
Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում
Թբիլիսյան փաբերի փողոցն անտակ է:
Այստեղ կարելի է տեսնել ամենաերիտասարդ արբեցողին եւ ամենամոլի ծխողին, եւ մեքենան փողոցի նեղության հետեւանքով կարող է քսվել վերարկուիդ, եւ վարորդը զարմացած աչքերով նայի քեզ ու չնկատի, որ փողոցում ու մայթերին ազատ ճանապարհ չկա:
Նստել այստեղ կարող ես մի քիչ փնտրելուց հետո. ամեն տեղ նեղվածք է, բայց եւ տաք ու հաճելի:
Ջազային երաժշտությունը լցվում է մեջդ, հետո կամաց-կամաց դու երգելու ցանկություն ես ունենում, իսկ այստեղ դա երբեք չի արգելվում. քաղաք, որ երգ է տալիս եւ երգելու հնարավորություն:
Բարի մենեջերը քառասունն անց կլորիկ, սպիտակամաշկ Լալին է:
Լալին գիտի, որ մենք հայեր ենք, մենք գիտենք, որ նա ամուսնացած չէ. Լալին պատմում է ընկերներից:
Մյուս սեղանի հետ կապող բառը «գենացվալե» -ն է, եւ մենք ժտում ենք իրար:
Հեռավորություն կա, որ հաղթահարելի է. չհասկացվածության սինդրոմ այստեղ գոյություն չունի. թիֆլիսցիները, իրապես կարողանում են մշտապես մնալ տեսակի մեջ, իսկ նրանց տեսակը, ինչպես քաղաքը` կամ լավ լուսավորված է, կամ մութ. բայց ճարտարապետական եւ ոչ մի փոփոխություն:
Ռուսթավելին ամենալուսավորված ճարտարապետական կառույցն է. պառլամենտի շենքը պարսպապատ չէ, ճիշտ փաբի կողքի սեղանի պես, որ ազատորեն կիսվում են հետդ, պատմում հայերից` իրենց ընկերներից, որ տարին մեկ անգամ հազիվ են այստեղ լինում:
Պառլամենտի շենքը նույնպես լուսավորված է եւ միայն ճակատային մասում, որտեղ դեռեւս պահպանվում է սովետական խորհրդանիշը, լույս չկա, բայց մթությունը քեզ ավելի է թույլ տալիս խորանալու պատմության, պառլամենտի ու քո կողքին ավտոբուսում քնած թափառաշրջիկի մեջ:
Իսկ թափառաշրջիկներն այստեղ առաջին օրերին շատ թվացին:
Հետո ես հասկանում, որ նրանք պարզապես կարողանում են երեկոյան քնել ավտոբուսների մեջ, քանի որ հերթափոխի դուրս եկած «կոնտրոլյորներն» այս ժամերին սովորաբար չեն հսկում ավտոբուսը:
Հսկողությունն աննկատ է այս քաղաքում. քաղաք, որն ապրում է լուսավորության մեջ եւ մթնեցնում այն, ինչն ուզում է գրողի ծոցն ուղարկել, բայց դեռ պատրաստ չի ամբողջովին վերարտադրվելու:
Լալին հարցնում է `կարելի է մեր սեղանի շուրջ նստել, իսկ մենք ոգեւորված ենք, քանի որ վիսկին ավելի էժան է, քան գարեջուրը: Եւ երրորդ բաժակն արդեն դատարկում ենք Լալիի հետ:
-Դուք էլ հա՞ ամուսնացած չեք:
-Չէ, ամուսնացած չենք:
-Հմմմ...Լավ է, քանի դեռ լավ ամուսին չես ճարել,-մազերը շոյելով`կիսվում է Լալին:
-Լավը հարատեւ չէ. կարգավիճակն իրենն անում է. սեղմում է , եւ դու ձանձրանում ես:
-Հա, ես երջանիկ եմ մանկությունիցս սկսած. երբ ինտելեկտուալ ընտանիքում ես մեծանում, ամեն բան այլ կերպ է լինում. ընկերներդ են քեզ շրջապատում:
-Ուզում ես ունենալ ամուսին, ուրեմն չես ունենա ոչինչ ... Ես չեմ ուզում ունենալ ոչինչ,-ծիծաղում եմ ես`հիշելով ընկերներիցս մեկի խոսքերը...
շարունակելի
Մեկնաբանել