HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սիսակ Գաբրիելյան․ «9 ընկերություն ՀԴՄ ներկրելու հայտ է ներկայացրել» 

Օգոստոսի 27-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ որոշ տնտեսվարողներ հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանին։

Քննարկման թեման եղել է հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման խնդիրներն ու դրանց արդյունքում ՊԵԿ կայացրած տուգանքները։

Սիսակ Գաբրիելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսվարողներից բողոքներ է լսել ՊԵԿ-ի կիրառած տուգանքների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրանք հայտնել են, որ ՊԵԿ-ը իրենց նկատմամբ վարչական տույժ է կիրառել ՀԴՄ չունենալու պատճառով, այնինչ սարքը գնելու համար վճարումներ են կատարել։

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով Դավիթ Անանյանի հետ հանդիպում խնդրեց։ Սիսակ Գաբրիելյանը գրառում կատարեց՝ նշելով․

«Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն, մարդիկ վարկ են վերցնում, բիզնես հիմնում, գալիս ա աշխատելու պահը ասում ենք կներեք ՀԴՄ չկա, հանկարծ տնտեսական հեղափոխություն փորձեք անել, (այսինքն աշխատեք) 300000 կտուգանեմ։ Հետո ??? Խնդրում եմ վաղը հանդիպում կազմակերպել Ձեր մոտ, մի քանի պատգամավորների, տնտեսվարողների եւ ՀԿ-ների հետ կլինեմ։ Կանխավ շնորհակալ եմ»։

Screenshot_1.jpg (115 KB)

Երեկ կայացած հադիպման ընթացքում ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ նոր բիզնես հիմնող տնտեսվարողների թիվն ավելացել է՝ շեշտակիորեն ավելացնելով ՀԴՄ գնել ցանկացողների թիվը։ Ըստ պատգամավորի՝ հունվարի դրությամբ եղել է ՀԴՄ գնելու 3200 հայտ, ութ ամիսների ընթացքում սպառվել է 23 000 ՀԴՄ, այժմ դեռևս 9300 սարք ստանալու հայտ կա, որոնցից 7000-8000-ը կարող է հին ՀԴՄ-ներով աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի տրամադրվել նոր սերնդի ՀԴՄ։ Իսկ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակում» եղած ՀԴՄ-ները վաճառել են և այժմ առկա է 200 ՀԴՄ, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքների համար։

«Ըստ պարոն Անանյանի՝ այժմ 9 ընկերություն ՀԴՄ ներկրելու հայտ է ներկայացրել։ Սպասվում է, որ այս շաբաթվա մեջ 9 ընկերություններից մեկը ծրագրային ապահովումը կտեղադրի սարքերի մեջ և կբերի փորձարկման Պետական եկամուտների կոմիտե։ Եթե ամեն ինչ ստանդարտներին համապատասխան լինի, ակնկալվում է, որ սեպտեմբերի կեսերից արդեն այդ ընկերությունը կկարողանա իր առաջին խմբաքանակը ներկրել և վաճառել տնտեսվարողներին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով ՊԵԿ-ի՝ ՀԴՄ չունենալու տուգանքներին, Սիսակ Գաբրիելյանը նշում է՝ Դավիթ Անանյանը պարզաբանել է, որ տնտեսվարողն առանց ՀԴՄ իրավունք չունի գործունեություն ծավալել, այդ իսկ պատճառով չեն կարող վարչարարություն չիրականացնել։

Պատգամավորը ՊԵԿ նախագահին հայտնել է, որ ՀԴՄ-ն պատվիրած, սակայն այն դեռևս չստացած տնտեսվարողներին տուգանելը շեղվում է իրենց հայտարարած «տնտեսական հեղափոխություն իրականացնելու գաղափարից»։

«Հանդիպումից ես և ներկա կազմակերպությունները ստացանք այն տպավորությունը, որ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսական հեղափոխությանը խոչընդոտող քայլ այլևս չի անի, քանի դեռ ՀԴՄ-ները չեն ներկրվել։ Լիահույս ենք, կարծում ենք գործը տուգանքներին չի հասնի»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը չի տուգանի այն տնտեսվարողներին, ովքեր նոր սերնդի սարքեր ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել, դեռևս չեն ստացել այն, սակայն գործում են հին ՀԴՄ-ներով․ «Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը որևէ վարչարարություն չի իրականացնի»,- նշեց պատգամավորը։

Իսկ հանդիպման մեկ այլ մասնակից՝ Սամսոն Գրիգորյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ այսուհետ ՊԵԿ-ը կշարունակի վերահսկել, բայց զերծ կմնա տուգանքներից նոր սերնդի ՀԴՄ-ի համար դիմած տնտեսվարողների նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter