զուգադիպությամբ միեւնույն ժամանակ ստացա հրավեր Շտուտգարտի մի շատ հայտնի փառատոնից․․․

«Կինը որոշում կայացնելուց առաջ» ներկայացումը հենց այս իրադարձություններով առատ շրջանում ծնվեց, երբ մտքերս ցաքուցրիվ էին, վազում էի մի տեղից մյուսը, որոշում պիտի կայացնեի․․․ Ի վերջո տեսա կնոջը, ով որոշում կայացնելուց առաջ անընդհատ փորձարկում է, անընդհատ գործողության մեջ է։

Բեմադրությունը ծնվեց շատ արագ, անգամ Բեռլինում չհասցրեցի ներկայացնել։ Մեկնեցի Շտուտգարտ, որտեղից էլ սկսվեց շրջագայությունների ընթացքը․․․

Ներկայացումն արդեն ցուցադրվել է ավելի քան 20 քաղաքներում՝ մրցութային անվանակարգերում հաղթանակներ գրանցելով։ Հիմա էլ նույն ներկայացման համար մեկնում եմ Բելգիա, այնուհետեւ Գերմանիա, իսկ «Բարեւ, Քիթի»-ն շուտով կներկայացնեմ Մոլդովայում։

Կինը որոշում կայացնելուց առաջ ի՞նչ հոգեվիճակում է, ինչի՞ մասին է մտածում։

Ներկայացման հենց սկզբում մազերս հավաքված են, առաջին գործողությունս այդ ամրակներից հերթականությամբ ազատվելն է․ դանդաղ կերպով դուրս եմ հանում՝ արձակելով մազերս։ Չի եղել այնպիսի հանդիսատես, որն այս գործողությանը ուշադրությամբ չհետեւի․ ինձ համար այս գործողությունը ազատության հետ է կապված։

Այսինքն կինը նախ պիտի ազատագրվի, որպեսզի որոշում կայացնի։ Ճի՞շտ հասկացա։

Միայն ազատագրման  հարցը չէ․․․ Միտքը չափազանց արագ է զարգանում․ մեկ նյութական կենտրոնացման վրա ես, մեկ հայտնվում ես «լուսնի վրա», մեկ՝ նեղ անձնական  տիրույթում ես, ու այսպես շարունակ․ ի վերջո խնդիրը դառնում է ոչ թե հենց բուն որոշումը, այլ ընթացքը, որն իր հետ բերում է տարբեր վիճակներ, որին նպաստում է այս ու այն կողմ սավառնող միտքը։

Ասացիր՝ ներկայացումը 20-ից ավելի քաղաքներում է ցուցադրվել, բայց այդ ցանկում ոնց որ թե Երեւանը դեռ չկա։

Այո, Հայաստանում դեռեւս չեմ ներկայացրել, եւ չգիտեմ՝ երբ կլինի։ Իրականում ներկայացման տեւողությունը 10 րոպե է, բայց դեռ միջավայրային, հանդիսատեսի, ներկայացման ձեւի ընտրության հարցեր կան։ Չգիտեմ․․․ Տես՝ հիմա մեկ այլ ներկայացում եմ բեմադրել՝ «Ինքնադիմանկարը», որի պրեմիերիան եւս Հայաստանում չեմ նախատեսել․ Բելգիայում էի լինելու։

2018-ին բավականին զայրացած հարցազրույցներ էիր տալիս։ Դրանցից մեկում նշել էիր անգամ, որ «Հայաստանում թքած ունեն քո գործունեության վրա»։ Չեմ հիշում՝ հեղափոխությունից առաջ էր այս զայրույթդդ, թե հետո, բայց կարծում եմ՝ հիմնավորում է այստեղ չներկայանալդ։

Կզարմանաս գուցե, բայց ինձ չի հետաքրքրում այդ զայրույթս հեղափոխությունից առաջ էր, թե հետո, որովհետեւ հեռու եմ իրադարձություններից, որոնք քաղաքական են։ Այո, անցյալ տարի եւ նախորդող տարիներին էլ կար զայրույթ, ճնշում,  հիասթափություն նաեւ, եւ հիմա այնպես չէ, որ դրանք բառիս բուն իմաստով նահանջել են, ուղղակի այլեւս չեմ խոսում դրանց մասին, քանի որ դրսի փորձառությունը թույլ տվեց ավելի հանգիստ վերաբերել այստեղի կատարվածին՝ ավելի ճիշտ այստեղի «բացակա» կատարվածին։

Հիմա գուցե կան միտումներ, համագործակցության շուրջ բանակցելու ձեւերը հեշտացել են, հույս կարելի է հայտնել, որ մի բան հնարավոր  է անել, բայց դրա համար նախ պիտի ձեւավորել դաշտ, որը կնպաստի ժամանակակից պարի զարգացմանն ու այդ ոլորտի լսարանի ձեւավորմանը։

Արտահայտությունը, թե «թքած ունեն», ըստ երեւույթին դուրս է թռել հենց այն ժամանակ, երբ ստեղծագործական փակուղու առաջ եմ եղել, երբ հասկացել եմ, որ այլեւս անհնար է զսպել էներգիան, կարողությունը․․․ Բարեբախտաբար միջազգային հրավերները հաջորդել են մեկը մյուսին, եւ դրա մասին հիմա ավելի հանգիստ կարող եմ խոսել։

Կարծում եմ՝ հիմա տեղին է տալ այն հարցը, որ միշտ եմ ուղղում Բալկոնի հյուրերինքո եւ Հայաստանի հարաբերությունների մասին կխոսե՞ս։

Սիրահարված մարդու հարաբերություններ են, եթե հաշվի չառնենք մարդկային գործոնը։ Հայաստանի՝ որպես տեղի, որպես մշակութային ահռելի ժառանգություն կրող երկրի, որպես չքնաղ բնություն ունեցող փոքր տարածքի մասին անընդհատ եմ խոսում։

Տարիներ առաջ մտածում էի՝ ինչու եմ հենց այստեղ ծնվել, ինչու այնպիսի մի տեղ չմեծացա, որտեղ ժամանակակից պարը գնահատվում է եւ ներկայացվում բարձր մակարդակով, որտեղ հարթակները շատ են, ասելիքը շատ է, լսողն ու տեսնողն էլ պատրաստ․․․ Բայց եղավ պահը, երբ գիտակցեցի՝ հենց այստեղ շատ ու շատ լավ է, հենց այս «երրորդ» երկրի տարբերությունն ու յուրահատկությունն է ինձ այսպիսին դարձրել․․․ Ես այն երկրի ներկայացուցիչն եմ փաստորեն, որն իր մայրենի լեզվից բացի պարտավոր է իմանալ մեկ կամ երկու օտար լեզու, որն իր երկրի մշակույթից բացի պարտավոր է իմանալ այլ մշակույթ(ներ)․․․ Սա է, որ տալիս է մտածողության բազմաշերտություն, ճկունություն, որոշակիություն, հնարամտություն, անընդհատ պայքարելու եւ անընդհատ երեւալու պատրաստակամություն։

Այս գիտակցությամբ հիմա դրսում ինձ շատ հանգիստ եմ զգում, շատ ազատագրված, պատրաստ պատմելու ու կիսվելու այն մշակույթով, որը մենք ունենք, եւ որի մասին գրեթե տեղյակ չեն։

Բայց փաստորեն Հայաստանի ու քո հարաբերության մեջ մարդու գործոնը խանգարող է։

Ընդհանրական իմաստով, այո, բայց ունեմ ընկերներ, մարդիկ, ում հետ կիսում եմ գաղափարներս, մտքերս։ Այդ շրջանակը չափազանց նեղ է․․․Հիմա երիտասարդ սերունդը գուցե ավելի ազատված է այն ձեւականություններից, որ բնորոշ է իմ սերնդակիցներին․ ես իմ ուսանողների շրջանում տեսնում եմ հաղորդակցության ձեւերի նպաստավոր ազդեցությունը, տեսնում եմ՝ ինչպես է այդ բաց դաշտը փոխում մարդուն։

Ինչ վերաբերում է մարդուն անտեսելու այդ մտքիս, ապա խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում․ ներսում, թե դրսում ես փակ, ինքս ինձնով «շրջող» մարդ եմ․ եթե անգամ խմբով ենք հայտնվում մի տեղ, իմ անհետանալը վայրկյանների հարց է, որովհետեւ ինքս պիտի գտնեմ տարածքի յուրահատուկ էներգիան, որ հետո կուտակածը դուրս հանելու հնարավորություն էլ ունենամ։

Հետաքրքիր է՝ կատարողական արվեստն առանց հանդիսատեսի չի լինի, բայց կատարողը խուսափում է մարդուց։

(ծիծաղում է)

Ծիծաղում եմ, որովհետեւ իրոք այդպես է․ սկսել եմ անհանգստանալ դրանից, որովհետեւ վերջին բեմադրություններում եւ մտքի հեղինակն եմ, եւ ներկայացման, եւ փաստորեն մենապարողը։ Շրջանակն ավելի ու ավելի է նեղացել։ Այս իմաստով բեմը միակ տեղն է, որտեղ ես տալիս եմ էներգիաս եւ հնգապատիկը վերցնում եմ հետ․․․ Բեմը միակ տեղն է, որտեղ ես իրոք «խոսում» եմ անկեղծ։

Բեմից դուրս շատերն ինձ բնութագրում են որպես թեթեւ, հեշտ շփվող, ուրախ մեկը, եւ, այո, արագ եմ հաղորդակցվում, հեշտ, բայց դա այն հարաբերությունը չի, որն ինձ կարող է ընդհանուրի մաս դարձնել։

Հայաստանում կա՞ն մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել ժամանակակից պարի զարգացմանը՝ իր հերթին ձեւավորելով նաեւ լսարան, որը կսպասի ոլորտի նորարարություններին։ Քո փորձառությունը թույլ է տալիս միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների մասին խոսել, կարծում եմ։

Ինձ թվում է՝ ունենք հնարավորություն նման միջավայր ստեղծելու․ մեխանիզմները շատ են, բայց նախ ցանկությունը պիտի լինի։ Այս պահին օրինակ Պարարվեստի պետական քոլեջի տնօրենից առաջարկ եմ ստացել ղեկավարելու նոր բացվող ժամանակակից պարի բաժինը։

Աշխատում եմ ծրագրի վրա, փորձում եմ հնարավորինս խիտ տեղակայել այն ամենը, ինչը կնպաստի ժամանակակից պարողի մարմինը, միտքը, հոգեկերտվածքը զարգացնելուն․ այդ ծրագրում ընդգրկված ժամանակակից պարային ոճերին զուգահեռ ուսումնասիրության նյութ է նաեւ մարտարվեստը, մարդու անատոմիական կառուցվածքը, այն ինֆորմացիան, որը հնարավորություն կտա արտահայտման միջոցի համար հիմքեր ստեղծելու։ Հետագայում միտք ունեմ այդ ծրագիրը յուրացրած պարողների հետ խումբ կազմել․․․ Հակառակ դեպքում ես միայնակ կպարեմ մինչեւ 80 տարեկան (ծիծաղում է)։

Դադար

Տես՝ ասում ես նորարարություն․ այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն անընդհատ նույն խաղացանկն է առաջարկում, տարիներ շարունակ  փոփոխությունների չի ենթարկվում ներկայացվելիք նյութը։ Ես իհարկե դեմ չեմ ակադեմիական թատրոնի մշտական ներկայացումներին, բայց չունենալ բալետային ժամանակակից ներկայացում, մի տեսակ ապշելու բան է։

Ո՞վ է մտածում այս ուղղությամբ, ի՞նչ է ձեռնարկվում այս ուղղությամբ․․․ Ես կոնկրետ առաջարկներ ունեմ, ուզում եմ այն նյութը, որի շուրջ մտածում եմ արտասահմանյան իմ գործընկերների հետ, իրականություն դառնա նաեւ այստեղ։

Դեռ երկու տարի առաջ Բելգրադում, փառատոնային ներկայացումից հետո ծանոթացա ուկրաինացի ժամանակակից պարող Արտյոմ Շոշինի հետ։ Ներկայացումից տպավորված էր, ասաց՝ ուզում է հրավիրել Ուկրաինա՝ միասին բեմադրություն անելու (խոսքը Ստրավինսկու «Գարուն սրբազան» բալետի մասին էր)։ Երբ առաջարկի շուրջ մտածում էի, ցանկությունս մեծ եղավ այդ բեմադրությունը նախ Հայաստանում իրագործելու, միանգամից զանգահարեցի Բեռլինում բնակվող դիրիժոր Ալեքսանդր Իրադյանին, կիսվեցի գաղափարով, ոգեւորվածությամբ ընդունեց իրականացնելու միտքը։

Երբ ստեղծագործական առումով մենք ունենք նման ներուժ, երբ կա բալետի թատրոն, համոզված եմ՝ կա նաեւ հետաքրքրված հանդիսատես, ի՞նչն է խանգարում այլեւս․․․ Մնում է պետական աջակցություն ստանալ, համագործակցության հնարավորություն։

Համոզված եմ՝ Ուկրաինայում կհաջողենք նախագիծը, որովհետեւ տեսել եմ՝ ինչպիսի պետական աջակցություն է տրվում, ինչպիսի պահանջարկ կա, դահլիճներն ինչ ապահովված են, եւ հանդիսատես ինչ բուռն է արձագանքում մշակութային նոր իրադարձությանը։

Ունես ազատությունըեթե այստեղ չլինի, մի ուրիշ տեղում հաստատ սպասում են։

Երջանիկ պահ է․ հակառակ դեպքում կխեղդվեի, որովհետեւ հոգնում ես էներգիա ծախսելուց, որը որ չի բերելու ակնկալվող արդյունքները։

Պարողի համար ամենադժվար հաղթահարելի պահը կամ անցումը ո՞րն է, Ռիմա։

Ես ողջ կյանքում կանգնած եմ եղել ստանոկի (ձողի) մոտ, եւ դա տանջանք է, բայց իմ մարմնի ջարդվելուց ու ցավից հաճույք եմ ստացել, որովհետեւ միշտ եմ գիտակցել՝ ցավ չզգաս, գեղեցիկին հասնելու այլ ձեւերը բացառված են։

Ինչպես շատերից լսած կլինես, իմ դեպքում էլ՝ ծնողներս դեմ են եղել մասնագիտության այս ընտրությանը․ նախընտրել են գիտությունը, սակայն այսօր իմ առաջին քննադատներն են՝ ամենախիստն ու ամենաօբյեկտիվը։

Վաղ տարիքում ինձ պարի այս խմբից այն մյուսն էին տեղափոխում․ պատճառն այն էր, որ չէի ընդունում անլուրջ, խաղային վերաբերմունքը։ Ուսումնարանում վերջապես զգացի այն խստությունը, այն լրջությունը, որի պահանջն ունեցել եմ։ Մարտարվեստի տիրապետելու համար էլ եմ նույն լրջությամբ տրամադրված եղել․ քարացած մտել եմ դահլիճ, սպասել մարզիչիս հրահանգին։

Մասնագիտության նկատմամբ պատասխանատվությունը մարմինդ փորձարկման մեջ դնելու հնարավորություն է տալիս․․․ Ցավու՞մ է․․․ Այո, բայց առանց ցավի հնարավոր չէ զգալ արդյունքը, որը բեմից կերեւա թեկուզ 10 րոպե տեւողությամբ։

Բայց ուսումնարանից քեզ հեռացրել են, չէ՞։ Ինչու՞․․․

Հասակի պատճառով՝ ասելով, որ այս աղջիկը չի կարող կորդեբալետում կանգնել, որովհետեւ բարձրահասակ չէ, իսկ մենապարողի համար այդ ժամանակ բնականաբար դեռ խոսք գնալ չէր կարող։ Եվ չնայած ինձ մշտապես որակել են որպես «խելացի» պարող, ում միջոցով կարելի էր անգամ ուսուցչի սխալները «բռնացնել», բայց դա եղել է բավարար առիթ միայն նրա համար, որ դասավանդեմ, բայց չշարունակեմ պարել։

Ուսումնարանից դուրս մնալու օրը ինձ կյանքի վերջին պահը թվաց․ հիմա ավելի քան համոզված եմ՝ լավագույն բանն էր, որ պատահեց ինձ հետ։ Իմ բախտը բերեց՝ ունեցա հնարավորություն խորությամբ ուսումնասիրելու պարը, անհատական մոտեցում ձեւավորեցի, սկսեցի բեմադրել եւ ինքս հանդես գալ։

Տեքստը ինչպե՞ս է վերափոխվում շարժման«Աննա Ֆրանկի օրագիրն» այդ իմաստով հետաքրքիր օրինակ է։

Շարժումները ծնվում են երեւակայության մեջ․ ես չեմ կարող պարել, գործողության գնալ, երբ երեւակայությանս մեջ ծնված շարժումը մտքի հետեւանք չէ․․․ Այսինքն կարող եմ պարել, բայց դա երբեւէ բեմ չեմ բարձրացնի։

Պարը դառնում է հնարավորություն, որ գաղափարդ փոխանցես մեծ լսարանին՝ առանց բառ անգամ արտաբերելու։ Իհարկե խոսքը շատ ուժեղ գործիք է․ պարային ներկայացման ընթացքում արտաբերած մեկ բառն անգամ կարող է ավելի մեծ ուժ ունենալ, քան ներկայացման խորեոգրաֆիան․․․ Բայց այստեղ զգայական մի շատ նուրբ սահման կա․ երբ մեկն ասում է «բաժակ», բոլորիս պատկերացումները այդ իրի նկատմամբ կոնկրետ են, չէ՞․․․ Իսկ շարժումն ուրիշ է՝ այն երեւակայության ահռելի դաշտ է բացում, դու կարող ես ընկալել կամ չընկալել դրված միտքը, բայց այդ շարժումից քո երեւակայության մեջ ծնվում են պատկերներ, հոգեվիճակ է առաջանում, հիշողություն է արթնանում, մտքեր ու հարցեր են առաջ գալիս, որոնք մաքուր զգայական վիճակի հետեւանք են։

Երբ ֆիլմ ես նայում, գույնը, շարժումը, ձայնը, պատկերը եւ կինոլեզվին բնորոշ մնացած գործիքները արդեն տրամադրում են մնալու կոնկրետ տարածքում, այն տարածքում, որն ստեղծում է ֆիլմը՝ գրավելով ողջ զգայարաններդ, «փախչելու» հնարավորություն չտալով․․․

Երբ գիրք ես կարդում, արդեն մի ուրիշ բան է, երեւակայությանդ յոթանասուն տոկոսն առնվազն աշխատում է․ ինքդ ես ստեղծում պատկերները, գույները, միջավայրը։

Պարի դեպքում գրեթե հարյուր տոկոսով է երեւակայության համար տեղ բացվում։

Դադար

Վենետիկում զրույց ունեցա շատ հայտնի դրամատուրգ Գի Քուլսի հետ, ով այս պահին խորեոգրաֆների հետ է աշխատում՝ բացառելով թատրոնի ռեժիսորների եւ դերասանների հետ աշխատանքը։ Ինքն այսպես է դա բացատրում․ խոսքը պարզ է, ուղիղ է, երբ ասում ես բառը, արդեն սահմանափակում ես դիմացինի երեւակայությունը, իսկ այն, ինչ տալիս է շարժումը, չի փոխարինում խոսքին, բայց երեւակայության նոր, ավելի լայն շերտեր է բացում։

Փաստորեն պարը նաեւ մանիպուլատիվ բնույթ ունի։

Ի՞նչ իմաստով։

Նույն քո նշած բաժակի օրինակովայն կոնկրետ է՝ անկախ նրանից, թե մեր պատկերացրած բաժակն ինչպիսին է, այն մեր պատկերացմամբ ափսե կամ թռչուն չի դառնում․․․ Իսկ պարի դեպքում ցանկացած միտք, որն ամբողջացնում է շարժումը, կարող է հեռու լինել այն իրականությունից, որը ներկայացվում է, եւ, որը ընկալում է դիտողը։

Հա՜, այդ պահը շատ նուրբ է։ Ինքս այդ փորձառությունն ունեցել եմ, երբ մի տղա հյուրախաղերից մեկի ժամանակ մոտեցավ ու ասաց, որ ներկայացումից շատ է ազդվել, շնորհակալ է, որ հնարավորություն տվեցի իրեն այդպես վերապրելու․․․ Հետո սկսեց կիսվել իր ընկալումներով, որոնք լիովին տարբեր էին իմ բեմադրության հիմքերից։

Այնուամենայնիվ, չհամարձակվեցի բարձրաձայնել, որ իր ընկալումները եւս նորություն են ինձ համար, հասկացա, որ իմ եւ իր փորձառությունները, կեցությունն ու խնդիրները տարբեր են, ուրեմն նույն շարժումը նրան կարող է այլ երեւակայության համար ծառայել, ինձ համար՝ այլ։

Ստացվում է՝ դիտողի համար ճշգրտություն եւ ճշմարտություն գոյություն չունի․ գոյություն ունի շարժման ձեւը եւ էներգիան․ որքան անկեղծ ես էներգիայի հարցում եւ որքան պրոֆեսիոնալ են շարժումներդ, այնքան հավանական է, որ ապրումդ փոխանցվում է դիմացինին՝ հաճախ փոխակերպվելով։

Ռիմա, ասացիր, որ գլոբալ իմաստով իրադարձությունների հերթականությունը քեզ չի հետաքրքրումդու «լուսնի վրա» ես ապրում, բայց արդյոք ժամանակակից պարը ժամանակի իրադարձությանը հղում տալու խնդիր չունի․․․

Երբ շատ ես ժամանակի հետեւից ընկնում, արվեստը մնում է այդ ժամանակի մեջ եւ երկար կյանք չի կարող ունենալ։

Իմ խորին համոզմամբ արվեստը անկեղծության հողի վրա է ծնվում․ դուրս ես հանում մի բան, որն, այո, ժամանակինն է, բայց ժամանակի իրադարձության հետ կարող է կապ չունենալ։

Այսպես ասեմ․ եթե Խորհրդային շրջանում ապրեի ու բեմադրեի Լենինի մասին պարային ներկայացում, այդ գործն այսօր ապրելու որեւէ հնարավորություն չէր ունենա, որովհետեւ կոնկրետ հասարակարգի, կոնկրետ գործողության, կոնկրետ անձի շուրջ է։

Բայց այդպիսի «կոնկրետ» արվեստի գործեր կան, որոնք չունեն այդ ժամանակի խնդիրը։

Դժվար է ասել՝ Բախին իր ժամանակ հասկացել են, թե՞ Բախն իր ժամանակից առաջ է ընկել ու ստեղծել մի բան, որը հիմա էլ արդիական է․․․ Կարեւորը քո գաղափարները, մտքերն ու փորձառությունը անկեղծ կերպով դուրս բերելն է։

Անընդհատ փորձարկելո՞վ․․․

Եվրոպայում կա այդ տենդենցը եւ այն արդեն ծայրահեղության է հասել․ փորձարկում միայն փորձարկման համար։ Նորարարություններ կան, որոնց տակ ոչինչ չկա, բացարձակ անհասանելի ինֆորմացիա է, ընդամենը՝ ֆորմա։ Ենթադրենք՝ մեկի մտքով անցել է, որ դեռեւս ծամոնով ներկայացում չի եղել, ուրեմն կարելի է ծամոններով պարել, ու մեկը մյուսի ճակատին իր ծամածը փակցնի, որովհետեւ «նորամուծություն» կլինի։ Իհարկե այստեղ արվեստի մասին խոսք լինել չի կարող։

Անկեղծությունը բավարար նախապայմա՞ն է։

Անկեղծությունը պարտադիր է․ մինչ այդ կա ինքնակրթության դաժան շրջան, որը, որպես այդպիսին, չի էլ ավարտվում։ Կատարողական արվեստը տեղի է ունենում ամեն օր․ մարմինդ անընդհատ շնչում է այնպես, ինչպես դու կթելադրես, ինչպես կթելադրի մասնագիտությունդ, ոսկորներդ անընդհատ մաշվում են, հոդերդ անընդհատ ցավում են, վնասվածքներդ էլ անպակաս են․․․Այսինքն մարմինդ արդեն պատասխանատու է քո գործողության համար, իսկ դու էլ այդ մարմնի համար, որպեսզի ճիշտ գործարկվի։

Պարողների մասնագիտական կարճ կյանքը հենց այս հարաբերություններով է պայմանավորված, բեմն էլ իր հերթին սիրում է երիտասարդություն․․․

Մինչ այս ամեն ինչի շուրջ մեծ կենսունակությամբ էիր խոսում «բեմն էլ իր հերթին սիրում է երիտասարդություն» արտահայտությունը ողջ զրույցի ընթացքում ամենից ծանր արտաբերած միտքն էր։ Վերջից վախենու՞մ ես․․․

Ինչպե՞ս զգացիր (ծիծաղում է)․․․

Դե բացի արտահայտությանդ հնչերանգի կտրուկ փոփոխությունը, ասացիր, որ մինչեւ 65 պարելու ես (ծիծաղում եմ)։

Չես հավատա՝ բայց այդ վախը ինձ ժամանակին կոնկրետ քայլերի է դրդել․․․ Դեռահասության տարիքում սկսեցի կրոն ուսումնասիրել (այն էլ ի՜նչ խորությամբ)`  բուդդիզմ, դաոցիզմ, կոնֆուցիզմ․․․ Վերջին կտոր ուսումնասիրությունս քրիստոնեությունը պիտի լիներ, բայց երբ հասա Աստվածաշնչին, արդեն հիմարաբար ինձ թույլ տվեցի ձեռքս վերցնել թուղթ ու գրիչը, որպեսզի ամեն տողի ենթատեքստի մասին նշում անեմ, փորձեմ «սխալ բացահայտել»․․․ Աստվածաշունչն այդպես ձախողեցի։

Այս ուսումնասիրության հիմքում, ըստ երեւույթին, հենց այդ վերջի մասին պատկեր գտնելն էր, բայց ճշամտրությունն ավելի պարզ էր՝ վերջի մասին որեւէ բան գտնելու բոլոր փորձերս ձախողելու էի, ինչպես երեխայի ու մեծահասակի պատմությունն է․

  • Մահից հետո ի՞նչ կա,-հարցնում է երեխան։
  • Այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել,-պատասխաում է մեծահասակը․․․

Վերջի մասին ամենից սուր զգացողությունը Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ»-ը կարդալու ընթացքում էր․ կզարմանաս, բայց ուզում էի պատուհանը բացել ու ցած նետվել՝ պատճառներն անգամ շատ լավ չհասկանալով։

Այդ գրքի ընթերցման ընթացքում նաեւ երազ տեսա․ մարմինս այլեւս չկար, դեռ զգացողություններ ունեի, գույներ կային, հիշողություններ էին պտտվում, հետո ինչ-որ փուլային անցումներ եղան, անէացա, բացարձակ ոչինչ չմնաց։

Ներկայացման ավարտից հետո անէանալու, դատարկության այս զգացումը նույնպես կա՞։

Բացի դատարկության զգացումը, զղջման ուժեղ ալիք է բարձրանում, կարծես դառնում ես Գոգոլի «փոքրիկ մարդը»․․․ Չգիտեմ՝ այդ զղջումն ինչի հետ է կապված, բայց տեւում է կարճ, սրան հաջորդում է այն էներգիայի ընկալումը, որը լցնում է ներսդ, որը տվել է քեզ հանդիսատեսը։

Այդպես 2000 հանդիսատեսի առաջ Բելառուսում խոնարհվեցի չորս-հինգ անգամ, որովհետեւ «բաց չէին թողնում», զգացի՝ ինչքան ուժեղ է էներգիան, ինչքան մեծ ինֆորմացայի փոխակերպում է եղել․․․ Երբ արդեն կուլիսներում էի, ինչպես միշտ այդ ստացած ահռելի էներգիան կարծես չքացավ է, եւ նորից ուժ գտնելու հնարավորություններ պիտի մտածեի․․․ Այս զգացողություններն ամեն ներկայացումից հետո են, ամեն տեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter