HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են. վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Մարդանյանի, այսօր  որոշեց անփոփոխ թողնել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ նրա իրավունքները խախտված համարելու վերաբերյալ դատական ակտը:

Գևորգյանի գույքի վրա, հիշեցնենք, կալանք է դրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում նրան արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք առաջադրելուց հետո՝ 2018 թվականի  օգոստոսին: Այս որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է, որ գույքի վրա կալանք դնելու որոշմամբ Մարտի 1-ի գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն խախտել է Գևորգյանի իրավունքը: Դատավոր Պապոյանը, սակայն, վարույթն իրականացնող մարմնին չի պարտավորեցրել վերացնել իրավունքի խախտումը: Պատճառն այն է, որ իրավունքի խախտումն արձանագրելու մասին դատական ակտի կայացման  պահին՝ 2019 թվականի մայիսի 8-ին, Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել էր դատարան, այսինքն՝ ՀՔԾ-ն գործով  վարույթն իրականացնող մարմին չէր:  Առաջին ատյանի դատարանի այս որոշումը, փաստորեն, մնում է օրինական ուժի մեջ, իսկ թե ինչ իրավական հետևանք կունենա այն, պարզ չէ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի՝ Գևորգյանի իրավունքի խախտումն արձանագրելու որոշումից հետո նրա պաշտպանները դիմել են  Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ պահանջելով վերացնել Գևորգյանի իրավունքի խախտումը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, այդ ժամանակ արդեն կայացրել էր Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, ուստի պաշտպաններին գրությամբ հայտնել է, որ միջնորդությունը կքննարկի, երբ Մարտի 1-ի գործի քննությունը վերսկսվի: Այս գրությունը պաշտպանական կողմը դիտարկել է որպես  միջնորդությունը մերժելու մասին որոշում ու բողոք ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն այստեղ բողոքն առանց քննության է թողնվել: Գևորգյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան, որը դեռևս բողոքը վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ որոշում չի կայացրել:

Ի դեպ, դատավոր Դավիթ Գրիգորյանն, ով չի քննարկել Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը, այլևս Մարտի 1-ի գործով դատավոր չէ: Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, սակայն Մարտի 1-ի գործը չի մակագրվել այլ դատավորի, ինչը Գևորգյանին հնարավորություն կտար ևս մեկ  անգամ՝ արդեն նոր դատավորին դիմել գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով: Այսպիսով՝ ստացվում է, որ նախկին փոխվարչապետի գույքի վրա դրված կալանքի որոշումն ապօրինի լինելու հանգամանքը ձևականորեն արձանագրված է, սակայն խախտումը վերացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Նշենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպանները պնդում են, որ նրա գույքի վրա չէր կարող կալանք դրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածի շրջանակներում, քանի որ այս հոդվածը չի նախատեսում գույքի բռնագանձման լրացուցիչ սանկցիա: Օրենքը  նախատեսում է գույքն արգելանքի վերցնելու այլ նպատակներ ևս՝ ինչպիսիք են գույքի բռնագրավումը, հնարավոր քաղաքացիական հայցի ապահովումը: Այս նպատակները ևս , ըստ պաշտպանական կողմի, առկա չեն եղել ՀՔԾ-ի կողմից որոշումը կայացնելիս: Ինչ վերաբերում է գույքի վրա կալանք դնելու մյուս՝  հնարավոր դատական ծախսերն ապահովելու նպատակին,  ապա, ըստ պաշտպանական կողմի, վարույթն իրականանցնող մարմինն այս դեպքում պարտավոր է նշել դատական ծախսերի չափը, ինչը չի արվել:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքում այսօր դատախազ Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ Գևորգյանը մեղադրվում է նաև կաշառք ստանալու մեջ, որը նախատեսում է գույքի բռնագանձման սանկցիա:  Հակադարձելով դատախազին՝  Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, թե դատախազը Արմեն Գևորգյանի լրացված և փոփոխված մեղադրանքով է փորձում հիմնավորել  գույքի վրա կալանք դնելու այն որոշումը, որը կայացվել է մինչև մեղադրանքը լրացնելն ու փոփոխելը:

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել և փոփոխվել է: Նրան վերագրվել է  կաշառք ստանալու, փողերի լվացման մեղադրանք, իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքը փոխվել է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածով:

ԹԵև կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածները նախատեսում են գույքի բռնագանձման լրացուցիչ սանկցիա, Ալեքսանյանի խոսքով, այս մեղադրանքը Գևորգյանին առաջադրվել է նրա գույքի վրա կալանք դնելու՝ այժմ դատարանում վիճարկվող ՀՔԾ-ի որոշումից չորս ամիս անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter