HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյան գետի ջուրը կռվախնձոր է դարձել հէկերի նախկին և ներկա պաշտոնյա սեփականատերերի միջև

Շիրակի մարզի՝ գերազանցապես Ամասիա համայնքի վարչական տարածքում 4 հէկ է կառուցվել: 3-ը գործում են, մեկը՝ կառուցման փուլում դադարեցրել է շինաշխատանքները: Գործող հէկերը սնվում են Ախուրյան գետից: Սակայն նրանցից մեկը առավելություններով է «օժտված», ինչի հետևանքով մնացյալ 2-ը գրեթե չեն կարողանում գործել և հայտնվել են դժվարին վիճակում:

2013թ.-ից սկսած` հէկերի սեփականատերերի բողոքների և գրությունների հետևանքով այժմ երկու քրեական և պետական 4 գերատեսչությունների դեմ դատական գործ է ընթանում տարբեր դրվագներով:

Դրվագ 1. Ջրի կռիվ

«Անի» ԲԲԸ-ն 2009թ.-ի հուլիսի 15-ին ստացել է 5930 ԿՎտ հզորության «Ջրաձոր» հէկի շահագործման լիցենզիա: «Անի» ԲԲԸ-ն հէկը կառուցել է Ախուրյան գետի աջափնյա՝ Ջրաձոր ոռոգման ջրատարի վրա:

Ախուրյան գետի բնականոն հունով հոսող հատվածում 2009-2013թթ. սկսում են կառուցվել երեք այլ հէկեր՝ ջուրը վերցնելով մի կետից և փոխանցելով մյուս հէկին:

Մասնավորապես՝ «Լայթէկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը՝ 2383 կՎտ հզորությամբ, շահագործման լիցենզիա է ստացել 2012թ. հուլիսի 25-ին, «Էրստեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» փոքր հէկը՝ 1600 կՎտ հզորությամբ, շահագործման լիցենզիա է ստացել է 2013թ. օգոստոսի 28-ին: Վերջինը պետք է շահագործեր «Ֆենհալ» ՍՊԸ-ի «Կասկադ» հէկը, սակայն ջրի ծավալների հետ առաջացած խոչընդոտների պատճառով և հասկանալով, որ չի կարողանալու աշխատել, «Կասկադ» հէկի շինարարությունը չեն ավարտել:

 

«Էրտեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» փոքր հէկը պատկանում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին: Պաշտոնապես 2009 թվականից որպես բաժնետեր, համաձայն պետռեգիստրի, հանդես է գալիս կինը՝ Սուսաննա Քոչարյանը: Այս տարվա մայիսից Սահակ Մինասյանը դարձել է ընկերության տնօրեն:

 «Լայթէկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը Գևորգ Գասպարյանինն է: Վերջինս սփյուռքահայ գործարար, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ներդրումներով  վերաբացված Մարալիկի բամբակամանվածքային գործարանի սեփականատերն է:  

«Ֆենհալ» ՍՊԸ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով ընտրված պատգամավոր, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ընտանիքինն է: Պաշտոնապես հէկը կնոջ՝ Վարդանուշ Գրիգորյանի անվամբ է, տնօրենը որդին է՝ Արա Գրիգորյանը:

Գլխավոր դերակատարն այս պատմության մեջ «Անի» ԲԲԸ-ն է:

Ընկերությունը գրանցվել է 1995թ.-ին, և այն Մանվել Գրիգորյանի նախկին օգնական՝ Մեսրոպ Մանուկյանի ընտանիքին է պատկանում: Վերջինս հայրը ընկերության տնօրենն է, իսկ Մեսրոպ Մանուկյանը ներկայանում է որպես ընկերության խորհրդատու և բոլոր պարզաբանումներն ինքն է տալիս: Մեսրոպ Մանուկյանը վստահեցնում է, որ հէկը որևէ կապ չունի գեներալի հետ: Ընկերությունը սեփականաշնորհել է իր ընտանիքը, բաժնետեր են հայրը, հորեղբայրը և մայրը, ևս երկու նախկին աշխատակից, չնչին բաժնեմասով, մնացել են բաժնետերերի ցանկում: Ասվածի վերաբերյալ Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է պետռեգիստրի փաստաթուղթը։

«Գրիգորյան Մանվելն ասել է, հա, թող ապօրինություն չլինի,- գեներալի անվան շահարկումները հիմնավորում է Մ. Մանուկյանը: -Եթե կապում են այն հանգամանքի հետ, որ ես 2012-2017թթ. աշխատել եմ Մանվել Գրիգորյանի հետ, ապա ես չեմ ժխտում իմ հարաբերությունները նրա հետ, շատ ջերմ հարաբերություններ են եղել: Եթե դրա համար պետք է տոտալ հետապնդման ենթարկվեմ, և սա նոր Հայաստանն է, մեկնաբանությունները թող ուրիշները տան: Եթե ապօրինի բան կա մեր գործերի մեջ, թող մեզ գնդակահարեն»:

«Անի» ԲԲԸ-ն հէկ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն ստացել էր 2001թ.-ին՝ մինչև շինարարության ավարտը: Համաձայն այդ թույլտվության, փոքր հէկը էլեկտրաէներգիայի արտադրությամբ պետք է զբաղվեր Ախուրյան գետի աջափնյա ջրանցքի ջրային ռեսուրսների հաշվին՝ ոչ ոռոգման սեզոնին: 2004թ. նոյեմբերի 15-ին ստացել է մեկ այլ ջրթույլտվություն՝ մինչև 2005թ. մարտի 15-ը, կրկին ոչ ոռոգման սեզոնին ջրի օգտագործման պայմանով:

2006թ. հունիսին Բնապահպանության նախարարությունն իր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ ամրագրել է, որ հէկը պետք է օգտագործի Ախուրյանի ոռոգման ջրանցքի ջրերի էներգետիկ պոտենցիալը ոռոգման ժամանակաշրջանից դուրս, 3570 ժամ (5 ամիս)՝ տալով 18 մլն կՎտ/ժամ արտադրանք:

«Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» հէկը սկսել է փորձարկվել 2009թ.-ի վերջերին և 2010-ից շահագործվել է: Մինչև 2011թ. մարտի 21-ը ջրթույլտվություն, որպես այդպիսին, չի ունեցել:

Սակայն 2011թ. մարտի 21-ին «Անի» ԲԲԸ-ին տրվել է նոր ջրթույլտվություն՝ արդեն 365 օր և 24 ժամյա ռեժիմով՝ ինչպես ոռոգման, այնպես էլ ոչ ոռոգման ամիսներին: Հենց այս ջրթույլտվությունն էլ 3 հէկերը վիճահարույց, կասկածելի և կոռուպցիոն գործարքների արդյունքում ձեռք բերված փաստաթուղթ են համարում, որով չեզոքացրել են և անտեսել Ախուրյան գետի վրա արդեն իսկ գործող 2 հէկերի առկայությունը և կառուցման լիցենզիա ստացած երրորդի հետագա շահագործումը: Ջրօգտագործման խնդրահարույց թույլտվությունը 2014 և 2017 թվականներին երկարացվել է:

Երեք հէկերի սեփականատերերն ասում են, որ հայտնվել են բիզնեսը կորցնելու վտանգի տակ, քանի որ իրենց հէկերի կառուցման և հետագա շահագործման հաշվարկներն անելիս հիմք են ընդունել «Անի» ԲԲԸ-ին տրված նախնական՝ 2004թ. ջրթույլտվությունը, որով վերջինս պետք է գործեր միայն ոչ ոռոգման սեզոնին, իսկ մնացած ամիսներին իրենք կկարողանային աշխատեցնել իրենց հէկերը: Իսկ եթե շահագործման ժամանակ փոփոխություն էր մտցվել, ապա նախագիծը պետք է փորձաքննության ենթարկվեր և հաստատվեր: Իսկ հաստատված նախագծով շուրջօրյա և շուրջ տարին շահագործելու լիազորություն «Ջրաձոր» հէկը չի ունեցել:

Այս հանգամանքը հաստատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Տեղակալ Ա. Հակոբյանը երեք հէկերի սեփականատերերի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ» ԲԲԸ-ում այս տարվա հուլիսի 1-8 ընկած ժամանակահատվածում ստուգում է իրականացվել: Ստուգմամբ արձանագրվել է, որ համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունների՝ «Անի» ԲԲԸ-ի հէկը ջրօգտագործումը պետք է իրականացներ միայն ոչ ոռոգման սեզոնին, մինչդեռ, ընկերությունը ջրօգտագործում իրականացրել է նաև ոռոգման սեզոնին:

Տեսնելով, որ չի կարողանալու շահագործել ջրի այդ ծավալների պայմաններում, «Ֆենհալ» ՍՊԸ-ն դեռևս 2014թ.-ին կասեցրել է իր լիցենզիան և դադարեցրել շինարարությունը: Երկուսը դեռևս աշխատում են. ոռոգման սեզոնին «Արփի» լիճ ազգային պարկից հավելյալ՝ դոտացիոն ջուր է բաց թողնվում, որի մի մասը հոսում է Ախուրյան գետով: Իսկ դա տևում է մի քանի շաբաթ:

Սահակ Մինասյանն ասում է, որ իրենց բիզնեսը հիմնելու համար վարկեր են վերցրել, մեծ կորուստներ ունեն արդեն, ինքը գրավի առարկա տնից զրկվելու վտանգի առաջ է կանգնել: Մինչդեռ «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» հէկը, տարիներ շարունակ Ախուրյան գետի բնական ջրահոսքի գերակշիռ մասը Ախուրյանի աջափնյա ջրանցքի միջոցով օգտագործելով և մյուս երեք հէկերից ներքև ընկած հատվածում ջրթափ իրականացնելով, ամբողջ տարին շահագործվել է՝ մեծ շահույթ ապահովելով իր համար:

Ախուրյան գետի բնական հոսքի վրա կառուցած 3 հէկերի սեփականատերերը դիմել են պետական տարբեր մարմիններին: Այժմ ԲՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պետության օրինական շահերի համար անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում «Անի» ԲԲԸ-ի հարցը ևս քննվում է:

Օգոստոսի 27-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը որոշել է տուժող ճանաչել «Էրստեդ», «Լայթեկո» և «Ֆենհալ» ընկերություններին:

Դրանից առաջ՝ այս տարվա մայիսի 23-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին գրություն է ուղարկել: Հայտնել է, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ԲՆ 2011թ. մարտի 21-ին «Ջրաձոր» փոքր հէկին նոր ջրօգտագործման թույլտվությունը տրվել է օրենքների և Կառավարության որոշմամբ սահմանված պահանջների խախտմամբ, չի ենթակվել փորձաքննության՝ հէկի ընդլայնման պայմաններում, հաշվի չի առնվել շուրջօրյա ռեժիմով ջրօգտագործման թույլտվության տրամադրումը, բացասական ազդեցությունը արդեն իսկ ջրթույլտվություն ունեցող մյուս հէկերի վրա, ինչի արդյունքում երեք հէկերը չեն կարողացել շահագործվել՝ կրելով էական վնաս:

Գլխավոր դատախազն Էրիկ Գրիգորյանին առաջարկել է գործադրել նախարարության լիազորությունների մեջ մտնող գործիքակազմերը՝ նշված իրավախախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար՝ նկատի ունենալով, որ տեղ գտած խախտումների և դրանց հետևանքների վերացումը մտնում է ԲՆ լիազորությունների մեջ և կապված չէ քրեական գործի վերջնական ընթացքից:

Այս գրության հիմա վրա նախարար Էրիկ Գրիգորյանը այս տարվա հուլիսի 4-ի հրամանով անվավեր է ճանաչել «Անի» ԲԲԸ-ին տրված 2017թ. ջրաօգտագործման թույլտվությունը: Նախարար Գրիգորյանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ընկերությունը ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկում չի ներկայացրել ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը, սակայն տրամադրվել է ջրթույլտվություն:

«Նախարարն առավելագույնը կարող էր ուղղում մտցնել և ասեր, որ մենք այսինչ-այսինչ ամիսներին չաշխատենք: Նախարարին հարցնում եմ, նա պատասխանում է, որ իրեն խորհուրդ են տվել: Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է նախարարին խորհուրդ տալիս»,- հարցնում է Մ. Մանուկյանը:

«Անի» ԲԲԸ-ն Վարչական դատարան է դիմել և ուզում է վերացնել նախարար Էրիկ Գրիգորյանի վերոնշյալ հրամանը:

«Գլխավոր դատախազի կողմից կա կանխակալ և կողմնակալ դիրքորոշում: Եթե մենք ապօրինի ենք աշխատել, ինչու մյուս ընկերություններին նույն պահանջները չեն ներկայացրել: Դատախազությունը հանդես է գալիս որպես պետության և հանրային շահի պաշտպան, ոչ թե մասնավորի: Ինձ մոտ համոզմունք է ձևավորվել, որ գլխավոր դատախազն անձնական շահագրգռվածություն ունի»,- ասում է Մ. Մանուկյանը:

Մեսրոպ Մանուկյանն այս քայլերը «տոտալ հետապնդում» է որակում իրենց նկատմամբ:

«Դատախազությունն անտեսել է հանրային ու պետական շահը, այսինքն՝ եթե մեր բնական ռեսուրսը կարող են ոչ արդյունավետ օգտագործվել, ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրվել, հանրությանը վաճառվող էլեկտրաէներգիան ավելի մաքուր է արտադրվում, գլխավոր դատախազի շահագրգռվածությունն այս պարագայում որն է, եթե իր քայլով պետությանը վնաս է հասցնում»,- պնդում է Մ. Մանուկյանը:

Վերջինս պատմում է, որ իրենք 2010թ. փետրվարի 1-ին դիմել են շահագործման ջրթույլտվություն ստանալու համար, սակայն Բնապահպանության նախարարությունը 30-օրյա ժամկետում չի արձագանքել, այլ թույլտվությունը տրամադրել է մեկ տարի անց՝ մարտի 21-ին: Սակայն իրենք առաջնորդվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջով, այն է՝ եթե վարչական մարմինը ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Այսինքն՝ ԲՆ-ն ընկերությանը որևէ պատասխան չի ուղարկել 30-օրյա ժամկետում, ոչ մի արձագանք չի եղել, ինչի հիման վրա էլ իրենք սկսել են շահագործել հէկը: Թե ինչու է ԲՆ-ն հապաղել և մեկ տարի ձգձգելուց հետո տրամադրել այդ ջրթույլտվությունը, Մ. Մանուկյանը չգիտի:

Բացի դրանից, Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ եթե համարում են, որ իրենք մեկ տարվա համար չեն ունեցել թույլտվություն, ապա շահագործող երեք հէկերը մինչ օրս չեն ստացել շահագործման ջրթույլտվություն: Ուրեմն նրանք ինչպե՞ս են գործում:

««Էրստեդ» ՍՊԸ-ն ունեցել է կառուցման համար ջրթույլտվություն մինչև 2013թ, որից հետո ՀԾԿՀ-ից լիցենզիա է ստացել և առ այսօր չունի շահագործման ջրօգտագործման թույլտվություն և ջրի ծավալներ»,- ասում է նա:

Սահակ Մինասյանը սրան պատասխան ունի: Ջրթույլտվությունը նախկինում տրվում էր կառուցման և շահագործման համար՝ առանձին: «Ամասիա» հէկն առաջին ջրթույլտվությունը ստացել է 2005թ., որից հետո՝ 2009թ.` յոթ ամիսների համար, որը, ըստ նախկին գործող օրենսդրության, պետք է վերաձևակերպվեր 2013-ին: Սակայն 2011-ին օրենսդրության փոփոխությունով ջրթույլտվությունն ուժի մեջ է համարվում, քանի դեռ ուժի մեջ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիան: Հետևաբար, նոր ջրթույլտվություն ստանալու կարիք 3 հէկերը չեն ունեցել:

Բացի դրանից, Սահակ Մինասյանը նշում է, որ հէկի նախագիծը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն է անցնում, որովհետև նախագծով է որոշվում տվյալ տնտեսական գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այս պարագայում ՇՄԱԳ նախագիծը փորձաքննություն անցնելուց ստանում է լրացուցիչ պայմաններ, որպիսիք ապահովելու դեպքում թույլատրվում է շահագործումը: «Էրստեդն» առաջին փորձաքննությունն անցել է 2006-ին որպես բնական հոսքից սնվող հէկ: Ոչ մի այլ պայման չի առաջադրվել այդ հէկին, որն աշխատելու էր բնական հոսքի վրա՝ ոռոգման սեզոնին:

«Մեր փորձաքննությունները մեզ սահմափակումներ չէին տվել այնպիսիք, որպիսիք մենք գերազանցել էինք: Իսկ «Ջրաձորի» փորձաքննության մեջ նշված է, որ աշխատելու է ոչ ոռոգման սեզոնին: Այդ դեպքում պետք է նոր փորձաքննություն անցներ: 2013-ից սկսված բողոքարկել ենք, որ մեր ջուրը մեզ չի հասնում, ջուր չենք ստացել 6 տարի շարունակ»,- ասում է Սահակ Մինասյանը:

«Իրենք որ պնդում են, որ իրենց ջուր չի տված, էդպես չէ: 5 խմ ջրանցքով ապահովելուց և էկոլոգիական թողքը թողնելուց հետո իրենք պետք է ջուրը վերցնեին: Ի սկզբանե, երբ որ վերցրել են, 5 խմ հանված է եղել, այսինքն՝ մեզ տալուց հետո նոր մնացորդային ջուրը պետք է տային իրենց: Իրենք բոլորն էլ իմացել են, որ այդ ջուրը պետք է հոսեր «Ջրաձոր» հէկին, հետո նոր իրենք վերցնեին՝ ինչ մնացել էր»,- հակադարձում է Մեսրոպ Մանուկյանը:

Մեսրոպ Մանուկյանը ցույց է տալիս «հակառակորդ» հէկերին ջրթույլտվությունը մերժելու մասին ԲՆ-ի մի գրություն (այն կնքված և ստորագրված չէր, հեղ․) երբ այդ հէկերի սեփականատերերը դեռևս դիմումներ են գրել Ախուրյանի վրա հէկեր կառուցելու համար: Գրությամբ նշվել է, որ Ախուրյան գետի այդ հատվածում բացակայում են դրական հոսքերը: Սակայն մեր հարցադրմանը, թե այդ դեպքում ինչպես կարող էր ԲՆ-ն նրանց էլ ջրթույլտվություն տրամադրել հէկի կառուցման համար, Մեսրոպ Մանուկյանը պատասխան չունի, սակայն փաստաթուղթ կեղծելու մեղադրանք է հնչեցնում այդ հէկերի ղեկավարների հասցեին:

««Լայթեկո» ՍՊԸ-ն շատ լավ իմացել է, որ մեզ 5խմ/վրկ ջուր տալուց հետո միայն պետք է մնացորդային ջրերը վերցնեին: Գետով ջուրը գնում է, լրացուցիչ ոչ մի տեղից ջուր չի լցվում, իրենք արհեստականորեն կեղծել են տվյալները, երեքի մոտ էլ գետի ջրի քանակը տարբեր է: Խաբել են, որ ջրի քանակները մեծ են, որ հէկը կառուցեն»,- ասում է Մեսրոպ Մանուկյանը:

«Ես չէի կարող կեղծել այդ տվյալները, քանի որ պաշտոնապես դիմել եմ Հիդրոմետ ծառայությանը և այնտեղից վերցրել ջրերի հոսքերի վերաբերյալ շարքերը: Իսկ ջրի քանակի տարբերությունը երեք հէկերի համար նախագծող կազմակերպությունների հաշվարկների մեթոդական տարբերությամբ է պայմանավորված: Ընդ որում՝ մեր հէկը նախագծողը նույն՝ «ԱՆի» ԲԲԸ-ի հէկի նախագծողն է եղել, իսկ մյուս երկու հէկերինը՝ այլ նախագծողներ»,- ասում է «Ֆենհալ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Գևորգյանը:

Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ ընկերությունների արդյունավետությունը նույնպես հաշվի չի առնվում, մինչդեռ հաշվարկվել և պարզվել է, որ մյուս 3 ընկերությունների հէկերը նույն ծավալի ջրից կարող են արտադրել «Ջրաձոր» հէկի ընդամենը 60 տոկոսի չափով:

«Ո՞վ է պետական բարձրաստիճան չինովնիկը, ով իրեն լիազորություն կվերապահի պետական ռեսուրսը ոչ արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետության տարվա կտրվածքով 150 մլն դրամի վնաս հասցնել: Մենք արտադրում ենք ավելի էժան և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա, եթե մենք չենք արտադրում, ջէկն է արտադրում ավելի թանկ և կեղտոտում է մթնոլորտը: Այդ չինովնիկներն այդ լիազորություններն ունեն, որ պետությանն այսքան վնաս հասցնեն»,- հարցնում է Մ. Մանուկյանը:

Դրվագ 2. Կառավարությունը պետական նշանակության ջրային համակարգ է մասնավորեցրել

2017թ. ապրիլի 13-ին Կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշում է կայացնում Ամասիայի համայնքում գտնվող 1882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքներն սպասարկող կառուցվածքները «Անի» ԲԲԸ-ին օտարելու մասին:

Այդ գույքն ընկերությանն օտարվել է ընդամենը շուրջ 30 մլն դրամով: Փոխարենն ընկերությունը խոստացել է 400 մլն դրամի ներդրում կատարել համակարգի արդիականացման համար:

Ջրանցքն իր բոլոր ենթակառուցվածքներով ամրակցված է եղել Ջրային կոմիտեին և փոխանցվել էր «Շիրակ» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով՝ որպես Ախուրյան գետի աջափնյա ջրանցք:

«Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման:

Նույն օրենքի 14-րդ հոդվածը հստակ սահմանում է պետական նշանակության ջրային համակարգերի ցանկը, որի 3-րդ և 4-րդ կետերում ներառված են հիդրոտեխնիկական թունելները, ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները: Այսինքն՝ ջրանցքը չէր կարելի սեփականաշնորհել, եթե այն ոռոգում էր 2-ից ավելի համայնք:

Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացել է Պետգույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին:

Հիմա տեսնենք, թե «Անի» ԲԲԸ-ին ինչու էին պետք այս թունելն ու ջրանցքը:

Ոռոգման ջրանցքից ջրառն իրականացնելու և հէկ շահագործելու պարագայում կայանից առաքվող էներգիայի սակագինը 15832 դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի): Իսկ անմիջապես գետից, այսիքն՝ բնական ջրահոսքից ջրառ իրականացնելու դեպքում սակագինը կիսով չափ ավելանում է՝ դառնալով 23753դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի):

Կառավարության որոշումից հետո «Անի» ԲԲԸ-ն դիմել է նոր ջրթույլտվություն ստանալու համար, արդեն ոչ թե ջրանցքից, այլ՝ ջրառը Ախուրյան գետը սահմանելով: ԲՆ-ն այդպիսի ջրթույլտվություն է տվել:

Ջրթույլտվությունը չստացած՝ 2017թ. մայիսի 3-ին «Անի» ԲԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը վերանայելու հայտով: Հայտը բավարարվել է: Մայիսի 17-ին հանձնաժողովը սակագինը վերանայել է:

Մ. Մանուկյանը, սակայն, ասում է, որ այդ ջրանցքն ավելի շատ ջրի կորուստը նվազեցնելու համար են վերցրել, քանի որ հաշվարկել են, որ վերանորոգելուց հետո առնվազն 30 տոկոսով ջրի ծավալները կավելանան, հետևաբար, շատ էլեկտրաէներգիա կարտադրեն:

Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմն ուսումնասիրել էր գործարքը և պարզել, որ գույքի իրական արժեքը վաճառված գնից մոտ 10 անգամ ավելի է. դրա շուկայական արժեքը ոչ թե 30 միլիոն դրամ է, այլ մոտ 245 միլիոն դրամ, և որ ընկերությունը Պետական գույքի կառավարման կոմիտե կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Այս փաստով քրեական գործը դեռ շարունակվում է:

3 հէկերն այս տարվա հունիսին դիմել են ՀԾԿ հանձնաժողով՝ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով: Նրանք նշել են, որ ջրառի կետ Ախուրյան գետ նշելը ԲՆ ջրթույլտվությամբ չի համապատասխանում իրականությանը: Հէկը ջրառն իրականացնում է Աջափնյա ջրանցքի գլխամասի պատվարից, որը եղել և մնում է պետական սեփականություն: Պատվարը, Կառավարության որոշմամբ, չի սեփականաշնորհվել և չկա ջրանցքը սպասարկող կառուցվածքի ցանկում: Հետևաբար, «Անի» ԲԲԸ-ն շարունակում է ջրառն իրականացնել ջրանցքի պատվարից:

Հարուցված վարույթի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունիսի 25-ին Ամասիա համայնքի նշված կայանում մոնիթորինգ է իրականացվել: Մասնակցել է նաև Ջրային կոմիտեի առաջադրած թեկնածուն: Արդյունքում հաստատվել է, որ Ախուրյանի աջափնյա ջրանցքի ջրառի հատվածում՝ թունելից առաջ, առկա է այն սնուցող «Գ»-աձև բաց ջրանցք՝ ջրաչափական դիտակետով և պատվար:

Վարչական վարույթի շրջանակներում նշվել է, որ այդ հէկի շահագործման համար կան սնուցող ջրանցքի գլխամասային հիդրոկառույցներ, որոնք հանձնված չեն ընկերությանը, և պետական սեփականություն է, ու մեթոդական իմաստով կայանը չի եղել բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հէկ, քանի որ օգտագործել է այլ անձի պատկանող, տվյալ դեպքում՝ պետական սեփականություն հանդիսացող հիդրոկառույցներ:

Եվ այդպես հաշվարկվել է, որ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանքից առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվել է ավելի բարձր սակագնով. ավել է վճարվել շուրջ 400 մլն դրամ՝ ՀԷՑ-ի մոտ առաջացնելով վնաս, որը, համաձայն գործող կարգավորումների, ներառվել է ՀԷՑ ԹԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշված գումարի վերադարձը սպառողներին: Ընկերության սակագինը փոփոխվել է: Բացի դրանից, հանրային շահից ելնելով, այլ պահանջներ է առաջադրվել՝ նշելով, որ ընկերությունը ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել կայանը սնուցող կառույցների պատկանելիության վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է տուգանել «Անի» ԲԲԸ-ին 1 մլն դրամով, կատարել վերահաշվարկ՝ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլնիսի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ:

Հանձնաժողովի այս որոշումըն«Անի» ԲԲԸ-ն վիճարկել է Վարչական դատարանում: Դատարանն օգոստոսի 15-ին հօգուտ «Անի» ԲԲ ընկերության որոշում է կայացրել: Սակայն ոչ թե այն հիմքով, որ սխալ որոշում է կայացվել լիցենզիան կասեցնելու վերաբերյալ, այլ արձանագրել է, որ հայցվորը պատշաճ ձևով չի ծանուցվել գործի քննության ժամանակի և վայրի մասին:

Դատարանի գնահատմամբ վարչական մարմինը լսված լինելու իրավունքի լիարժեք ապահովման նպատակով ոչ միայն պարտականություն ունի ծանուցել անձին, այլև ապահովել նաև ծանուցագրով նշված օրը և ժամին անձի լսված լինելու իրավունքը, որպիսի հանգամանքը վարչական մարմնի կողմից ապացուցման կարիք ունի: 

«Անի» ԲԲԸ-ն ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Գլխամաս-պատվար պատկանելության վեճի շրջանակներում Կադաստրի կոմիտեի նախագահ Սահրատ Պետրոսյանը, ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գրության, հայտնել է, որ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների՝ Կառավարության որոշման և պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի հիման վրա «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի անվանումներում առկա չեն գլխամասային հիդրոկառույցներ՝ այդ թվում պատվար անվանումները:

«Կադաստրային գործում առկա ՀՀ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեութամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթերից երևում է, որ պատվարն ամբողջությամբ ներառված չէ «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի ցանկի մեջ»,- տեղեկացրել է Սարհատ Պետրոսյանը:

Բացի դրանից, Կադաստրի կոմիտեի նախագահը հայտնել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին դիմում է ներկայացվել նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերագրանցման պահանջով, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթեր, որոնցում առկա են եղել նաև գլխամասային հանգույց պատվար և բաց ջրանցք շինության անվանումները: Սակայն ներկայացված պահանջը մերժվել է, քանի որ կազմված փաստաթղթերը չեն համապատասխանել պայմանագրի 2-րդ կետում նշված շենք, շինություններին. օրինական դիտարկված պատվար և բաց ջրանցքի վերաբերյալ չի ներկայացվել համապատասխան փաստաթուղթ: Բացի դրանից, դիմումին ներկայացված հողամասի հատակագծում փոփոխված են եղել նախկինում իրավունքի պետական գրանցման ներկայացված հողամասի հատակագծում նշված հողամասի շրջադարձային կոորդինատները:

«Անի» ԲԲԸ-ն օգոստոսի 8-ին Վարչական դատարան հայց է ներկայացրել նաև  Կադաստրի կոմիտեի դեմ՝ վիճարկելով գրանցման մերժումը:

«Մենք որ վերցրել ենք, հասկացել ենք, որ բոլոր կառույցները մերն են: Մենք գրել ենք՝ Ախուրյանի ջրանցքի գլխամասից մինչև տվյալ կետը: Հիմա էլ դիմել ենք դատարան, ասում ենք՝ պետգույքին էլ կանչեք, մենք պայմանագիր ենք կնքել, մեր պարտականությունները կատարել ենք, դուք ինչու չեք կատարում»,- ասում է Մ. Մանուկյանը:

Վերջինս խոստովանում է, որ ջրանցքի համար մի քանի անգամ ընկերությունը դիմել է Կառավարություն: Այն ժամանակ Մանուկյաններին մերժել են, ասել են, որ ջրանցքը չի կարող սեփականաշնորհվել: Հետո, երբ Ամասիան հարևան գյուղերի հետ խոշորացվել է և դարձել է մեկ համայնք, ինչը ջրանցքի կարևորությունը նվազեցնում է, համաձայն օրենքի, և ջրանցքը դառնում է մեկ համայնքի նշանակության, օտարումը թույլատրելի է: Գործը գլուխ է բերվել Կարեն Կարապետյանի օրոք, և ներդրումների ավելացման և 11 այլ պայմանների առաջադրմամբ ջրանցքն օտարվել է:

«Մենք 120 մլն դոլարի ներդրում ենք կատարել, և եթե կառավարությունը կամ այսօրվա իշխանությունը գտնում է, որ նախորդ կառավարությունը սխալ որոշում է կայացրել, թող այդ որոշումն անվավեր ճանաչեն և մեր կատարած ներդրումները հետ տան մեզ, և պիտի տան»,- ասում է Մ. Մանուկյանը:

Այսպիսով, «Անի» ԲԲԸ-ն 4 գերատեսչության դեմ այժմ դատական վեճերի մեջ է՝ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (վիճարկում է 2018թ. ստուգման ակտը), Կադաստրի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Եվս 2 դրվագով քրեական գործեր են քննվում:

Լուսանկարներն ու տեսագրությունը՝ Անի Սարգսյանի

Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter