
Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում Միքայել Հարությունյանին ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին ինֆորմացիա տրամադրել
2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովը սկսել է քննել նախկին ու ներկա պաշտոնյաներին և «բավականին արժեքավոր ինֆորմացիաներ է ստացել»։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որն էլ գումարում է դռնփակ նիստեր։
«Մասնակիցները հերթով գալիս են, մենք բազմաթիվ մարդկանց ենք լսել ու շարունակում ենք լսել։ Ոչ արժեքավոր ինֆորմացիա հանձնաժողովը չունի, նույնիսկ այն ինֆորմացիան, որը մեկ այլ մարդու մոտ կարող է արժեք չներկայացնել, մեր հանձնաժողովում իր արժեքը ստանում է»,-ասաց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստերին մասնակցում են ինչպես նախկին, այնպես էլ գործող զինվորականներ։
«Հանձնաժողովն այս պահին մտահոգություն չունի հրավիրյալների գալ-չգալու հետ կապված»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ չկա որևէ հրավիրյալ, որը հրաժարվել է մասնակցել նիստին։ Անդրանիկ Քոչարյանը նաև համոզմունք հայտնեց, որ բոլոր հրավիրյալներն էլ մասնակցելու են նիստերին, նույնիսկ՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Դեռ իրեն չենք կանչել, բայց համոզված եմ՝ գալու է»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ հրավիրյալներից միայն Միքայել Հարությունյանն է, որը երկրում չէ, սակայն վերջինիս կոչով դիմեց։
«Միքայել Հարությունյանը մարտի մեկի դեպքերով լքել է Հայաստանը, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոն է զբաղեցրել, մեր հանձնաժողովն իրեն հարցեր ունի։ Եթե մարտի մեկի դեպքերով փախավ Հայաստանից, գոնե այս մի գործողությամբ թող ցույց տա, որ Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել որպես զինվորական»,-ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են հրավիրվել հանձնաժողով և նրանցից ովքեր են եկել, միայն ընդգծեց՝ «հանձնաժողովը որևէ մեկին բաց չի թողնելու»։
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: Հիշեցցնենք, որ մինչ այդ վարչապետ Փաշինյանը, խոսելով դատաիրավական համակարգի խնդիրների մասին, ասել էր, որ իր կարծիքով՝ ժամանակն է, որ խորհրդարանը ստեղծի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան պատերազմի հանգամանքները:
Մեկնաբանել