HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանի հարցաքննությունն ավարտվեց. վերջինս այս պահին ազատության մեջ է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Գործով վերջին երկու դատական նիստերի ընթացքում Զադոյանը ցուցմունք է տվել և  մանրամասն ներկայացրել իրեն մեղսագրվող արարքի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ կաշառքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում (Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ըստ գործի նյութերի, հարվածել է իր հետ վիճաբանած մի քաղաքացու՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս):

Կաշառքի վերաբերյալ հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը` ԱԱԾ-ում հաղորդում տված Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը, Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը և Միքայել Զադոյանն, որը Բաբկեն Գասպարյանի որդու գործով քննիչն է եղել:

Ըստ գործի նյութերի` գումարի դիմաց պետք է Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի  մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սոս Գասպարյանին մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվեր, մասնավորապես՝ նրա արարքը պետք է որակվեր ոչ թե «դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառել», այլ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»:

«Հետքի» հետ զրույցում Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ նախորդ դատական նիստին տված իր ցուցմունքում Միքայել Զադոյանն ասել  է, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ գործի սկզբնական փուլում, երբ իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել կաշառք տալու վերաբերյալ, դրանում այնպիսի հանգամանքներ են եղել, որոնց պարագայում առհասարակ չէր կարող խոսք լինել Գասպարյանի արարքը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման շրջանակներում դիտարկելու համար:

Մասնավորապես, ըստ պաշտպանի` սկզբնական փուլում Գասպարյանի հետ վիճաբանած անձինք ցուցմունք են տվել այն մասին, որ վերջինս դանակը պտտեցնելով՝ մոտեցել է իրենց, նրանք ասել են, որ այն մի կողմ տանի, բայց Գասպարյանը չի արել:

Նշենք, որ Գասպարյանի մասնակցությամբ միջադեպը տեղի է  ունեցել 2017-ի դեկտեմբերի վերջին՝ այն ժամանակաշրջանում, երբ Քննչական բաժինը գերծանրաբեռնված է եղել եւ փորձել է ավարտին հասցնել մի շարք քրեական գործեր ու դրանք ուղարկել դատարան:

Թեև Սոս Գասպարյանի վերաբերյալ վերն արդեն նշված բովանդակությամբ ցուցմունքներ են եղել, քննիչ Զադոյանը նրան ձերբակալելու որոշում չի կայացրել: Դատարանում ցուցմունք տալիս բացատրել է, որ  տարվա վերջին աշխատանքային օրը Գասպարյանին ձերբակալելու անհրաժեշտություն չի տեսել, քննչական մարմնի ձեռքում են եղել նրա  անձնագիրը, զինվորական գրքույկը, սահմանային անցակետերում էլ հսկողություն է սահմանված եղել, և եթե Գասպարյանը փորձեր սահման հատել, ապա դա կդիտարկվեր որպես քննությունից թաքնվելու փորձ:

Միքայել Զադոյանն,  ըստ Հրանտ Անանյանի խոսքի, նախորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք տալիս հայտնել է, որ Գայանե Գալոյանի,  Բաբկեն Գասպարյանի և որևէ այլ անձի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել կաշառքի վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Զադոյանը պատասխանեց մեղադրող դատախազ Արա Մնացականյանի և դատավոր Մեսրոպ Մակյանի` իրեն տրվող հարցերին:

Նախորդ դատական նիստի ընթացքում Միքայել Զադոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը մշտապես դրական մոտեցում է ցույց տվել Բաբկեն Գասպարյանին, երբ վերջինս որդու գործի մասին տեղեկություններ իմանալու համար գնացել է քննչական բաժին, նրա հետ զրույցի ընթացքում հաշվի է առել, որ վատառողջ է, նոր վիրահատված:

Մեղադրող դատախազ Արա Մնացականյանը հարց ուղղեց, թե ըստ Զադոյանի` նման վերաբերմունք ցուցաբերելու պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ Գասպարյանը գնացել ու կաշառքի վերաբերյալ  հաղորդում է տվել Ազգային անվտանգության ծառայությունում:

Զադոյանն ի պատասխան կարծիք հայտնեց, որ Գասպարյանն ու իր ընտանիքը դժգոհ են եղել, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրական եզրակացությամբ ինքն ուղարկել է դատարան:

Քննիչը  նշեց, որ Գասպարյանների ընտանիքը բազմիցս խոսել է այն մասին, որ Սոս Գասպարյանի նկատմամբ ինքը ոչ արդարացի մոտեցում է ցուցաբերել և, իրենց բառերով ասած, «սխալ է դատել նրան», ինչն էլ, հավանաբար, իր նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառն է դարձել:

Ցուցմունք տալիս Միքայել Զադոյանը հայտնել է նաև, որ Բաբկեն Գասպարյանն իրեն կաշառքի առաջարկ չի արել, և եթե ինքը նման բան լսեր, ապա զեկուցագիր կներկայացներ և օրենքով սահմանված կարգով ընթացք կտար դրան:

Դատարանում հետազոտվել են գործում առկա օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում Գասպարյանի և Միքայել Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունների տեսագրությունները, որոնցում Գասպարյանը խոսում է Գայանե Գալոյանին գումար տալու մասին:

Մասնավորապես, ըստ դատարանում հետազոտված տեսագրության՝ Բաբկեն Գասպարյանը գնում է Զադոյանի հետ զրուցելու ու ասում բառացիորեն հետևյալը. «Գայանեն ասել ա 3000 տվեցի, 4000 էլ պատրաստի,  կարողա պետք գա»: Միքայել Զադոյանը ձեռքով շարժում է անում ու ասում` «մի...»: Դրանից հետո Բաբկեն Գասպարյանն ասում  է. «Հա, փող չասե՞մ, լավ»:

Մեղադրող դատախազը հարցրեց, թե ըստ Զադոյանի` վերը նշված խոսակցությունն արդեն իսկ չէ՞ր վկայում կաշառքի մասին, ինչին ի պատասխան՝ Զադոյանը նշեց, որ ինքը ճշտումներ չի կատարել, բայց կաշառքի մասին խոսակցություն չի եղել:

Զադոյանի խոսքով` քննչական բաժնում մշտապես իրենց հարազատների գործերով հետաքրքրվող քաղաքացիներ են գալիս, և իրենք հաճախ նրանց խոսակցություններին ուշադրություն չեն դարձնում:

Ինչ վերաբերում է խոսակցության ընթացքում իր ձեռքի շարժմանն, ըստ քննիչի, դա ոչ թե ակնարկ է եղել, որ Գասպարյանը փողի մասին չխոսի, այլ պարզապես ժեստ:

Օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված ձայնագրության մեկ այլ հատվածում Բաբկեն Գասպարյանը, դիմելով քննիչին, ասում է հետևյալը. «Զադոյան ջան, ոնց ասիք, գնացինք դրան»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը քննիչին հարցրեց, թե ինչի՞ մասին էր խոսքը: Ի պատասխան՝ Զադոյանը նշեց, որ ինքն, ինչպես արդեն հայտնել է, այդ ժամանակ իրեն լավ զգալիս չի եղել, ծանրաբեռնվածության պատճառով հոգնած է եղել և գուցե Գասպարյանն ինչ-որ բան է ասել, որին ինքը նշանակություն չի տվել:

Մեսրոպ Մակյանը նկատեց, որ Զադոյանը դրան արձագանքել է` նշելով։ «Բաբկե՛ն, սպասի՛, Գայանեի հետ կխոսենք, կհասկանանք»: Այսինքն` այնպես չէ, որ Զադոյանն անարձագանք է թողել Գասպարյանի հարցը եւ դրան նշանակություն չի տվել: Քննիչը նշեց, թե չի կարող ասել` ինչի մասին է եղել խոսքը: Վերջինս շեշտեց, որ, ամեն դեպքում, ինքը Գալոյանի հետ ոչինչ չի խոսել:

Զադոյանը կարծիք հայտնեց նաև, որ Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի միջև կաշառքի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Զադոյանի հարցաքննությունն ավարտվեց:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այսօրվա դատական նիստի ընթացքում Զադոյանը իր նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Դատական նիստից հետո Զադոյանը տեափոխվել էր Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում էր: Քիչ առաջ մեզ հետ զրույցում պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ գրավի գումարը վճարվել է, Միքայել Զադոյանն արդեն ազատ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter