HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանի խոսքով` երեք օր տևած քննությունը` կապված Խաչատրյանին կալանավորելու միջնորդության հետ, ձևական բնույթ էր կրում, և ամենևին էական չէր, թե կողմերն ինչ փաստարկներ և հակափաստարկներ են ներկայացնում:

Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումն, ամենախիստ խափանման միջոցն է, և երբ անձի ազատությունը սահմանափակվում է այսպիսի խափանման միջոցի ընտրությամբ, դատարանը պետք է փաստի, որ որևէ այլ խափանման միջոց չի կարող անձի պատշաճ վարքագիծն ապահովել:

«Իսկ ինչո՞ւ են անձին կալանավորում. կալանավորում են, քանի որ վախենում են, որ կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը կամ նոր հանցանք կկատարի: Ուղիղ 6 ամիս Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ծանր մեղադրանքով քրեական գործի շրջանակներում խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը, և այդ ընթացում նա երբևէ չի թաքնվել, չի խոչընդոտել գործի քննությանը և նոր հանցանք չի կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը և հավելեց, որ եթե Գագիկ Խաչատրյանը վերը նշված արարքներից մեկը կատարեր, ապա օրենքով սահմանված կարգով նրա խափանման միջոցը կփոխվեր:

Պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու ՀՔԾ-ում քննվող քրեական գործից 6 ամիս անց, երբ ԱԱԾ-ում նրան գրեթե  նույն հոդվածով և նույն բովանդակությամբ մեղադրանք է առաջադրվել, հանկարծ մտավախություն է առաջացել, որ Խաչատրյանը կարող է թաքնվել:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանին բազմիցս խնդրել է անդրադառնալ իրենց ներկայացրած առարկություներին, մատնանշել են դրանցից ամենակարևորները, սակայն հպանցիկ ծանոթանալով դատարանի որոշմանը՝ ինքը փաստում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դրանց չի անդրադարձել:

Ըստ Երեմ Սարգսյանի` քրեական գործը շուրջ 200 մլն դրամի վատնման մասին է, և իրենք հիմնավորել են, որ նման խախտում չի եղել, և եթե անգամ եղել է, ապա չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ Գագիկ Խարչատրյանը դրա հետ որևէ առնչություն ունի:

«Այն, ինչում մեղադրվում է Գագիկ Խաչատրյանը, կարելի է ցանկացած պետական կառույցի ղեկավարի վերագրել, որտեղ որևէ չարաշահում է կատարվել՝ այն տրամաբանությամբ, որ դու ղեկավարն ես, պետք է իմանայիր»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը դատարանը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ:

 

Լուսանկարում՝ Երեմ Սարգսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter