HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թեքգյոզյանի նոր վեպը «վառում են» առանց կարդալու․ զրույց «Երրորդ սեռ» վեպի մասին, որը լրիվ ուրիշ պատմություն է

Դեռ 2017 թվականին, երբ զրուցում էի Հովհաննես Թեքգյոզյանի հետ, որն արդեն մշտական բնակություն էր հաստատել Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում, Թեքն արդեն Ժան-Շա անունով էր ներկայանում։ 

Ականջիս չհասած, բայց Ֆեյսբուքում ու մի քանի այլ տեղերում ամրագրված «Ժան-Շա»-ն, առաջին ազդակն էր, որ Թեքգյոզյանին կտրել էր այստեղի միջավայրից։ Մտածում էի՝ ինչու չեմ համակերպվում այդ «Ժան-Շա»-ի հետ․ գուցե պատճառն այն էր, որ չէի լսել բանավոր արտաբերումը, չէի եղել այն ընկերների մոտ, ովքեր սերբ են, արաբ են, պարսիկ, ֆրանսիացի, քաղաքական ապաստան գտած ամենատարբեր երկրի քաղաքացիներ կամ հաջողակ կարիերիստներ, բնիկ ֆրանսիացի տպեր․ մի խոսքով Թեքին նորովի շրջապատող մարդկանց չգիտեի, իսկ իրենք արդեն գիտեին Թեքին, ավելին՝ կարող էին նրա «Փախչող քաղաքը» կարդալ ֆրանսերենով, եւ ավելին՝ անվանեին նրան «Ժան-Շա»՝ ֆրանսերեն նրբանկատությամբ ու լեզվին բնորոշ ինտոնացիաներով։ 

Այս տարվա ապրիլին արդեն ինքն իր բալկոնից, ես՝ իմ, հեռահար զրույց էինք կազմակերպել, երբ չդիմացա ու հարցրի, թե այդ ոնց եղավ, որ դեռ 7-8 տարի առաջ այդ նույն «Ժան-Շա»-ն, որ վեպեր, էսսեներ գրող, Դրամատիկականի դերասան Հովհաննես Թեքգյոզյանն էր, վստահությամբ ասում էր՝ մարդը ժամանակ ֆիքսելու պահանջ ունի․ նա հնարավոր բոլոր ձեւերով փորձում է կանգնեցնել այն, ինչ մշտապես հոսում է։ 

Այդ ո՞նց եղավ, որ հանկարծ հաստատվեց մի ուրիշ տեղ, այդ ո՞նց վարվեց համարյա 20 տարվա արխիվի հետ, որ Դրամատիկականը ներարկել էր, ի՞նչ եղան այն տեքստերը, որոնք գրվել են թատրոնի, հոգեւոր վթարի, ներսում տեղի ունեցած աղետի ու դրա անդառնալի հետեւանքների մասին։ Ըստ երեւույթին այդ հարցիս հիմնական կոնտեքստը ոչ օբյեկտիվ, ոչ էլ անաչառ մղումը չէր․ հարցս պրովոկատիվ էր, կոնկրետ, երեւի մի քիչ էլ ցավ դրսեւորող մի նշում, որն ասում էր՝ «գնացիր, մեզնից պոկվեցիր, տեքստերդ էլ հետդ տարար»․․․

Դեռ այս տարվա ապրիլին Թեքգյոզյանը կոնկրետ պատասխան ուներ, ու այդ պատասխանը բացատրություն չէր, պատճառաբանություն չէր, վերափոխման կոնտրակտի հնարավոր դրսեւորում չէր․ կիսակատակ-կիսալուրջ ասաց՝ եթե ձայնը լավ է լսվում, չակերտներ բացեմ ու գրեմ հետեւյալը․

«Սիրելի՛ ընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուտով լույս կտեսնի նախկինում Հովհաննես, ներկայում՝ Ժան-Շա Թեքգյոզյանի նոր վեպը։ Վեպի նախնական վերնագիրը՝ «Ինտրիգային սեռ» էր, կարծում եմ՝ այն կվերանվանվի «Վթար»։ Գիրքը կարող եք ձեռք բերել․ հեղինակը չի կարող նվիրել, քանի որ մի ստորագրություն տալու համար ի վիճակի չէ Հայաստան հասնել»։

Ո՜նց․․․ Ուրեմն «Չղջիկ-Բեատրիսը» դեռ ապրում է։ Ուրեմն Թեքգյոզյանը դեռ տեքստեր է հանելու։ Ուրեմն սպասվում է մի բան, որն այստեղինն է ու, որը գրվելու է հեռավոր Ստրասբուրգի իր կաթնագույն պատերի ներսում՝ սեւ կատվի՝ Փիսեթի համառ ներկայության ու իր հավերժական մատանիների զրնգոցի տակ։ 

Հա՛․․․ Գրվելու է։

Ոչ «Ինտրիգային սեռ», ոչ էլ «վթար», ոչ ավել, ոչ պակաս՝ «Երրորդ սեռ»։ Մեկ շաբաթ առաջ գրախանութներում հայտնվեց Թեքգյոզյանի նոր վեպը՝ իսկ ավելի ճիշտ «չորս վթարի կիսադոկումենտալ պատմությունը»։ Այդ հայտնվելն էլ համընկավ «Ստամբուլյան» կոնվենցիայի տարատեսակ քննարկումներին ու մեկնաբանություններին, երբ «երրորդ սեռ» արտահայտությունը միանգամից աղմուկի տեղիք է տալիս, չնայած որ ընդհանրական «դեմ եմ»-ը հիմնականում չի բացատրվում։ Սա ուրիշ կինոյից է ու այս նյութին որքան վերաբերում է, այնքան էլ չի վերաբերում։ Իսկ Թեքգյոզյանի «կինոն» լրիվ ուրիշ սցենար ունի․․․

Ի պատասխան «Չեմ կարդացել վեպը, բայց արդեն պարզ է, որ․․․» գրառումների ու մեդիանյութերի՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ «կարդացել եմ ու Ձեր «պարզ է, որ․․․»-ն ընդհանրապես կապ չունի այս վեպի հետ։ 

Ուշադրություն եւ դա՛-դա՛մ «Երրորդ սեռը» չորս կանանց մասին պատմությունն է, ովքեր հանրային հռչակ են «վայելել» (վայելում) որպես Դրամատիկական թատրոնի դերասանուհիներ (ուշադրությու՛ն)՝ հաճախ «արտաքսվելով» իրենց տնից՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով, դառնալով  այն խորհրդանիշը, որին նորից «հետ են բերել», կրծքից ոսկեզօծ մի մեդալ կախել ու չմտածել անգամ, որ «կներեքը» տեղին բառ էր։ 

Այդ կանանց մենք տեսել ենք բեմում, նաեւ քաղաքում, այդ կանանց մասին լսել ենք շատ պատմություններ՝ հորինված եւ ոչ, այդ կանանց մասին խոսել են թատրոնի ներսում եւ թատրոնից դուրս, այդ կանայք իրենք եւս խոսել են, երբ պիտի հավաքեին ճամպրուկն ու հեռանային հայրենիքից․․․

Թատրո՞նը չէր հանդուրժում, թե՞ թատրոնը հանդուրժում էր բրգային կառույցը, որի հիմքերը խախտող «Չղջիկ-Բեատրիսը» հանկարծ կընդդիմանար ու «պարադի» չէր գնա։ 

Թեքգյոզյանն ասում է՝ կարեւորը հիմա դա չէ, այլ այն, որ այդ կանանց դրամատիկ պատումը փաստում է մեր հասարակության վերաբերմունքը առ այն, որ կնոջ «հիմնական» առաքելությունը զոհ լինելն է։ Սրանից բացի մյուս մանրամասները ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում։

Եվ այսպես «Երրորդ սեռ» վեպը, որը «չկարադացածներին» առիթ է տվել Թեքգյոզյանին անվանել «սատանայի ծնունդ», «այլասերված» (շարքն ընդարձակ է), որի արդյունքում «վառել, այրել, ոչնչացնելը» նորից դարձել է դոմինանտ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, վեպ է կանանց, մեզ շատ հայտնի կանանց պատմության մասին։ 

Ավելի կարճ ասած՝ «Երրորդ սեռը» ֆեմինիստական վեպ է, որն ընդգրկում է վավերագրութան մի ահռելի հատված այն կանանց ճանապարհի մասին, որոնց հետ Թեքն աշխատել է գրեթե երկու տասնյակ։ 

Վեպի վերնագրի սեռային բնորոշումը վերագրվում է հենց դերասանի մասնագիտությանը․ «նրանք ոչ կին են, ոչ տղամարդնրանց սեռն «ինտրիգային» է՝ պայմանավորված իրենց յուրահատուկ մասնագիտությամբ»։ 

Իրարից խիստ տարբեր 4 կանայք, որոնք ճանաչելի են հանրությանը, դրամատիկ կերպով ներկայանում են որպես մեկ ընդհանուր համակարգի կրողներ, համակարգի, որն իրենց հեռացրել է թատրոնից, տնից, հայրենիքից, անգամ իրենց ինքնությունից։ 

Այո՛, վեպը սկանդալային է, որովհետեւ այդ կանայք լավ ճանաչելի են, այո՛, նրանց անունները հայտնի են եւ նրանց պատմությունների մասին կցկտուր այստեղից- այնտեղից դեռ կարելի է լսել, այո՛, նրանց մասին ի վերջո հայտնվել է մի տեքստ, որը բացում է, ցավելու աստիճան բացում է ճշմարտություն, որը կոչվում է «երրորդ սեռի» վթարի պատմություն։

Կարդացի վեպդ ու հիշեցի, որ տարիներ առաջ մտա Դրամատիկականի շենք ոչ որպես հանդիսատես․ եկել էի որպես լրագրող ու քեզ տեսնելու էի առաջին անգամ։ Այս վեպիցդ հետո նորից ու նորովի «մտա» Դրամատիկական։  

7 տարի է անցել մեր այդ զրույցից․ հիմա կարող եմ ասել, որ այն խորհրդի հետեւանք էր․ ասել էին՝ Դրամատիկականում «զիլ» դեմք կա, ծանոթացիր, զրուցիր հետը։ 

Ինչ լավ խորհրդատուներ ունես․․․

Գիտե՞ս՝ վերջին ժամանակներս այլեւս չեմ մտածում ժամանակի անցողիկության մասին․ էս վեպս գրելիս հասկացա, որ ներկա եւ անցյալ ժամանակներն իրարից անկախ գործելու կարողություն ունեն։

Իմ նպատակն էր ժամանակի այդ երկու սլաքները դնել կողք կողքի, իսկ կենտրոնում շարել տարբեր կանանց ֆիգուրներ, որոնց տեսակը քարտեզագրում է ժամանակաշրջանը, որտեղ նրանք ապրել են։

«Երրորդ սեռը» «հետ բերեց» քեզ տեղին, բայց համ էլ վերջնականապես խլեց։ Այսինքն դու մեծ հեռավորության վրա անդրադարձար արխիվին, որի բացելը շատ մեծ պատասխանատվություն է, ու հարցեր է առաջ քաշում։ Ի վերջո այդ կանանց մասին առաջին անգամ պատմվում է այլ անկյունից։ 

Չգիտեմ՝ խլեց, ցբխեց, վերաշինեց, թե շաշմիշ դարձրեց (լավ պատկեր է, չէ՞․․․«շաշմիշ» ․․․ ճճճճ) բայց իրականում համոզվեցի, որ քսան տարի քայլել եմ դեպի այս վեպը՝ հավաքելով ավտորիտար ու հետավտորիտար հասարակարգում փշրված կանանց դիմագծերից կտորներ։

Այդ կանանց կիսադոկումենտալ պատումը տղամարդուն դնում է պահարանի մեջ՝ վախի անասելի մտքից թաքնվողի գործողությամբ։ Այդ տղամարդիկ պակաս հանրաճանաչ չեն․ բոլորի անուններն առնվազն շատ հայտնի են․․․ Վեպդ «վտանգավոր» խոստովանություն է։

Իմ նպատակը «Երրորդ սեռ»-ում տղամարդկանց կերպարները էպիզոդիկ դարձնելն էր։ Ցավոք, մեր գրականության մեջ կինը, կարելի է ասել, լիովին անտեսված է։ Համաշխարհային գրական զարգացումները հակառակն են փաստում․ կինը կարծես վերագտնում է իր նշանակությունը, բայց կնոջ հոգեբանությանը բնորոշ շատ խնդիրների մասին հասարակությունները նախընտրում են հնարավորինս լռել։ Գրական տեքստերում քիչ կհանդիպես օրինակ հաշմանդամություն ունեցող կամ կլիմաքսի տարիքի հասած կնոջ պատմություններ․․․

Ավտորիտար, կիսաավտորիտար կամ հետավտորիտար հասարակությունների հիմնական ցուցիչը կնոջ հանդեպ վերաբերմունքն է։ Այս տիպի հասարակություններում կինն ընկալվում է որպես զոհ կամ հարակից ուժ, քաղաքական իմաստով՝ իբրեւ առաջին վահան (խոսքս ինչ-ինչ նպտակներով իշխող քաղաքական ուժի կողքին կանգնած հանրճանաչ կանանց մասին է, ում օրինակները մենք շատ ունենք), ով պատրաստ է կրել ոչ լեգիտիմ իշխանությանն ուղղված առաջին հարվածները։ 

Փաստացի նմանատիպ հասարակարգերը անհնարին են դարձնում սիրո գոյությունը՝ այն վերածելով սովորական բնազդային մեքենայի․․․

Կինը՝ կին լինելու համար մեդալներ, կոչումներ, պարգեւներ, սիրեկաններ, բարձրախոսներ, կարգախոսներ է ստանում, կանգնում է կաթողիկոսի, կեղծ առաքյալ Պողոսի, փողատեր լափողոսի, ինքնաբավ սկեսրայրի, ամուսնու, տեգրոջ կողքին, որ, կարճ ասած, պաշտպանի իրեն, իր ընտանիքին, իր հարազատ մարդուն։ 

Ինչպես վեպիդ բոլորիս ճանաչելի դերասանուհիները․․․

Ինչպես նրանք․․․ Գիտե՞ս՝ վեպը գրելիս միշտ ունեցել եմ զգացողությունը՝ արդյոք չեմ անցնում ուրիշի անձնական կյանք մտնելու, բամբասանքի, չգիտեմ՝ թույլատրելի-չթույլատրելիի սահմանը («թույլատրելի» գրի մեջ․․․ Տեսա՞ր, Անուշ, պարզվում է՝ ես էլ հավի ուղեղ ունեմ)․․․ Մի խոսքով ներսումս գծած գիծը հո՞ չեմ անցնում։ Գուցե ինչ-որ տեղ անբարոյական է ուրիշի ներքին կյանքի, եթե չասեմ մութ, ապա ցավալի կողմերը բացահայտելը։

Երկար գցեցի-բռնեցի, հետ ու առաջ արեցի ու հասկացա կարեւոր մի բան․ այդ հերոսուհինրեը իմն են, իմ տեսածն են․ իսկ երբ պատկերը տեսած է, կերպարը տեսած է, ուրեմն դու ես իր կրողը․․․ Ու էդ պատկերները, որ իմն են, հաստատեց միտքը, որ այդ կանանց կողքը պիտի կանգնեմ, իրենց ձուլվեմ, բարձրացնեմ իրենց ձայնը՝ գուցե մեկ-մեկ իմ «անդուր» ինտոնացիաներով։

Կատարված չորս վթարի՝ չորս կանանց այդ կիսադոկումենտալ պատմությունները տպավորիչ են, որովհետեւ կա գայթակղությունը մտնել այդ քո նշած «սահմանից» այն կողմ։ 

Երբ Էվելինան քարկոծվում է, ու տարիներ անց քարկոծվում է Անժելան, հասկանում ես՝ համակարգը փշրում է կնոջ, ում կրծքին հետո մեդալներ է կախում։ Տպավորությունն ավելի է սրվում, երբ գիտես այդ Էվելինային, Անժելային ու մյուսներին, երբ իրենց տեսել ես բեմում։

Հետաքրքի՞ր էր։

Սահմռկեցուցիչ պահեր կային։ 

Դադար

Դե՛ հաջորդ հարցը տուր։

Մտածում եմ՝ որքան էլ տարբեր են այս կանայք՝ իրենց տարիքով, մտածողությամբ, իրենց ապրած ժամանակաշրջանով, մեկ ընդհանրական վերաբերմունքի զոհ են, որը կրկնվում է պարբերաբար, տարբեր ձեւամիջոցներով։ 

Եթե Էվելինայի դրամատիկ գիծն ավելի փակ էր մեզ համար մինչ օրս, քանի որ չկար սոցիալական մեդիա, ինֆորմացիայի արագ տարածման միջոց, ապա Անժելայի պատմությունը ծամծվեց բոլոր հարթակներում։ 

Անկախ ամեն ինչից, երկուսի «արտաքսումն» էլ դրամատիկ եւ ցավալի է։

Մեդիայի առումով տարբերություն չեմ տեսնում։ Երկու դեպքում էլ նպատակը ինչքան հնարավոր է ցավոտ, անվերադարձ ոչնչացնել է։ Ալամ աշխարհի վրա ինչքան ոչ ազատ համակարգ է եղել, ուղղորդվել է անխափան մի մեխանիզմով․ նմանին նմանով ոչնչացնելու անաստված, ամենաանխիղճ մեխանիզմով․․․ Դերասանին պիտի իր դերասան կոլեգաները ոչնչացնեն, երգչին՝ իր երգիչ ընկերները, բժշկին՝ բժիշկները ու այդպես շարունակ։ Տեսակային այս ճնշումն ամենացավոտն է եղել եւ մնում է, իսկ մեդիայի հնարքներն ընդամենը տարրեր են, որոնց պարունակությունից հայտնի զանգվածի տեսքն ու հոտը չի փոխվում․․․

Վախենամ՝ այս մեր զրույցի բովանդակությունը այդպիսի պարունակությամբ մեկնաբանությունների տեղիք տա․․․ Գուցե նաեւ անհասկանալի լինի, բայց քննադատելի, ճիշտ այնպես, ինչպես վեպիդ շուրջ ստեղծված աղմուկն է վերջին շաբաթվա ընթացքում։ Մարդիկ չեն կարդացել, բայց քննադատում են, առաջարկում եւ ինչ-որ տեղ պարտադրում, որ գրախանութներից գիրքդ «պիտի մաքրվի»։ 

Ուրեմն արի պարզեցնենք։

Չէ, պարզեցնելու համար ստիպված եմ ողջ վեպդ տեղադրել այս զրույցում։

Մի խոսքով ասածս ինչ էր, որ սկսել են «ոչնչացնել» մի բան՝ առանց իմանալու, ծանոթ լինելու ինչ կամ ում են «ոչնչացնում» եւ ինչու։ Ամեն դեպքում դու տեղում չես, բայց տեքստդ նորից այստեղ է, նորից հայերենով է։ 

Համոզում չասեմ, բայց տպավորություն ունեմ, որ իմ տեքստը, ի տարբերություն ինձ, միշտ վերադառնում է։ Ես ֆիզիկապես ու շատ ուրիշ իմաստներով բոլորովին այլ տեղ եմ, իսկ տեքստս աներեսի նման միշտ հետ է գնում։ Պատճառն այն է երեւի, որ, ինչ գրում ես, անցյալում է, ու այս զզվելի  հատկությունն էլ գրականություն կոչվածին հին, դասական արվեստի դարակն է խցկում։ 

Դադար 

Երեւի տասը օր էլ չկա, ինչ վեպը հայտնվել է գրախանութներում, եւ սոցիալական ցանցերում մի անսպասելի իրարանցում է սկսվել, այդ քո ասած մեդիան էլ իր հերթին լավ տոն է տալիս։ 

Ինչ ասես, որ չեն գրում, մեկնաբանություններից մի քանիսն իրոք գլուխգործոցներ են։ Պատկերացնու՞մ ես՝ մի քահանա ինձ «սատանայի ծնունդ», թե «գործակալ» է անվանել, մի կին է ռուսերենով գրել էր, թե սա շատ վատ գիրք է, բայց շատ հայտնի աշխարհում․․․

Պաշտոնապես եմ հայտարարում, որ կյանքում սատանա տեսած չկամ, ու վերջինիս հետ համագործակցության  պայմանագիրը ո՜նց է ընկել այդ քահանայի ձեռքը, այդպես էլ հանելուկ է մնում․․․

Հիմնականում, երբ շոգ է լինում, ես քնում եմ կատվիս հետ՝ իր ցանկությամբ, քանի որ Փիսեթը շատ զգայուն է ցրտի նկատմամբ եւ վերմակի կարիք ունի, բայց մտքով չէր անցնի, որ իմ անկողնու շուրջ այդքան «մոմ բռնողներ» կան, որոնց իմ սեռական կյանքն ավելի տեսանելի է, քան ինձ։ 

Կատակը՝ կատակ, բայց մեկնաբանություն գրողներին շփոթեցնում եւ բորբոքում է գրքի վերնագիրը։ Անկեղծ ասած, երբ այն անվանվեց «Երրորդ սեռ», «Ստամբուլյան» կոնվենցիայի այս աղմուկը դեռ չկար, բայց իմ վեպում «երրորդ սեռ» վերտառությունը բոլորովին ուրիշ իմաստ ունի։

Այս ամենն ինձ մի բան է հիշեցում․ քաղաքում, որտեղ ապրում եմ, մի կամուրջ կա, որը տուրիստական ամենադիտարժան վայրերից է հիմա։ Տեղանքը կոչվում է «Ագռավի կամուրջ»․ ինկվիզիցիայի ժամանակ կանանց, որոնց մեղադրում էին կախարդության մեջ, կապկպում էին ու այդ կամրջից ցած նետումեթե խեղդվեց, վհուկ չի, եթե չխեղդվեց, վհուկ է ու ենթակա խարույկ բարձրացնելու։

Հիմա դու «խեղդվու՞մ» ես այդ մեկնաբանություններից ու գրքի շուրջ առաջացած աղմուկից։

Չէ՜ հա, իրենց համար եմ վիրավորվում, քանի որ այդ մարդիկ իրենց զգացողություններով, ցանկություններով ու արտահայտվելու կերպով դեռ միջնադարյան «Ագռավի կամրջի» վրա են «լռվել»․․․

Շա՞տ կոպիտ հնչեց։

Հաշվի առնելով քո հասցեին ուղղված հայհոյանքներն ու գիրքն առանց կարդալու արդեն «վառելու» առաջարկները՝ կարծում եմ՝ դիտարկումդ բավականին թեթեւ էր։ 

Ուրեմն զրույցի այս հատվածը չհանես։

Ինչու՞ պիտի հանեմ․ մտածու՞մ ես՝ ինձ էլ «կվառեն» խարույկի վրա։

Ա՜խ, Անուշ, այդ կամուրջն արդեն վաղուց ծաղիկների մեջ փթթում է, իսկ դահիճի տունն էլ «Մսագործ» կանչող անունով ռեստորան է դարձել։ 

Զրույցի վերջին մոտենալուն պես պիտի ասեմ, որ վեպը ֆեմինիստական լինելուց զատ, խոստովանական ընդարձակ տեքստ է։ Ես, անկախ իմ կամքից, պատմությունները տեղայնացրի Դրամատիկականի պատերի ներսում, որտեղ նաեւ դու էիր ժամանակին։ 

Իրավացի ես, բայց իմ նպատակը դուրս գալն ու այդ կանանց, որոնց մի մասն այլեւս կենդանի չէ, դուրս հանելն էր։ Չգիտեմ՝ ինչ-որ անավարտ պարտք ունեի իրենց ապրածի նկատմամբ, որը միայն տեքստով կարող էի արտահայտել։

Ամեն դեպքում, ինչպես վեպում ես խոստովանում, «մտածում էիր, որ էլ նամակներ չես գրի, երազներ չես տեսնի», բայց այս ահռելի արխիվին լեզու տալը, մի ցանցի մեջ փաթաթելն ու փոշին թափ տալը, հե՛նց նամակ գրելն էր, հե՛նց երազ տեսնելն էր էլի։

Բնականաբար։ Եթե վեպի հերոսուհի Բեատրիսն այդպես էլ նամակներ չգրեց, ես գրում եմ ամեն օր․ ուղղակի հասցեատերերիս հասցեներն եմ մոռացել, դրա համար վեպի միջոցով եմ փոխանցում։

Այս վեպից մի ցավալի փաստ եւս ամրագրվեց․ իրականում թատրոնը՝ որպես համակարգի մեջ այդ համակարգի յուրահատուկ մոդել «ստիպեց» Վիոլետային գնալ, Անժելային գնալ, Էվելինային, Բեատրիսին գնալ։

Անուշ, էս ի՜նչ մեծ թեմա բացեցիր․․․

Կարճ ասեմ՝  թատրոնը թատրոն է, երբ «համադրվում» է իշխանակրոնական բուրգին, հակառակ դեպքում նա կորցնում է հիմքը, որի վրա կանգնած է՝ «էլիսեւսյան» միստերիաների՝ կրոնական գաղտնի արարողության բացհայտումը։ 

Հա, իշխանակրոնական բուրգի փեշը բռնած թատրոնը Վիոլետային, Անժելային, Էվելինային եւ Բեատրիսին ստիպեց հեռանալ․․․ Բայց «էլիսեւսյան» միստերիաները հո բացահայտվեցին «Երրրորդ սեռ»-ի տեսքով, ինչն էլ իմ ամենակարեւոր նպատկաներից մեկն էր։ 

Առաջին անգամ այս տեքտդ բացեց նաեւ այն, որ քեզ էլ, որպես այդպիսին, հեռացրեցին, որովհետեւ այդ բուրգի հիմքերում «քանդող» մեկը չի կարող լինել՝ անգամ դու՝ քո տեքստերով, քո փորձառությամբ, հորինածդ կուզիկի կերպարով։

Մինչեւ այսօր մտածում էի՝ ինքնակամ հեռացար։ 

Ինչքան էլ գլուխս պատին տամ, գրական ու լեզվական հնարքներ ծննդաբերեմ, պատկերների բազմազավակ ծնող դառնամ, տեքստից հեռու չեմ փախչի։ Իմ ստեղծած ամեն կնոջ մեջ ես եմ, ամենաշատը՝ Բեատրիսի, որն այդ անունը ստացավ մի քանի կանանց խառնելու, սոսնձելու արդյունքում։ 

Բեատրիսը երկար տարիներ մնաց այդ թատրոնում եւ թատրոնի նկատմամբ մեծ սիրուց դրդված լեգիտիմացրեց այդ մեծ բուրգը (ա՜յ այստեղ չափն անցա, ու, ինչպես Բեատրիսը կասեր, «պաթոսդ փչեմ»․․․)։ 

Բայց Բեատրիսն ի վերջո հասկացավ, որ չէ՛․․․ Չէ՛․․․ Չէ՛․․․ Ոչ մի առիթ՝ լինի անձնական, թե հանրային, չի տալիս հիմք այդ բուրգի մեջ մնալու համար, քանի որ արդյունքում դու կորցնում ես ամենակարեւորը՝ սիրելու կարողությունը, այսինքն քեզ, քո ինքնությունը ճանաչելու միակ հնարավորությունը․․․

 

ՀԳ «Երրորդ սեռ» վեպը Հովհաննես Թեքգյոզյանը սկսել է գրել դեռ Հայաստանում՝ չորս տարի առաջ։ Վեպի համար նախատեսված էր «Ինտրիգային սեռ» վերնագիրը, որը հրատարակվելուց առաջ փոխվում է։ Վեպի հիմնական մասը գրվել է Ֆրանսիայում՝ Ստրասբուրգ քաղաքում փոփոխությունների են ենթարկվել նաեւ նախնական որոշ հատվածներ։

Վեպը Հայաստանում լույս ընծայելու նախաձեռնությունը Թեքգյոզյանի գրական գործակալ, «ԱՐԻ» գրական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արեւիկ Աշխարոյանինն է։ 

Հրատարակող՝ «Էջ» հրատարակչություն։

Գրքի շապիկի նկարազարդումը՝ Զաքար Դեմիրճյանի, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան, սրբագրիչ՝ Անի Հովնան։ Տպագրվել է «Մագաղաթ» գրատանը։

Վեպը կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի մի շարք գրախանութներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter