HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը։ Տեղյա՞կ եք, որ երկու տարի Վարչական դատարանում վիճարկվում է Լիդիանին տրված լիցենզիան»,- ասաց նա՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ձեր արտաբերածն ավելի շատ պնդման էր նման, քան թե հարցի, նույն տրամաբանությամբ վերցնեմ մի հատված Ձեր հարցից, ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով, Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով ձևավորված ԱԺ-ում լինել պատգամավոր»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ Ամուլսարի վերաբերյալ ֆեյսբուքյան իր վերջին եթերին, որտեղ նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Կառավարությունը դեռ չի ստացել։

«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ թե՛ Ամուլսարի, թե՛ ցանկացած հարցի վերաբերյալ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Մենք խոսում ենք իրավական պետության մասին, հարցին կա բնապահպանական, սոցիալական, տնտեսական մոտեցում, դրանց բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը։ Կարծում եմ՝ չկա ՀՀ-ում որևէ մեկը, որ կարող է մեզ մեղադրել, որ մեր Կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ ու հետամուտ չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի պետական և ազգային շահը եղել է առաջնահերթություն ու լինելու է այդպես։ Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը, և էդպես ճաշակով, էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց՝՝ թույլ չի տա որևէ մեկին Հայաստանը հռչակել որպես ոչ պետություն, Հայաստանը պետություն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը բոլորը պետք է «ականջներին օղ անեն»։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter