
Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու Քննչական կոմիտեի (ՔԿ) միջորդությունը: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից:
Նշենք, որ խափանման միջոցի գործով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ սեպտեմբերի 12-ին:
Լևոն Սարգսյանը ՔԿ-ում քննվող գործով մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրան վերագրվում են Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և 311.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը) նախատեսված արարքները:
Նշենք, որ Լևոն Սարգսյանը հետախուզման մեջ է, ավելի վաղ մեղադրյալ է ներգրավվել նաև Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով նրա նկատմամբ արդեն իսկ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը: Այսինքն՝ ստացվում է, որ երկու տարբեր քննչական մարմիններում քննվող քրեական գործերով նրա նկատմամբ կալանքի երկու որոշում է կայացվել:
Մեկնաբանել