
«Բարի» կոշիկներ՝ սահմանամերձ Ազատամուտից
Դեռ 80-ականներից չվերանորոգված մի փոքր սենյակում հին կարի մեքենաներ են, փայտի վառարան, կոշիկների էսքիզներ՝ պատերից կախված, վաճառքի հանելու կոշիկներ ու կանացի պայուսակներ:
Տավուշի սահմանամերձ Ազատամուտ գյուղում՝ հակառակորդի դիրքերից ուղիղ գծով 850 մետր հեռավորության վրա, մշակույթի տան շենքում մասնագիտությամբ նկարիչ-փորագրող Վարդան Պողոսյանը կոշիկի արտադրամաս է հիմնել:
Իջեւանում բնակվող Վարդան Պողոսյանը երբ ցանկացել է արտադրամասը ստեղծել Ազատամուտում, մայրը նախ մտահոգվել է՝ «դժվար կլինի ամեն օր գնալ-գալ», հետո էլ օրհնել որդուն, ասելով՝ «բարի գործ ես մտածել»: Վարդանի արտադրամասի կոշիկները հիմա այդպես էլ կոչվում են՝ «Բարի»: Ու հենց առաջին արտադրանքից 36 զույգ մանկական կոշիկ Վարդանը սեպտեմբերի 2-ին նվիրել է Ազատամուտի առաջին դասարանցիներին:
Նյութերը որակյալ են, հիմնականում՝ հայկական արտադրության: Վարդանը սուր բանալիով խազեր է քաշում կոշիկի վրա, ցույց տալու համար, որ հետքեր չեն մնում:
«Սահմանից ուզում եմ ողջունել մեր սպաներին, մեր զինվորներին, որ ամուր լինեն, առողջ լինեն: Իրենք խաղաղության երաշխավորն են, որպեսզի ես իմ փոքրիկ արտադրամասն ունենամ: Ես էլ պարտավորվել եմ անտարբեր չլինել սահմանին ապրող մարդկանց նկատմամբ: Ամեն տարի մի բարի գործ անելու եմ: Արտադրամասի մեծացման պարագայում պարտադիր աշխատելու եմ սահմանամերձ գյուղի բնակիչների հետ»,- արտադրանքը ցույց տալով՝ ասում է Վարդան Պողոսյանը:
Վարդանը 15 տարեկանից սկսել է աշխատել: Թուրքիայից հագուստ է բերել, վերավաճառել՝ միշտ երազանք ունենալով սեփական բրենդը ստեղծելու: Առայժմ երեքով են աշխատում: Չորս ամիս փորձել են, սխալվել, հաջողել, հասկացել, թե ինչպես աշխատել: Երկու ամիս է՝ Ազատամուտի արտադրանքը Իջեւանի խանութներում եւ շուկայում է: Վարդանը դիզայնի հեղինակն է: Կարող երկու վարպետները Ազատամուտից եւ Իջեւանից են:
Վարդանը նրանց մասին ասում է, որ ոսկե ձեռքեր ունեն, հուսալի ընկերներ են: Վարպետներից մեկին «Բարի» կոշիկները խոպանից տուն են վերադարձրել:
Նվեր Մելքումյանն 90-ականներին աշխատել է Ազատամուտի կարի արտադրամասում, նույնիսկ տանը կարել ու վաճառել կոշիկներ: Հետո երկար տարիներ գումար է վաստակել արտագնա աշխատանքով:
«Մի շրջան կոշիկի գործը վերացավ: Գնացել եմ խոպան, քանի տարի դուրսուտուն անելով՝ ապրել: Արդեն 7-8 ամիս է՝ էստեղ իրար թեւ-թիկունք եղած աշխատում ենք»,- պատմում է Նվերը: Նա Ռուսաստանում շինարարությամբ է զբաղվել, մեկ տարի էլ կոշիկ կարել:
«Եկամուտը համարյա նույնն ա: Պրոբլեմը հիմիկվա ջահելության վերաբերմունքն ա աշխատանքին: Չեն ուզում աշխատեն, չեն ուզում սովորեն: Հրավիրում ենք, ասում ենք՝ եկեք աշակերտեք, ձեզ էլ սովորեցնենք, մեզ օգնեք, աշխատեք, առաջին հարցը էս ա՝ բա օրվա վերջում ի՞նչ աշխատավարձ ես տալու: Միանգամից ուզում են շատ գումար աշխատել»,- ասում է Նվերը:
Մհեր Խաչատրյանը երեք անչափահաս երեխա ունի: Երկար տարիներ աշխատել է Իջեւանի տարբեր արտադրամասերում: Հիմա «Բարի» կոշիկների հեղինակներից է: Պատմում է, որ Տավուշում ժամանակին մեծ թվով արտադրամասեր են գործել: Հիմա եւ՛ կարողներն են քիչ, եւ՛ աշակերտել ցանկացողներ չկան: Մհերը պնդում է, որ «Բարի» կոշիկները որակյալ են, թուրքական եւ չինական արտադրանքից գերադասելի են նաեւ գնով.
«Ծնողները չինական կոշիկներից բողոքում են, թե՝ էրեխեն ընդամենը չորս օր է հագել: Մենք որակի առումով երաշխիք ենք տալիս, խնդիր եղավ՝ պատասխանատու ենք: Մեր ապրանքից դժգոհություններ չկան: Մարդիկ գիտեն՝ եթե խնդիր լինի, մենք էստեղ ենք, իրենց հասանելի ենք»:
Արտադրամասը մասնագետների կարիք ունի: Շուկայում պայուսակների պահանջարկ կա, բայց թիմը փոքր է, արտադրողականություն ավելացնել հնարավոր չէ: Շուտով սկսելու են երեկոյան զգեստների արտադրությունը, կրկին մասնագետների պակաս կա:
«Մասնագետ հիմնականում փնտրում եմ մեր տարածաշրջանում, որպեսզի գնալ-գալու խնդիր չլինի: Եթե որեւէ մեկը ցանկանա սովորել այս մասնագիտությունը, ես ինքս կդարձնեմ լավ մասնագետ: Հիմա տարբեր մարդկանց հետ բանակցում ենք»,- ասում է Վարդան Պողոսյանը:
Ազատամուտում բիզնես գործունեությունն ազատված է հարկերից: Սահմանամերձ գյուղը սրանով արդեն գրավիչ է ներդրումների համար: Ազատամուտը կառուցվել է 1970-ականներին, որպես «Բենտոնիտ» գործարանի բանավան: Իր ժամանակի լավագույն բնակավայրերից էր Հայաստանում:
Համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանն ասում է, որ Ազատամուտը մեծ պոտենցիալ ունի, կա աշխատուժ, միայն թե պետք է որոշ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել:
«Յուրաքանչյուր ներդրողի պատրաստ ենք աջակցել՝ եթե հողակտոր է պետք, շենքային տարածք եւ այլն, որպեսզի ներդրումներ լինեն համայնքում: «Բարի» արտադրամասին նույնպես, տարածքն անվճար ենք հատկացրել»,- ասում է Վահագն Ալավերդյանը:
Ազատամուտում շուտով կստեղծվի նաեւ էկոբրիկետների արտադրամաս:
Գլխավոր լուսանկարում՝ Վարդան Պողոսյանը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել