HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ներդրումները հոսում են «անհայտ» ոլորտներ. Էկոնոմիկայի նախարարությունը չգիտի, ՎԿ-ն չի հրապարակում

Էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության որ ոլորտներում են կատարվել օտարերկրյա ներդրումները։ Հետևաբար նախարարությունը, որը նախկինում կոչվում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, առավել ևս չգիտի, թե որ երկրներից որ ոլորտներ են հոսել օտարերկրյա ներդրումները։ Համենայն դեպս, այդպես են պնդում նախարարության ներկայացուցիչները։

Ինչպես ավելի վաղ գրել ենք՝ հիմնվելով ներդրումների մասին Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումների վրա՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը` ընդհանուր հոսքերը, կազմել են 343.5 մլրդ դրամ կամ մոտ 705 մլն ԱՄՆ դոլար։ Շեշտենք, որ երկրորդ եռամսյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Ու քանի որ Վիճկոմիտեն եռամսյակային պարբերականում չի հրապարակում, թե որ ոլորտներում են կատարվել այդ ներդրումները և որ երկրներից, հղում կատարելով նշված տվյալներին՝ այդ տեղեկությունները փորձեցինք ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից։ 

«Հայտնում ենք, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների բաշխվածությունն, ըստ գործունեության տեսակ կտրվածքի, հնարավոր է վերլուծել բացառապես տարեկան կտրվածքով, քանի որ ՎԿ-ն Ձեր կողմից հարցվող վերլուծության համար հիմք հանդիսացող տվյալները` ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերն, ըստ գործունեության տեսակ կտրվածքի, հրապարակում է տարեկան հաշվետվություններում»,- «Հետք»-ի հարցման ի պատասխան՝ նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Մյուս հարցին, թե որ երկրներից որ ոլորտներ են հոսել ներդրումները, նախարարությունից պատասխանել են. «ՎԿ հրապարակումների ձևաչափերը թույլ չեն տալիս ստանալ Ձեր կողմից հարցվող վերլուծությունը, մասնավորապես` ՎԿ կողմից առհասարակ չի հրապարակվում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերն ըստ գործունեության տեսակ-երկիր կտրվածքի, հետևաբար` նման վերլուծություն կատարել հնարավոր չէ»:

Էկոնոմիկայի նախարարությանը նաև հարցրել էինք, թե օտարերկրյա ո՞ր ընկերություններն են ներդրում կատարել Հայաստանում և խնդրել նշել մի քանի օրինակներ։ Դա էլ, պարզվում է, վիճակագրական գաղտնիք է։

«ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալների համատեքստում կոնկրետ օտարերկրյա ընկերությունների կողմից կատարված ներդրումների մասով տեղեկատվություն չի հրապարակվում, քանի որ դա համարվում է վիճակագրական գաղտնիք»,- պատասխանել է Ավագ Ավանեսյանը:

Ստացվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների ինֆորմացիայի մասով բավականին աղքատ է ու տիրապետում է միայն այն ինֆորմացիային, որը մենք ինքներս էլ կարող ենք գտնել Վիճկոմիտեի հրապարակումներում և մշակել այդ տվյալները։ Առհասարակ, տպավորություն է, որ Հայաստանում կատարված ներդրումների մասին տեղեկությունները պետական գաղտնիքին հավասարազոր են. որոշ ելակետային տվյալներ անհասանելի են և թույլ չեն տալիս ստուգել՝ ներդրումների մասին իշխանությունների կողմից տարբեր առիթներով հնչեցվող տվյալները որքանով են իրականությանը համապատասխանում։

Վիճակագրական կոմիտեն եռամսյակային կտրվածքով հրապարակում է Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն ու համախառն հոսքերը։ Զուտ հոսքերը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, այսինքն՝ թե ներդրումների արդյունքում որքան գումար է մնացել երկրում։ Իսկ համախառն հոսքերն ընդգրկում են 1988թ. մինչև նշված եռամսյակի վերջն ընկած ներդրումների ծավալների հանրագումարը։ Համախառն հոսքերի հիման վրա էլ, մի քանի հաշվարկների արդյունքում, ստանում ենք ներդրումների գծով կատարված ստացումների ցուցանիշները։ Այլ խոսքով՝ ներդրումների վիճակագրությունն այնքան խճճված է, որ անգամ բարդ է ընթերցողին դրանք ներկայացնելը։ Միևնույն ժամանակ, Վիճակագրական կոմիտեն միայն տարեկան կտրվածքով է հրապարակում, թե որ ոլորտում որքան ներդրում է կատարվել և որ երկրներից։ Ոլորտների ու երկրների մասին տեղեկությունները հասանելի են միայն զուտ հոսքերի վիճակագրության մեջ և միայն դրանց հիման վրա կարելի է որոշ եզրահանգումներ անել։ Այսինքն՝ ելակետային մի շարք տվյալներ չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալը` ընդհանուր հոսքերը, կազմել են 343.5 մլրդ դրամ կամ եռամսյակի միջին փոխարժեքով հաշվարկած՝ մոտ 705 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ներդրումների ծավալն աճել է 38.7 մլրդ դրամով կամ 12.7 %-ով։

Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈւՆ) այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 71.1 մլրդ դրամ կամ 146 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ուղղակի ներդրումները կրճատվել են 18.4 մլրդ դրամով կամ 20.5 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter