HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց միջազգային և ազգային վարորդական վկայականներով Հայաստանում բիզնես գործունեությունը արգելող նախագիծը

Հայաստանը ցանկանում է արգելել իր տարածքում միջազգային վարորդական վկայականների միջոցով բիզնես գործունեությունը։

Խորհրդարանում այսօր քննարկվեց Կառավարության ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը։

Նախագծի հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ այս փոփոխություններով Հայաստանի տարածքում կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով՝ բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

«Նշված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Քոչարյանը, ապա մանրամասնեց։

«Կարծում եմ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները ՌԴ-ում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ է այն չի լուծվում, մենք ավելի առաջ ենք ընկնում և հստակ ամրագրում ենք, որ եթե կապահովվի փոխադարձության սկզբունքը, մենք ևս այս բացառությունը կանենք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Հովհաննես Քոչարյանը։

Ըստ փոխոստիկանապետի՝ Հայաստանի հետ միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող այլ երկրներում տրված վարորդական վկայականը կհամարվի գործող, եթե ներկայացվի հայերեն թարգմանությամբ։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք զբոսաշրջիկների կամ Հայաստանում մասնավոր այցով գտնվող անձանց վրա ևս նման արգելք լինելո՞ւ է, և վերջիններս պե՞տք է հայերեն թարգմանեն վարորդական վկայականը, ինչին Քոչարյանն արձագանքեց.

«Նրանք նման պարտականություն չունեն, Վիեննայի կոնվենցիայի անդամ պետություններից ստացված վկայականները պարտավոր չեն թարգմանել, իրենց երկրների վարորդականներով կարող են երթևեկել։ Խոսքը միայն այն երկրներին է վերաբերվում, որոնք չեն հանդիանում այս կոնվենցայի անդամ»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիները պարբերաբար դժգոհում են, որ չեն կարողանում հայկական վարորդական վկայականներով բիզնես գործունեություն ծավալել ՌԴ տարածքում։

Այս խնդրի առնչությամբ խորհրդարանում խոսել է թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանը, թե՛ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ բնորոշելով այն որպես խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որի քաղաքացիները չեն կարողանում հայկական վարորդական վկայականներով բիզնես գործունեություն ծավալել ՌԴ տարածքում՝ չնայած ըստ ԵԱՏՄ օրենքների՝ նման արգելք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա չպետք է դրվեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter