
Վայքի բնակիչները դեմ են արտահայտվել Ազատեկի հանքավայրում հետախուզական կամ հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելուն
Այսօր Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի շենքում նախատեսված էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք: Նրանք նշում էին, որ իրենք՝ որպես համայնքի բնակիչներ, եկել են «ոչ» ասելու հանքարդյունաբերական նախագծին: Մարզում յուրաքանչյուր այլ տիպի ոչ վնասակար գործունեության իրենք կողմ են, սակայն դեմ են հանքերի շահագործմանը:
Նրանք տեղում նախաձեռնեցին ստորագրահավաք, որպեսզի դիմեն համայնքի ավագանուն՝ հանքարդյունաբերական գործունեությունն իրենց համայնքում առհասարակ արգելելու նպատակով, ինչպես դա արել է, օրինակ, Գլաձոր համայնքը:
Վայքի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային քննարկումներ, որպես այդպիսիք, տեղի չունեցան, քանի որ համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և դեմ էին արտահայտվում հանքի շահագործմանը: Ըստ այդմ, արձանագրվել է, որ համայնքը դեմ է արտահայտվել Ազատեկի հանքի շահագործմանը:
Գագիկ Մուշկամբարյանը պատմեց, որ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն այս անգամ ևս հայտ էր ներկայացրել 3 ամիս ժամկետում տարածքում հետախուզություն, այլ ոչ թե հանքարդյունահանում իրականացնելու համար:
Սակայն հանրային քննարկման հայտարարությունից հստակ երևում է, որ քննարկման էր դրվել ոչ թե հետախուզություն, այլ հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագիծը, ինչը նշանակում է, որ հետախուզության անվան տակ կրկին պետք է արդյունահանում իրականացվեր:
Հիշեցնենք, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին: Ուստի, տեսչական մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով: Նախարարությունը, սակայն, չէր դադարեցրել:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը այս տարվա ապրիլին մեզ տեղեկացրել էր, որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Նշանակվել էին էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որոնց պատասխաններն առ այսօր չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հիմնադրել էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Սակայն, «Վայքգոլդ» ՍՊԸ-ում այս տարվա հուլիսի 9-ին նոր բաժնետեր է հայտնվել: Այս անգամ բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվել է Լոնդոնում գրանցված «Գոլդֆիլդս հոլդինգ» ՍՊԸ-ին: Մնացած 20 տոկոսը շարունակում է մնալ Չարենցավանում հաշվառված Նորայր Զոհրաբյանի ձեռքում:
Բրիտանական ընկերությունն էլ իր հերթին հիմնադրվել է այս տարվա մայիսի 21-ին, և որպես բաժնետեր և վերահսկող անձ հանդես է գալիս ազգությամբ չինացի Վանգ Ջինյուան (Wang Jinyuan): Վարդան Այվազյանն ու որդին՝ Սուրեն Այվազյանը, այլևս պաշտոնապես բաժնետերերի ցանկում չկան:
Մեկնաբանել