HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

HSBC բանկի վրա հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետի գործի քննությունը վերսկսվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, վերսկսվեց HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա հարձակման գործով դատական նիստը, որն ընդհատվել էր քանի որ գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի քանի ամսով գործուղվել է Կոտայքի մարզ: Գործի քննությունը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակման հետևանքով սպանվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել:

Նիստի մեկնարկին նախագահող դատավորը ճշտեց կողմերի ինքնությունը հաստատող տվյալները: Մեղադրյալ Դանիել Դանիելյանը մինչև HSBC բանկի վրա հարձակման միջադեպը զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը:

Այսօրվա նիստին տուժող Խաչատուր Գալստյանի իրավահաջորդ Արմեն Գալստյանը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, քանի որ իր համար դատական համակարգը կեղծ է, իսկ նիստերը կրում են ձևական բնույթ: Վրդովմունքի պատճառներից մեկն այն էր, որ դատաքննության գրեթե ավարտին դատավորը փոխվել է, և դատաքննությունը սկսել է սկզբից:

Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ նիստին հետազոտվել են փաստական և իրեղեն ապացույցները, հարցաքննվել են վկաները: Այսօրվա նիստին նորից սկսվեց վկաների հարցաքննությունը:

Դատարան հրավիրվեց բանկի մաքրության գծով պատասխանատու Ֆրիդա Ղազարյանը, որը ներկայացրեց, թե ինչպես է տեսել բանկի հատակին ընկած տղամարդուն, փորձել օգնել նրան. «Գետնին մարդ կար, մտածեցի վատացել է, փորձեցի շտապօգնություն հրավիրել, հետո տեսա հանցագործին` Խաչիկի ծոծրակին զենք պահած, ասաց Խաչիկին, որ գնա, գումարը տա, հետո կրակոց լսվեց, ես չեմ հիշում` ոնց դուրս եկա 2-րդ հարկ և սկսեցի գոռալ` արագացրեք, հանցագործ կա»,- վկայության մեջ նշեց Ղազարյանը։

Երկրորդ վկան Աննա Հակոբյանն էր, ով բանկի սպասարկման բաժնում է աշխատում, պատմեց, որ սկզբից նկատել է՝ ինչպես է օդորակիչից մաս ընկել հաճախորդի գլխին, հետո տեսել է գլխարկով մի անձնավորության, ձեռքին` պոլիէթիլենային տոպրակ. «Զենք կար պոլիէթիլենային տոպրակի մեջ, մարդու դեմքը չեմ տեսել, երբ հասկացա հարձակում կա բանկի վրա, հասցրի անվտանգության կոճակը սեղմել ու դուրս եկա»,- ներկայացրեց Աննա Հակոբյանը:

Այսօրվա նիստի ամբողջ ընթացքում ամբաստանյալ Դանիել Դանիելյանը ձեռքերով փակել էր երեսը, նա վկաներին որևէ հարց չուղղեց:

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին:

Դատարանում ընթերցվեց մեղադրանքը, ըստ որի՝ Դանիելյանն, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը պլանավորել է հանցագործության կատարումը, որից հետո՝ 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված և իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի 6030726 և 3034235 գործարանային համարներով 12 տրամաչափի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ, որտեղ կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը՝ իր հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, դիմադրությունը հաղթահարելով հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված, իր մոտ գտնվող կարաբինից մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքև հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո, Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին և նրան պատճառել մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Արամ Մկրտչյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս: Դանիել Դանիելյանին չի հաջողվել հանցագործությունը՝ Արամ Մկրտչյանի սպանությունը, ավարտին հասցնել, միայն այն բանի շնորհիվ, որ վերջինիս հաջողվել է թաքնվել հարևանությամբ գտնվող պատի հետևում, բացի այդ, այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով՝ զենքով և նռնակով սպառնալով, պահանջել է իրեն տրամադրել 500 000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով 79 200 000 դրամը, 53 318 100 դրամին համարժեք 110 000 ԱՄՆ դոլարը, 23 066 637 դրամ 3 լումային համարժեք 39 690 եվրոն, 1 853 136 դրամին համարժեք 242 240 ռուբլին, 5 224 952 դրամին համարժեք 7925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1 126 400 դրամին համարժեք 2980 կանադական դոլարը, 73066 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92379 դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը և դրանք նախ լցրել է Դանիել Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարակի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պոլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի՝ Գյուլբենկյան փողոցով գնացել է Արամ Խաչատրյան փողոցի ուղղությամբ:

Նիստի ավարտին տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը մեզ տրամադրեց փաստաթուղթ, որտեղ անդրադարձել է իր` նիստին չներկայանալու պատճառներին: 

Նիստի ավարտին տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը մեզ տրամադրեց փաստաթուղթ, որտեղ անդրադարձել է իր` նիստին չներկայանալու պատճառներին, այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև:

«Ես՝  Արմեն  Գալստյանս,  տուժող  Խաչատուր Գալստյանի եղբայրն եմ, սույն  գործով  հանդիսանում եմ  եղբորս իրավահաջորդը։ Այսօր դատարանում հայտարարեցի, որ հրաժարվում եմ մասնակցել հետագա դատական նիստերին, քանի որ, ինձ համար մեր  դատական համակարգը ամբողջովին կեղծ է, և նիստերը կրում են ձևական բնույթ։ Ինչու կեղծ, որովհետև այս նիստերը ուղղված են ոչ թե բացահայտելու հանցագործության իրական դրդապատճառները, այլ կոծկելու դրանք։ Սրանք սին խոսքեր չեն, և ես կարող եմ  բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կապացուցեն իմ խոսքերի իսկությունը։

Հիշեցնեմ, որ 2019թ. մայիսի 24-ին կայացած նիստին Կենտրոնի նստավայր էր բերվել վերջին իրեղեն ապացույց համարվող ոստիկանության գնդապետ Դանիելյանի ծառայողական մեքենան, որը մանրակրկիտ հետազոտվեց։ Անցած նիստերի ընթացքում արդեն ավարտվել էին գործում ընդգրկված բոլոր քառասուն վկաների հարցաքննումը, զննվել  էին բոլոր իրեղեն ապացույցները, այդ  թվում  հանցագործի զենքերը, նռնակը, որսորդական դանակը, կրակված և չկրակված պարկուճները  քողարկված հագուստը, Դանելիանին պատկանող անձնական հեռախոսները, որոնք Դանելիանը թողել  էր իր աշխատասենյակում, ինչը  վկայում  է, որ  նա պատրաստվում էր  հանգիստ վերադառնալ  աշխատավայր։ Հետազոտվել  էին  նաև  HSBC  բանկից  և հարակից փողոցներից  առգրավված տեսանյութերը,  ինչպես  նաև HSBC  բանկից հափշտակված, կնիքված ամբողջական  գումարը։  Նիստի ավարտին, դատավոր Տաթևիկ  Գրիգորյանը հրապարակեց  գործում  եղած  ապացույցները,  որում  հետաքրքրական  էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ  պայքարի գլխավոր վարչության  գրությունը՝ հասցեգրված Քննչական ծառայությանը։ Ըստ գործի նյութերի`«Վարդաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ Դանիել Դանիելյանից արյան, մեզի  և մազի փորձանմուշ է վերցվել, որի արդյունքում ստացվել է, թե իբր Դանիելյանի օրգանիզմում թմրամիջոց է հայտնաբերվել, ինչից հետո Դանիելյանը  բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ ինքը թմրամիջոց չի օգտագործել, ավելին՝ պնդել է, որպեսզի նոր փորձաքննություն նշանակվի, ինչը արվել է, և ըստ նրա պաշտպան Ռուզանննա Սիրեկանյանի` հաստատվել է, որ Դանիելյանի օրգանիզմում թմրանյութ չի  եղել։ Ոստիկանությունը ՀՔԾ-ին տեղեկացրել  է, որ Դանիելյանի վերաբերյալ  թմրամիջոցի ձեռքբերման, օգտագործման, իրացման հանգամանքը պարզելու համար հանձնարարություն է տվել «Վարդաշեն» ՔԿՀ-ին։ «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղեկություն է ստացվել, որ Դանիելյանից  վերցրած  մազի և մեզի փորձանմուշը դատաբժշկական  կենտրոնում  փոխվել է։

Գործում առկա ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ ամբաստանյալ Դանիել Դանիելյանի հարցաքննությանը։ Ամբաստանյալն ասաց, որ ինքը հաջորդ նիստին ասելիք ունի, սակայն նրան այդպես էլ  խոսելու հնարավորություն չտվեցին։ Դանիելյանի այս հայտարարությունից  հետո,  գրեթե ավարտված  այս դատավարությունը վերսկսվեց զրոյից՝ փոխվեց դատարանը, փոխվեց  դատավորը։

Չկայացավ նշանակված հաջորդ նիստը, որը պետք է տեղի ունենար հունիսի 18-ին, չկայացան նաև հետագա նիստերը, որոնք նշանակվել էին հունիսի 26-ին և հուլիսի 7-ին, և դատը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 2-ը։

Որպես արդարացում, մեզ ասում են, որ  գործը  վերաքննվում է, քանի-որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի քանի ամսով գործուղվել է Աբովյան քաղաք։ Հարց է ծագում, ավելի խելամիտ չէր լինի սպասել մինչև դատավոր Գրիգորյանը վերադառնար և շարունակեր կիսատ գործը,  որը գտնվում  էր ավարտման փուլում, քան գործի քննությունը սկսել  սկզբից, ինչը ենթադրում է, որ պետք է նորից հարցաքննվեն բոլոր քառասուն վկաները, զննվեն բոլոր իրեղեն ապացույցները։

Եթե օրենքը թույլ  չի տալիս դատարանի և դատավորի փոխվելուց հետո դատը շարունակել, հիմք չի համարում  նախորդ դատավորի  քննությունները  և պետք  է ամեն ինչ սկսել նորից, այսինքն պետք է ետ կանչվեն բոլոր վկաները, զննվեն բոլոր իրեղեն ապացույցները, ապա այստեղ հարց է առաջանում։

 Հարց դատավոր Գաբրիելյանին

Ինչպե՞ս եք պատրաստվում վարել  իրեղեն ապացույցների նիստի այն փուլը,  երբ  պետք  է դատարան բերվեն գլխավոր իրեղեն ապացույց համարվող HSBC  բանկից  հափշտակված  խոշոր  չափի  գումարները,  որոնք  այս  հանցագործության  հիմք  էին  հանդիսացել  և ներկայումս  գտնվում  են  շրջանառության  մեջ։  Ինչպե՞ս  պետք  է  զննեք  իրեղեն  ապացույց  համարվող Դանիելյանի ծառայողական մեքենան, որով  եկել  էր  հանցագործության  վայր և դրանով  էլ  պետք  է վերադառնար, և որը վերադարձվել  է ոստիկանություն և ներկայումս  գտնվում  է շահագործման մեջ։ 

Ծիծաղելի է, միայն այս հանգամանքները պետք է հիմք համարեք նախորդ  դատավորությունից, իսկ  վկաները  կրկին հարցաքննվե՞ն։

Արդյոք բավարար չէ  այս  փաստը  ինձ, ենթադրել,  որ  օրենքը  օգտագործում  եք   միակողմանի, Ձեր  օգտին, և  փորձում եք  լռեցնել  մեղադրյալին՝  հետաձգելով  նրա  խոսքը։

Տեսնելով այս քաշքշուքը ` ես նամակ գրեցի վարչապետ պրն․ Փաշինյանին, ով ներկա էր եղբորս հոգեհանգստին և մեր տանը  ինձ և ծնողներիս խոստացել էր հետամուտ լինել գործի բացահայտմանը։ Նամակը իմ ձեռքով տարել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն և հանձնել  լրագրող Տաթևիկ  Խաչատրյանին,  ով  ներկա էր վերջին նիստին և լուսաբանել  էր  այն իրենց թերթում։

Ես խնդրեցի, որ իմ բաց և շատ կարևոր նամակը հանձնի տիկին Աննային, ով իր հերթին  բովանդակությունը  կներկայացնի  պրն․ Փաշինյանին։ Սակայն նամակս մնաց անպատասխան։ Տաս օր անց ես կրկին այցելեցի  խմբագրություն, այնտեղ  չէին  ո'չ  տիկին  Աննան,  և  ոչ  էլ  լրագրող  Տաթևիկ  Խաչատրյանը։  Լրագրողի  գործընկերներին  փոխանցեցի  իմ  հեռախոսահամարը  և  խնդրեցի  ինձ  զանգ  տան։ Սակայն  մինչ  օրս  այդ զանգը  չստացա։ 

Հարց պրն․ Նիկոլ Փաշինյանին

Դուք  կարդում  ե՞ք  «Հայկական ժամանակ» օրաթերթում հրատարակված  կարևոր   հոդվածները։ Ինչ՞ու Ձեզ  բոլորովին  չհետաքրքրեց, թե  ինչ  ասելիք ունի  ճանապարհային ոստիկանության  տեսանկարահանման միջոցով  հայտնաբերված  խախտումների  արձանագրման  կենտրոնի  պետ,  ոստիկանության գնդապետը,  որի  կատարած  հանցանքը  չունի  մոտիվացիա։ Միգուցե  նրա  խոստովանությունը  Ձեզ  օգներ  բացահայտելու  ուրիշ  շատ  ավելի  մեծ  հանցագործություններ, միգուցե  սույն  գործով  կան  այլ  հանցակիցներ,  որոնք այս օրերի ընթացքում  կարող  էին անգամ  ոտքով  փախչել  հանրապետությունից  շատ  ավելի  հեռու։ Ձեզ համար զարմանալի  չէ՞  ոստիկանության  գնդապետի  կատարածը  հեղափոխության  նախաշեմին։ Կամ Դուք  սա համարում  եք  գործին  հետամուտ  լինե՞լ ,  և  այսպե՞ս  եք կատարում Ձեր  խոստումը։

Ինչո՞ւ  է  Ձեզ  հուզում  Հանրապետությունում  միայն մեկ դատավարություն և բևեռված եք միայն  դրան, իսկ  մյուսները  աչքաթող եք անում։  

Միգուցե Դուք գիտե՞ք մոտիվացիան։

Ես էլ գիտեմ։

Ասեմ, որ ես հանդիպել եմ  քրեակատարողական հիմնարկում գտնվող մեղադրյալ Դանիել Դանիելյանի հետ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter