HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ամուլսարի վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ պայմանավորված՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամը կդադարեցնի լիազորությունները

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը որոշել է դադարեցնել Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը՝ պայմանավորված Ամուլսարի վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ։

«Հետք»-ի հետ զրույցում Գայանե Շագոյանը հայտնեց, որ հրաժարականի դիմումը կներկայացնի հոգաբարձուների նիստին, որ նախնական պայմանավորվածությամբ կայանալու է սեպտեմբերի 9-ին։

«Հրաժարականի պատճառը նախ և առաջ կառավարության դիրքորոշումն է Ամուլսարի հարցով, որը գտնում եմ բացառապես անընդունելի։ Երկրորդ՝ շատ կարևոր պատճառն այն էր, թե ինչպես անցկացրին օգոստոսի 19-ի քննարկումներն և վարվեցին հարցը բարձրացնող ընտրողների, բնապահպաների հետ։ Ե՛վ ոստիկանության վարքը, և՛ պատգամավորների բացակայությունն այդ տարածքում, և՛ ընդհանրապես քննարկման ֆորմատը, որտեղ ընտրված էին գյուղապետեր, մարզպետարանի աշխատողներ, ավելի շատ վարչական ինչ-որ կառույցի ներկայացուցիչներ։ Իսկ Ջերմուկի պոստերում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ովքեր ավտոերթով եկել էին, իրավունք չունեին նույնիսկ փողոցն անցնեին և մոտենային Բաղրամյան 26-ին, որը կարծես թե հայտարարված էր բացված տարածք»,- նշեց նա։

Շագոյանին վրդովեցրել է նաև ակցիայի մասնակիցների առաջ Ազգային ժողովի դարպասները փակելու որոշումը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ փետրվարի 12-ին ԱԺ նախագահի որոշմամբ սահմանվել է՝ ԱԺ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ։

Հոգաբարձուների խորհրդի անդամն ընդգծում է, որ թեև այնտեղ հավաքվածները ցույց անելու նպատակ չունեին, ցանկանում էին պուրակն օգտագործել որպես քննարկման տարածք։

Լիզորությունների դադարեցման հայտարարությունից հետո Գայանե Շագոյանի հետ կապ է հաստատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ հորդորելով հետ կանչել լիազորությունների դադարեցման դիմումը, իսկ եթե հաստատակամ որոշել է հրաժարական տալ, այն պետք է կայանա ըստ ընթացակարգերի՝ հոգաբարաձուների խորհրդի նիստին։

Մեկնաբանություններ (1)

Լիլիա Գառնիկի Կարապետյան
Ես կարծում են, որ այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի համակարծիք է ինձ հետՙ, որ Ամուլ սարը չպետք է դառնա հանք: Կառավարությունը պարտավոր է մտածել մարդկանց առողջության և բնության մասին: Սա մեր և նաև ձեր երկիրն է, հարգելի կառավարություն: Եվ եթե պետք լինի, ես, և կարծում եմ ինձ կմիանան շատ քաղաքացիներ,պատրաստ եմ մեկ տարի միայն հաց ու պանիր ուտել և իմ աշխատավարձի զգալի մասը փոխանցել կառավարությանը, որ կոմպենսացվի հանքը փակվելու դեպքում վճարված տուգանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter