HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչ Միքայել Զադոյանը բողոքարկել է կաշառքի գործով իր վերաբերյալ դատավճիռը, փաստաբան Գայանե Գալոյանը բողոք չի ներկայացրել

Առաջին ատյանի դատարանի կողմից 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղավոր ճանաչված քննիչ Միքայել Զադոյանը բողոքարկել է իր վերաբերյալ դատավճիռը: Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել մեղադրական դատավճիռը, արդարացնել Զադոյանին կամ գործն ուղարկել նոր քննության: Նշենք, որ Միքայել Զադոյանը մեղավոր է ճանաչվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանից փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ կաշառք ստանալու մեջ: Քննիչը իրեն մեղավոր չի ճանաչել:

Զադոյանը դատարանում ցուցմունք տալիս պնդել է, որ եթե քաղաքացի Բաբկեն Գասպարյանն իրեն կաշառքի առաջարկ աներ, ապա զեկուցագիր կներկայացներ և օրենքով սահմանված կարգով ընթացք կտար դրան:

Մեղադրանքը չի ընդունել նաև նույն գործի շրջանակներում կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված և համաներմամբ պատժի կրումից ազատված փաստաբան Գայանե Գալոյանը, սակայն վերջինս չի բողոքարկել իր վերաբերյալ դատական ակտը:

Նշենք, որ Գայանե Գալոյանը դատաքննության ընթացքում բազմիցս հայտարարել է, թե կաշառքի միջնորդություն, օժանդակություն չի արել, և իր դեմ ցուցմունք տված Բաբկեն Գասպարյանն ու վերջինիս ընտանիքը վրեժ են լուծել իրենից: Գալոյանը եղել է Բաբկեն Գասպարյանի որդու` Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով պաշտպան: Ըստ դատավճռի` հենց այդ գործի շրջանակներում է նա կաշառքի միջնորդություն կատարել:

Գործով մյուս ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը ևս չի բողոքարկել իրեն կաշառք տալու մեջ մեղավոր ճանաչելու և համաներմամբ պատժի կրումից ազատելու վերաբերյալ դատական ակտը: Գասպարյանը, նշենք, առաջին ատյանում գործի քննության ընթացքում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քննիչ Միքայել Զադոյանին մեղավոր ճանաչելով՝ դատապարտել է 7 տարի ժամկետով ազատազրկման: Այս պահին Զադոյանն ազատ է, քանի որ դատաքննության ընթացքում, այն բանից հետո, երբ հարցաքննվել են գործով անցնող բոլոր անձինք, դատարանը նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշում է կայացրել:

Վերաքննիչ դատարանում Զադոյանի բողոքի գործով նախագահող դատավորը Արսեն Նիկողոսյանն է: Դատարանի կազմում են նաև դատավորներ Ալեքսանդր Ազարյանն ու Սևակ Համբարձումյանը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ վերաքննիչ բողոքի գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter