HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երևանում բնակարանները 9.5 %-ով թանկացել են առաջին կիսամյակում

Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում բազմաբնակարան շենքերում վաճառվել է 5061 հատ բնակարան։

Ինչպես ցույց են տալիս Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն նվազել է 5.3 %-ով։ Սովորաբար, պահանջարկի նվազմանը զուգահեռ անշարժ գույքի շուկայում գները ևս նվազում են։ Սակայն, Երևանում, ըստ Կադաստրի, այս ընթացքում բնակարանները թանկացել են, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի շուկայի վրա ազդել են այլ գործոններ։

Կադաստրի գնային ինդեքսների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Երևանում բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ-ի հաշվարկով, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել են 9.5 %-ով։ Ընդ որում՝ տոկոսային առումով առավել տեսանելի թանկացում է գրանցվել Կենտրոնում, Աջափնյակում, Արաբկիրում ու Դավթաշենում։

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Երևանում ամենաթանկ բնակարանները Կենտրոն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում են։ Իսկ ամենաէժանը՝ Նուբարաշենում։

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացված են բնակարանների միջին գներն՝ ըստ վարչական շրջանների։ Ինչպես նաև՝ գնային փոփոխությունները 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ։

Բնակարանների վաճառքը Կենտրոնում նվազել է

Բնակարանների վաճառքի թվով ևս առաջատարը Կենտրոնն է։ Այս տարվա առաջին կիսամյակում Կենտրոնում վաճառվել է 974 բնակարան։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս ցուցանիշը պակասել է 76-ով։

Վարչական շրջաններից մեծ մասում ևս, ինչպես Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Նոր Նորքում և այլն, բնակարանների վաճառքը պակասել է։ Կադաստրի կոմիտեն ներկայացնում է նաև բնակարանների վաճառքի ցուցանիշները 2018 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով։ Սակայն, անշարժ գույքի շուկայում համեմատություններ անցկացնելու համար հարկավոր է հիմք ընդունել նույն կիսամյակի, այս դեպքում ՝ 2019 թվականի և 2018 թվականի առաջին կիսամյակների տվյալները, քանի որ անշարժ գույքի շուկայի վրա ազդում են, այսպես կոչված, սեզոնային գործոնները։

Հիշեցնենք, որ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի նվազմանը զուգահեռ, մարզերում հակառակ միտումներն են. նկատվում է հողի ու անհատական տների առուվաճառքի ավելացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter