HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Ժան-Շա Թեքգյոզյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում գրող, դերասան, էսսեիստ Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանն է։

Հենց այս հատվածից պիտի սկսվեր զրուցակցիս «երրորդ տարածությունից» ներկայանալը, սակայն բալկոնային այս զրույցը բացառություն է, քանի որ տեղի է ունենում հեռավորության վրաԵրեւան-Ստրասբուրգ (բալկոնից բալկոն)։ Այնպես որ Հովհաննես Թեքգյոզյանը կամ նորովի, արդեն ուրիշ՝ Ժան-Շա Թեքգյոզյանը, նստած Ստրասբուրգի իր բալկոնում, սեւ կատվի՝ Փիսեթի ընկերակցությամբ, դադարներով պատասխանում է հարցերիս։

Ժան-Շա Թեքգյոզյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ես նրան կողքից չեմ նայում․․ Երեւի շատ անդուր ու խորթ բաներ կնկատեմ կամ, ավելի շուտ, կհասկանամ խոսքի, շարժուձեւի մեջ։

Ես նրան կողքից չեմ նայում, որ իր տեսակը չկորցնի, որ ազատ շնչի, որ մեկ-մեկ մենակ մնա, որ մանկուց երազածը կատարվի․․․ Որ կենցաղային ստից բաների համար այլեւս վրան խոսող չլինի, այլեւս ծաղրող չլինի։

Ես նրան կողքից չեմ նայում, որ սեղանի ոտքից կապված թելը կարողանա քանդել ու լինել իր բնական անկշռելիության մեջ։ Ես գիտեմ, որ նա լավ արմատներ ունի, բայց գիտեմ նաեւ, որ պիտի աճի ուրիշ, բոլորովին ուրիշ ուղղությամբ ․․ Իսկ դրա համար հող պետք չէ։

Նա մեկն է, ով կարեւոր, գաղտնի բառ ունի․․

Ուզում եմ սկսել այն բանից, թե ինչու որոշեցի նման հեռավորության վրա զրուցել, բալկոնից բալկոն կապ ստեղծել։ Պատճառը վախն էր, որ երբեւէ իմ այս բալկոնում քեզ տեսնելու հնարավորություն չի լինելու քեզ մոտից ամեն եկող հաստատում է (դու ինքդ էլ ես հաստատում), որ վերադարձդ անհնարին է։ Ինչու՞ գնալը եղավ հնարավոր, իսկ վերադարձն՝ անհնարին։

Երեւի թե մարդու կյանքը միառժամանակ տեւող հարցերից է կազմված, հարցեր, որ գալիս, քեզ լցնում են՝ պատասխաններ գտնելու ակնկալիքով, ու, պատասխան չստացած՝ ձանձրանում, գնում են։ Բայց որոշները քեզ «բռնում» են անչափելի ժամանակով ու հաճախ քո ֆիզիկական գոյությունից ավելի երկար են ապրում․․․ Էդ հարցերի առատությունն ու որակն էլ կազմում է այն գունադիտակը, որը, մի քանի բյուրեղից կազմված լինելով, պատկերների իմաստով չի կրկնվում․․․Սա հարցիդ վերացարկված պատասխանը։

Ինչո՞ւ գնացի։ Հիմա հազար պատճառ ու վիրավորանք կարող եմ նշել, շատերը օբյեկտիվորեն ապացուցված (վերջիվերջո Հայաստանում ապրածս տարիներին, Կարմիր գրքում գրանցված ինչքան ցավ կար, գլխիս հավաքեցի), բայց պատասխանը․․․ Երեւի հենց վերադարձս է, որը չեմ գտնում՝ մանավանդ հիմա, երբ ալամ աշխարհի վրա ինչքան «դեղ» կար խմեցի էդ ցավերը սեւ գիրք խցկելու համար։

Անցյալ տարվա այս օրերին, երբ հարյուր հազարներով փողոցներ էին փակում, դիմակայում ու դիմադրում էին, ի՞նչ զգացումներ եղան, վերադառնալու մղում չեղա՞վ նույնիսկ այդ ժամանակ։

Չեղավ, ավելի ճիշտ՝ չթողեցի, որ լինի, չնայած ես եւս փողոցում էի, իմ փախչող քաղաքում, որը, մի պահ իրեն թափ տալով, հուժկու արգելակեց, կանգնեց․․

Անուշ, ինտեգրացիոն պրոցեսը սարսափելի բան է, մանավանդ երբ ներսում նեղված ես, երբ ինքդ քեզ ուտում ես, երբ էլ հետ նայելու իրավունք չունես, երբ փրկության օղակներ ես փնտրում ու շատերին չես հասնում․․․ Բայց, հա, վերադառնալու մղում չեղավ, քանի որ կոլեկտիվ ազատությունը, որ հեղեղի նման հորդեց Հայաստանում, ուղիղ համեմատական չէր իմ անձնական ազատությանը, որին քառասուն տարի իմ երկրում ձգտում էի, բայց կարողացա հասնել միայն օտար, բայց չէ․․․արդեն իմը դարձած երկրում։

Քո՞նն է, հա, Ֆրանսիան։ Այն, ինչ չեղավ Հայաստանում 40 տարի, մի քանի տարում Ֆրանսիան տեղը լրացրեց, թե՞ այլ բան է։ Ո՞րն է այդ «քոնի» բնորոշումը։

Դեռ չի լրացրել․․․ Լրացնում է, չնայած շատ եմ ուշացել։

Հայաստանում ես լավագույն դեպքում ծաղրածու էի, որի վրա կարելի էր «տժժալ»։ Հիմա կասես՝ քեզնից է գալիս, դու ես մեղավոր․․․Բնականաբար, նաեւ ինձնից է գալիս, բայց ես մտածված ընտրեցի ծաղրածուի կերպարը, քանի որ միատարր հասարակությունում ուրիշ, այլ մշակույթներ կրելը շատ դեպքերում վտանգավոր է դառնում։ Ամենածիծաղելին այն է, որ կյանքիս կեսն ապրելուց հետո հանկարծ Ֆրանսիայում հասկացա, որ ես վեց տարբեր մշակույթներ կրող եմ (արդեն սկսել եմ կրել նաեւ յոթերորդը): Ու էդ փաստը, ոչ թե արհամարհանք, ծաղր, լուսանցքում հայտնվելու վախ, այլ ընդհակառակը՝ հետաքրքրություն է առաջացնում։

Նիկոլ Փաշինյանը, երբ Ֆրանսիայում էր ու հանդիպում էր Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտե՞ղ էիր։

Բայց մի հատ մեծ ստոպ ․․ Անուշ, դու ինձ նվնվան ես դարձնում ուզում եմ «լադը» փոխել։

Հարցիս պատասխանիր, անցումներն իրենք իրենց կգան։

Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը չգնացինախ՝ բոլոր գործող քաղաքական գործիչները ինձ համար «գյոռնափշտիկներ» են (մեռա խնդալուց էս բառը վաղուց չէի օգտագործել), եւ, վերջիններիս հետ մինչեւ պաշտոնանկ լինելը կատեգորիկ չեմ շփվում։ Երկրորդ՝ վերջերս էգոիստ եմ դարձել, եթե ուզես, հետո կմանրամասնեմ՝ ինչու, եւ, գուցե ասածս կոպիտ հնչի, բայց, անկեղծ ասած, չցանկացա Եվրոպայի դռներն ընկած հայ համայնքի ուսյալ, կրթյալ, դաստիրակյալ ներկայացուցիչների հետ շփում ունենալ։

Բալկոնում մշտապես հնչող հարցը քեզ էլ պիտի տամքո ու Հայաստանի հարաբերությունները։

Բարդ, շատ բարդ։ Հենց նոր մտածում էի Հայաստանի ու իմ հարաբերությունների մասին․․ Հայաստանի համար ես եղել եմ պադոշի մեկը, ով չի հասկացել, որ իր լինել-չլինելը մեկ է․․․Իմ ու Հայաստանի հարաբերություններում (չնայած որ աշխատում եմ այսպիսին չլինել), մեկ-մեկ նմանվում եմ նրանց, ովքեր սրտնեղած փնթփնթում են ու չեն ուզում հրաժարվել։

Դադար

2011-ին «Փակ անուն» էսսեն հրապարակվեց, որտեղ գրում ես «Այսպիսով, Փակ անունները չեն բացվում մանուկ մարդկության ապրած վախերի եւ անհանգստությունների պատճառով: Զգացումներ, որոնք սկիզբ ունեն, սակայն կորցրել են սկզբնակետերը, որի արդյունքում առաջընթացի կամ ետընթացի ենթակա չեն: Փակ անունները միշտ նույն տեղում են․․․»։

Հիմա՞ էլ են նույն տեղում, «փա՞կ» են այդ անունները։

Չէ՛, ուղղակի ի տարբերություն Հայաստանում եղած բոլոր ռեժիմների՝ տակը պառկած ռոյալային դիրիժորների եւ հեղափոխական վարչապետի գիրկը նետվող, շապիկը ամբողջությամբ չհագած ու էդ շապիկի վրայից նոր-նոր սերժիկի սիրած կոմպոզիտորի տիտղոսը վերմակի տակ պինդ պահած աշխարհահռչակ արվեստագետների, ես էն թափն ու կշիռը չունեմ, որ կարողանամ Հայաստանում ինչ-որ բան փոխել։

Մինչեւ անդրադառնանք Ֆրանսիայում գրված տեքստերիդ, գրքին, որ հրատարակվեց անցյալ տարի, մի ճշտում էլ անեմ այստեղի հետ կապված ուզու՞մ ես քեզ փնտրեն այս քաղաքում, տեղդ զգան Երեւանում, կարոտեն․․․

Եթե ասեմ չէ, չեմ ուզում, մեկ է, կհասկանաս, որ սուտ եմ խոսում։ Ուզում եմ, որ փնտրեն, փաթլամիշ լինեն․ չէ՛, լավ, թող միայն փնտրեն․․․ Հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ իմ ժամանակի մեծ մասը ծախսել եմ իմ ներսում եղած փխրուն գործիքը պաշպանելու համար։ էշ-էշ եմ եղել, շատ դեպքերում կյանքը չեմ վայելել, նույնիսկ չեմ հասկացել։ Փաստորեն միակ նպատակս էդ զգայուն ինստրումենտը էն իմ ասած գյոռնափշտիկների ստեղծած միջավայրից պաշտպանելն էր (ընդ որում՝ պաշտպանել դեռ չի նշանակում էդ գործիքն աշխատեցնել, այսինքն՝ գրել, քյառթու լեզվով ասած՝ ստեղծագործել)։

Ֆրանսիայում ինձ համար ծախվել-չծախվելու խնդիրը չկա, բայց էստեղ էլ մի ուրիշ արհավիրք կա․․․Գրքիս տպագրությունը, ա՜խ, բազմաթիվ, բացառապես դրական արձագանքները ֆրանսիական մամուլում, շրջագայությունները, գրքի սալոններին մասնակցությունը ինձ դարձրին «գրական իմպոտենտ» հիմա գրելով միայն հարցազրույցներ եմ տալիս։

Բա ասում էիր՝ մարդը ժամանակը ֆիքսելու բնական պահանջ ունի: Նա հնարավոր բոլոր ձեւերով փորձում է կանգնեցնել այն, ինչը մշտապես հոսում է: Ու սա ասում էիր դեռ յոթ-ութ տարի առաջ։

Այսինքն՝ «իմպոտենտ», չասինք՝ երեւակայությունից զուրկ։ Է՜ հա, կանգնեցնում եմ, բայց արդյունք չկա․․Այսինքն՝ նոր արդյունք։

Բայց մի րոպե․․ Լսի, ես իրոք էն «ցնդրմիշ» արվեստագետներից եմ։ Սպասիր է․․․

Ձայնս լա՞վ է լսվում, ուրեմն դրված ձայնով խոսեմ «Սիրելի՛ ընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուտով լույս կտեսնի նախկինում Հովհաննես, ներկայում՝ Ժան-Շա Թեքգյոզյանի նոր վեպը։ Վեպի նախնական վերնագիրը՝ «Ինտրիգային սեռ» էր, կարծում եմ՝ այն կվերանվանվի «Վթար»։ Գիրքը կարող եք ձեռք բերելհեղինակը չի կարող նվիրել, քանի որ մի ստորագրություն տալու համար ի վիճակի չէ Հայաստան հասնել»։

Ձեւակերպումներդ շատ կտրուկ են։ Տպավորություն է, որ հիմա 40 տարվա մաղձը, տխրությունն ու պատմությունն է մեջդ խոսում։ Կուտակումներ են երեւի։

Չէ՛, ես բարի եմ․․

Բարի լինելն ու կուտակվածի հետ հաշվի նստելը հակադրվու՞մ են։

Լսի, մի սարսափելի բան եմ հասկացել (Ֆրանսիան լիքը բան բացահայտեց իմ մեջ. մեկ-մեկ նույնիսկ վախից ցնցվում եմ)։ Ինձ թվում էր, որ ես անշահախնդրորեն եմ մարդկանց օգնել, ու էդ մտքից աշխատում էի ավելի ու ավելի շատ օգնել, բայց այստեղ գալով՝ հասկացա, որ իմ արած «լավությունները» մի միտում են ունեցել, որ մարդիկ ինձ համարեն լավը, ու, եթե վաղը «գյաբռլամիշ» լինեմ, ծերանամ, հիվանդանամ, դուռս բացող լինի․․․ Էդ վախն այստեղ չունեմ, քանի որ «գյաբռլամիշի», մենակ մնալու, սատկելու դեպքում դու գիտես, որ ոչ մեկի ձեռքին չես նայելու, պետությունն է քո մասին հոգ տանելու։ Եվ փաստացի հիմա էլ եմ օգնում, բայց արդեն գիտակցված։

Ֆրանսերենով լույս տեսած «Փախչող քաղաքի» ընթացքի մասին խոսենքինչպե՞ս ընդունվեց գիրը, որը «փախչողի» մասին է։ Ֆրանսիացիները կարդու՞մ են գիրքը, արձագանքներ կա՞ն։

Վայ, չտեսնված են ընդունել մոտ 200 գրախանութ գնել է գիրքը, արձագանքներ է, որ ստանում եմ, հրավերներ է, որ ընդունում եմ․․․ Բայց մի տասը օր առաջ Մեց քաղաքի գրական փառատոնին մասնակցելուց ու ահագին նոր ծանոթություններ ու տպավորություններ ստանալուց հետո, ինչպես միշտ լաց լինելով տուն եկա․․

Ինչու՞․․

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք՝ հայերս, ոչ միայն որեւէ միջազգային դիսկուրսի չենք մասնակցում, այլ որեւէ դիսկուրսի մեջ չկանք, ինչը փաստում է այն մասին, որ մեր արվեստն ու գրականությունը դատապարտված, ավելին՝ պարտված է․․

Միջազգային դիսկուրսի չմասնակցելը մանրամասնիր, խնդրում եմ։

Տե՛ս, օրինակ, Արեւելյան Եվրոպան․․․ Գոնե մի տասը միջազգային դեմք կա, փորփրի նրանց ստեղծագործությունները։ Սովետը երեսուն տարի է գոյություն չունի, բայց էդ երկրների գրողները դեռ էդ դիսկուրսով ուշադրություն են գրավում։

Մագրեբյան Աֆրիկան իր դիսկուրսն ունի, Սեւ Աֆրիկան՝ իր, Լատինական Ամերիկայի երկրները՝ իրենց, Կանադան, որ նոր խաղացող է գրական դաշտում, նույնպես իր ինքնատիպ ձայնն է բարձրացնում, Թուրքիան, Իրանը, մի խոսքով․․․

Իսկ մեր բանավեճն այս աշխարհի հետ ո՞րն է, եթե կա, ասա ու ասա նաեւ, թե այդ բանավեճն ինչ պրոդուկտ է տվել։

Բանավեճի տեսանկյունից կդժվարանամ ասածիդ հակադրվել, բայց, տես, քո գործերը թարգմանվում են, մեր ժամանակակից գրողներին տեսնում ենք միջազգային գրական փառատոններին, մի քանի օր առաջ էլ իմացա, որ Արամի «Ցտեսություն, ծիտ» վեպի հիման վրա Մյունխենում օպերա է բեմադրվելու։ Չգիտեմ։ Այս օրինակները այդ ահռելի մասշտաբի մեջ գուցե կաթիլի չափ էլ չկան։ Հիմա միջազգային կոնտեքստում գուցե հետհեղափոխական Հայաստանն է քննարկվում։

Ես հայագիր գրող եմ, եւ իմ մայրենիով գրված երկերի առաջխաղացումը աշխարհում պետական թիկունք չունի։ Չգիտեմ՝ ինչպես է ուրիշների դեպքում, բայց ես չեմ զգում այդ աջակցությունը։ Հիմա արդեն երեւի թե չեմ էլ ուզում զգալ։ Իսկ կոնկրետ իմ տարաբնույթ ստեղծագործական փնտրտուքները, որոնք տարբեր ձեւերով (կինո, թատրոն, գրականություն) ներկայացել են, այսպես ասած, միջազգային հարթակներում․․․ Լավ է, շատ վատատես չլինեմ։ Դադար տանք։

Ինչ վերաբերում է հեղափոխությանը, հավատա՝ հեռվից օտարին դա չի երեւում, քանի որ, նորից եմ ասում, պրոդուկտ դեռ չկա։ Ֆրանսաբնակների հետաքրքրությունները կոնկրետ են, ուղղված դեպի Լատինական Ամերիկա, Ասիա (Վիետնամ, Չինաստան, Ճապոնիա), Աֆրիկա։ Եվ սա ասում է մի մարդ, ով իր գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհիվ կարճ ժամանակում շուրջ հարյուր նոր ընկեր է ձեռք բերել՝ չհաշված հրավերները եւ այլն։

Այստեղ դերերդ շատ էին, ստանձնել էիր հնարավոր ամեն բան, որպեսզի անհնարին իրավիճակներից ինչ-որ ձեւ դուրս գայիր, հաղթահարեիր։ Այդտեղ դեր ստանձնելու հնարավորությունը ինչպե՞ս է տրվում, իշխանություն-մարդ-քաղաքացի-ստեղծագործող զուգահեռների առնչությունը ձեւակերպել կարո՞ղ ես։

Ամենաշատն ինձ դուր է գալիս սրբազան կովերի բացակայությունը Ֆրանսիայում։ Ով ուզում է լինի, ենթարկվում է անողոք քննադատության, չնայած հակառակ պատկերն էլ կա՝ գովաբանությունների առումով։

Որպեսզի քեզ պարզ լինի, մի քանի օրինակ բերեմ Ֆրանսիայում ստեղծագործող, Հայաստանում հանրությանը ծանոթ անձերի հետ կապված, որոնք վերջին շրջանում մեդիայի կողմից վրաերթերի ենթարկվեցին, ինչպես օրինակ, Բրիջիդ Բարդոն՝ ծայրահեղական «Ֆրոնտ Նացիոնալ» կուսակցությանը հարելու, Ֆանի Արդանը՝ Ստալինի մասին անհաջող ֆիլմ նկարելու, Միրեյ Մաթյեն՝ Պուտինի հանդեպ համակրանք ցուցաբերելու համար։

Մեկ այլ օրինակ էլմի անգամ թատրոնում (անտրակտի ժամանակ) բուֆետի առաջ գոյացած հերթի մեջ լայնեզր գլխարկով մի երիտասարդ գրավեց ուշադրությունս, ծանոթ թվաց։ Ասում եմ՝ որտեղ եմ նրան տեսել, որտեղից գիտեմ․․․ Երեւի համալսարանից է։ Մեկ էլ ընկերս ասում է՝ սա շատ հայտնի դերասան է, ֆրանսիական կինոյի ծագող աստղը։ Մոտենում եմ «ծագող աստղին» ու հարցնում«Կներե՛ք, Ձեր անունը Լուի՞ է», ասում է՝ հա, ասում եմ՝ «Դուք Լուի Գարե՞լն եք», ասում է՝ հա․․․Ու պատկերացրու՝ ոչ մի ուշադրություն հանրության կողմից։

Երբ ընկերուհուս՝ Շագային, սա պատմեցի, ասաց «Դու ռաբիս ես։ Ո՞վ է Ֆրանսիայում աստղին մոտենում, խանգարում»։

Դադար

Երբ Շարլ Ազնավուրը մահացավ Շարլի Հեբդոն ծաղրանկարների շարք հրապարակեց։ Առաջին էջում մի նկար կար՝ ողբացող մարդիկ էին ու մեկ զույգ։ Զույգի երկխոսությունը

-Հայերը ինչո՞ւ են լալիս։

Պատասխան

-Լալիս են, որովհետեւ ցեղասպանությունից եւ երկրաշարժից հետո սա նրանց ամենամեծ վիշտն է։

Նման մեկնաբանությունից փաստացի կարող ես վիրավորվել, բայց չես կարող հերքել, որ ճշմարտության մեծ չափաբաժին կա էս ամենի մեջ։

Իսկ եթե դու պատասխանեիր՝ «հայերն ինչու են լալիս» հարցին, նույնը կասեի՞ր։

Չէ, նույնը չէր լինի, քանի որ Ազնավուրի թափն ու նորարարությունը Հայաստանում չեն ընկալում։ Մեծարում են միայն նրա համար, որ հայ է․․․Մի փաստ միայնհայ ազգայնականները, ավանդական արժեքների «պահապանները», որ կոկորդ պատռելով Ազնավուրի անունն են ճվվում, գիտե՞ն, որ ֆրանկոֆոն երգարվեստի շրջանակներում Շառլն առաջինն էր, ով արտաբերել է «հոմո» բառը՝ իր հայտնի «Ինչպես ասում են» երգում, որը դարձել եւ մինչեւ հիմա էլ մնում է Ֆրանսիայի հոմոժեն ու տրանժեն համայնքների հիմնը։

Այդ երգի տակ հայ ազգայնականները տանգո-մանգո են պարում՝ առանց հասկանալու բառերի իմաստը։

Բայց, տե՛ս, դու էլ ես նեղվում, երբ Հայաստանի մասին հիշատակում չկա, հային «տեղը չեն բերում»։ Ասում ես՝ հայի ստեղծածի մասին դիսկուրս անգամ չկա, հայը պետական «թիկունք» չունի։

Երբ նոր էի Ֆրանսիա եկել, առանձնահատուկ ու անմիջապես շեշտում էի, որ հայ եմ (հատկապես համալսարանական միջավայրում)։ Մարդիկ նայում, ժպտում էին եւ ոչ ավելին․․․Հիմա մարտավարությունս փոխել եմ երբ նոր ծանոթություն եմ ունենում (իսկ դա հաճախ է լինում), սկզբից եւեթ դիմացինիս աչքը իմ հայ լինելը չեմ խոթում նախ հետաքրքվում եմ իր՝ ով, որտեղից, ինչ լինելով, խոսում ենք ընդհանուր թեմաներից, մեկ էլ, հո՛պ, հնչում է հարցը «Դուք ի՞նչ ազգություն եք»․․ Հավատա՝ դրանից հետո հիմնականում շփումները շարունակական են լինում։ Իսկ այս ամենը միջադեպի արդյունքում սովորեցի։

Ի՞նչ միջադեպ էր։

Մի անգամ ինչ-որ գործով գնացել էի էստեղի մարզպետարան, երբ ծանոթներիցս մեկը, ով էդտեղ է աշխատում, բռնացրեց ինձ, հարցրեց՝ հայ ես չէ, ուրեմն օգնիր, խնդրում եմ (պարզվեց՝ մի հայ տղամարդ էր եկել, ում ասածները չէին հասկանում, եւ թարգմանության կարիք կար)։

Մոտեցաքառասունին մոտ տղամարդ էր, աշխատակցուհուն տեսնելուն պես վզից կախված խաչն էր պարզել ու ասում էր՝ «suis arménienne» (այսինքն՝ «ես հայուհի եմ»)։ Ֆրանսերենում ածականները արական եւ իգական են։ Էդ խեղճն էլ, խաչը ցույց տալով, շփոթվել, սխալ էր ասում սեռը։ Մարզպետարանի սարսափահար աշխատակցուհին կարծել էր, որ կրոնական մոլագար է․․․ Իրականում այդ տղամարդն ընդամենն ուզում էր ընդգծել իր քրիստոնյա ու հայ լինելը։

Մինչ դու կպատասխանեիր, հիշեցի տպավորիչ էսսեներիցդ մեկը՝ «Հոգեւոր վթարը»։ Սպասիր՝ մի անգամ էլ բացեմ, նայեմ։

Դադար

«Քանի որ ես համոզված էի, որ կյանքիս առաքելությունը չտեսնված մի բան անելն է, որոշեցի գրել»գրում ես «Հոգեւոր վթար» էսսեում դեռ 2011-ին։  

Հիմա, երբ խոսում ես այդտեղից եւ խոսում ես լեզվական մտածողության տարբերությունների, ամեն ինչի դասակարգված լինելու, ուշադրության մասին, ուզում եմ հարցնել՝ այդ «չտեսնված բանն» այդտեղ կա, այդ հստակության մեջ հնարավոր է գտնել «չտեսնվածը»։

Է՜, հա․․․ Բայց սա այսբերգի գագաթն է միայն։ Վերջիվերջո բոլորն էլ ուզում են դուր գալ․․․

Արվեստ կոչվածը, որն իր բնույթով արդեն (թեկուզ որպես բառ, հնչյուն, երեւույթ) անտանելի ճենճոտ, պաթետիկ բան է, իրոք չունի չափորոշիչ, բայց ունի ուղենիշ։ Ինձ համար դրանք երկուսն ենառաջինը՝ արվեստը սկսում է ստեղծվել այն պահից, երբ գործը ստեղծող մարդը հակառակվում է, չի ուզում դուր գալ․․ Ախպեր, չի ուզում քսմսվել, հետեւ մտնել ու հենց էդ չուզելու հետեւանքով էլ քաքի համը դուրս է գալիս, քանի որ երեւում է առաքելություն կոչվող այսբերգի մյուս՝ կլանող, կուլ տվող հատվածը․․

Մյուս ուղենիշը ո՞րն է։

Մյուսի մասին Պիկասոյից հարցրու, ես հո թութակ չեմ, որ ուրիշների ասածները կրկնեմ։

Եթե հիմա այստեղ՝ իմ բալկոնում լինեիր, մի լավ կծիծաղեինք, բայց քանի որ այստեղ չես, սուրճ եմ դնում, դադարի ընթացքում ծիծաղեմ, ու անցնենք առաջ։  

Ես էլ էդ ընթացքում բնակարանիս հատակը կլվամ։

Դիմանու՞մ ես դեռ հեռավորությանը, զրույցի այս դադարներին․․ Եթե հա, մի քանի հարց էլ ունեմ։

Տու՛ր։

«Եթե հեղափոխությունն ինձ վախեցնում է հետագա «վհուկների որսով», ապա չիրականացած հեղափոխությունն առավելապես արտահայտվում է Հոգեւոր վթարի աննախադեպ հետեւանքներով»այսպես ես արտահայտվել հեղափոխության լինելու եւ չլինելու մասին։ Հեղափոխության կոնկրետ ձեւակերպում ունե՞ս, որից այս երկու հետեւանքներն ամրագրել ես։

1988, Հայոց համազգային շարժումը ձեւավորվեց եւ իրականացավ, քանի որ դրանից մի տարի առաջ Արման Գրիգորյանի եւ մի շարք գժոտ ու չկրկվող դեմքերի ջանքերով «Երրորդ հարկն» էր կայացել։ Չեմ ասում, որ ով կար- չկար, ցնդրմիշ եղած գնում էին այդ ցուցահանդեսը նայելու, բայց ցանկացած մեծ փոփոխությանը նախորդում է արվեստի մի որեւէ աննախադեպ իրադարձություն, համոզված եմ։

2008, շարժումը չհաղթեց, քանի որ այդպիսի իրադարձություն տեղի չէր ունեցել, բայց 2008-ը պատճառ դարձավ, որ այդ անգամ էլ հայ ժամանակակից գրականությունը բացահայտվի ու․․ արդյունքում 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ, եղավ ցնցում, նախկին համակարգի սպասարկու արվեստագետները տապը մտան, մեկ էլ, հո՛պ, մի տարի չանցած՝ այլ տեսքով ի հայտ եկան, ու էլի սկսեցինք տեսնել նրանց՝ նոր կառավարությանն ուղղված ժպտադեմ հայացքները։ Ամա՜ն, վատամարդ  չլինենք․․ Բայց հենց էս է հեղափոխության վերջը։

Հետաքրքիր է՝ այստեղ դեռ շրջանառվում է կարծիքը, որ հեղափոխությունը չի ավարտվելընթացք է, որը կարող է հանգեցնել փոփոխությունների սպասված կամ անսպասելի շրջադարձերի։

Տեքստն ամփոփում է ժամանակը, բայց ոչ մի բանի ավարտին չի հանգեցնում, բայց տեքստը հաստատ կբախվի իր ավարտին, եթե հոգեւոր վթար տեղի ունենա։

Քո դեպքում այդպե՞ս եղավ, որ գնացիր, լքեցիր «փախչող» քաղաքդ։

Գնացի, որ շարունակականություն ունենամ։

Բայց արդեն հասցրել էիր ֆիքսել 40 տարին, որ այստեղ էիր։

Ես անտարիք շերեփուկ եմ, ով չի ուզում դոդոշ դառնալ․․

Վերջ։ Անջատում եմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter